Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրցիների համբերությունը սպառվել է

Ապրիլ 30,2008 00:00

Ոռոգման ջուր չունենալու պատճառով մարզի հողերն անմշակ են

Երեկ Արմավիրի մարզի Վարդանաշեն, Արազաբ, Երասխահուն եւ Մարգարա գյուղերի մոտ 250 բնակիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ փակելով ճանապարհները: Նրանք սպառնում էին ճանապարհը փակել, ավտոմեքենաներ շրջել ու հրկիզել, եթե մարզպետարանն իրենց ոռոգման ջրի խնդիրը չլուծի: Գյուղացիները վրդովված էին.«Դանակը ոսկորին է հասել: Որքա՞ն կարելի է գյուղացուն արհամարհել: Քանի տարի է՝ ոռոգման խնդիր ունենք: Ջուր չունենալու պատճառով հսկայական հեկտարներ անմշակ են մնում, բա գյուղացին ո՞նց պետք է ապրի»: Վարդանաշենի բնակիչներից մեկի ներկայացմամբ՝ «600 հեկտար հողատարածք ունեմ, բայց կարողանում եմ ջրել ընդամենը 40-ը»: Արմավիրցիների խոսքերով, այսօր գյուղացիներից շատերը հողերը մշակելու, ցանելու համար գյուղատնտեսական վարկեր են վերցրել՝ հույսով, որ բերքահավաքից հետո կմարեն, բայց՝ «ջուր չունենալու պատճառով մեր ողջ աշխատանքը ջուրն է լցվում»: Ցուցարարներից մեկի խոսքերով էլ, մարզպետարանը պարարտանյութ ու ջուր չտալով, գյուղացիներից վրեժ է լուծում այն բանի համար, որ նախագահական ընտրություններին, մասնավորապես այդ գյուղերում, Լեւոն Տեր-Պետրոսյանն է շատ ձայներ հավաքել: Ցուցարարները կառավարությունից պահանջեցին վերջնականապես լուծել խնդիրը:

Երեկ նրանց բողոքին արձագանքեցին Արմավիրի փոխմարզպետ Արայիկ Աղաբաբյանը, մարզպետարանի գյուղվարչության պետն ու Ջրային տնտեսության պետական կոմիտեի մի ներկայացուցիչ, որոնք խոստացան հարցը կարգավորել:

«Առավոտի» հետ զրույցում Արմավիրի փոխմարզպետ Արայիկ Աղաբաբյանը վստահեցրեց, որ գյուղացիները երեկոյան ջուր կունենան. «Ջրանցքի մոտ պոմպի խնդիր կա, դրանք արդեն հզորացված են, եւ մինչեւ ժամը 20-ը այդ հարցը կլուծվի»: Մեր հարցին, թե ողջ մարզի ոռոգման խնդիրը ե՞րբ վերջնականապես կլուծվի, պարոն Աղաբաբյանն ասաց. «Դա մեծ ծախսերի հետ է կապված, բայց մեր մարզում շատ կան հին չգործող հորեր, որոնք պետք է վերանորոգենք, որպեսզի հասցնենք այդ գյուղերի հողատարածքները ոռոգել»: Ինչ վերաբերում է արմավիրցիների այն պնդումներին, թե մարզպետարանը ջուր կամ պարարտանյութ չտալով վրեժ է լուծում մարզի որոշ գյուղերի բնակիչներից, փոխմարզպետն ասաց. «Դա իրականությանը չի համապատասխանում: Միայն չուզողները կարող են նման բան ասել: Ամոթ է, որ նման բան է մտքներով անցնում»:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրօգտագործողների ընկերությունների աջակցող խմբի համակարգող Կարեն Դադոյանի վստահեցմամբ, խնդիրն աննախադեպ շոգերի հետ է կապված. «Եղանակային պայմաններից ակունքների ջրերը նվազել են: Հողի խոնավությունը 10% է, ուրեմն 90-ը մենք պետք է ապահովենք ոռոգումով, ինչն անհնար է՝ տեխնիկա եւ ջրի մեծ պաշարներ չունենալու պատճառով: Քանի որ ջրերը քիչ են, պոմպերը չէին կարողանում ջուր մատակարարել: Հիմա խողովակները երկարացրել ենք, որպեսզի ջուրը կարողանանք տեղ հասցնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել