Ավանի բնակիչների նախաձեռնությամբ՝ Տարոն Մարգարյանը երկրորդ անգամ է առաջադրվել համայնքի ղեկավար
2005-ին, երբ Տարոն Մարգարյանն առաջին անգամ որոշեց մասնակցել համայնքի ղեկավարի ընտրություններին՝ որպես թեկնածու, շատերը թերահավատությամբ գլուխները տմբտմբացրին՝ «Ախր, շատ ջահել է, ի՞նչ կարող է անել»: Համայնքի ղեկավարի պաշտոնում երեք տարիների աշխատանքից հետո ավանցիները տեսան, որ նրա երիտասարդ լինելն ավելի օգտակար եւ արդյունավետ էր համայնքի համար: Տարոն Մարգարյանն իր ողջ եռանդը եւ գիտելիքները, մարդկային հատկանիշները կարողացավ գործադրել ի նպաստ իր ղեկավարած համայնքի բարեկեցության եւ բարգավաճման: Հիմա ավանցիներն իրենք են նախաձեռնել, որ Տարոն Մարգարյանը կրկին մասնակցի ՏԻՄ հերթական ընտրություններին: Ի դեպ, Ավան համայնքի ղեկավարի պաշտոնի համար այլ թեկնածուներ առաջադրված չեն, իրենք՝ ավանցիները, սա բացատրեցին այսպես. «Ուրիշ ո՞վ առաջադրվի, եթե մենք Տարոն ունենք»:
Երեկ այցելեցինք Ավան՝ տեղում համոզվելու՝ Տարոն Մարգարյանն իրո՞ք լավ է աշխատել, իրո՞ք վայելում է ավանցիների սերն ու հարգանքը եւ արժանի՞ է կրկին ղեկավարելու համայնքը:
Մեր զրույցները Ավանի բնակիչների հետ մեզ հուսախաբ չարեցին:
Կարեն Սիմոնյան, կենսաթոշակառու, Դուրյան թաղամասի բնակիչ. «Ջահել, սիրուն տղա է մեր թաղի ղեկավարը, բայց իր գործը լավ գիտի, մարդու հետ շփվելու շնորհք ունի, մեծ ու փոքր է ճանաչում: Տես, այ էս նստարանը, որի վրա ես ու դու նստած ենք, Տարոնի շնորհքն է, ամեն մեկի մասին մտածել է, մեր էս այգին ավանցիներիս հպարտությունն է, թոռներիս հետ գալիս եմ, նստում ծառի շվաքին եւ օրհնում եմ Տարոն Մարգարյանին եւ նրա ծնողներին»:
Անահիտ Ավագյան, բժշկուհի. «Մենք տխրությամբ տեսանք, թե ինչպես մայրաքաղաքի կանաչ գոտիները կամաց-կամաց վերացան, որոշ տեղերում վերացան ընդհանրապես, բայց մեր համայնքը ուղղակի ծառերի մեջ է, եւ չեք գտնի որեւէ շենք կամ շինություն, որը կառուցվել է կանաչ տարածքների հաշվին: Մեզ մոտ իսկական «ամառանոցային» բնություն է, եւ հաճախ չենք էլ ուզում իջնել քաղաք, այստեղ էլ կարգին սրճարաններ կան եւ մաքուր օդ: Կարծում եմ, համայնքապետի անձից շատ բան է կախված, իսկ մեր թաղապետը իր գործը գիտի եւ լավ է աշխատում, ապրի ինքը»:
Տիկին Ջուլյա, նախկին մանկավարժ. «Տարոնը իմ աշակերտներից է, ինքը շատ լավ տղա է եւ լավ մարդ, իզուր չէ, որ մենք բնակիչներով ենք նախաձեռնել, որ ինքը դարձյալ առաջադրվի համայնքի ղեկավար, մենք մեզ լավ ենք զգում, երբ մեր համայնքը ղեկավարում է կիրթ եւ ազնիվ մարդ»:
Անդրանիկ Կիրակոսյան, Հայրենական պատերազմի վետերան. «Ես հարգում եմ վաղամեռիկ վարչապետին եւ ամեն առիթով այցելում եմ Պանթեոն: Վերջերս էլ իմացա, որ Պանթեոնի տարածքը բարեկարգել, ծաղկացրել եւ նստարաններով ապահովել է հենց Տարոնը: Էստեղ են ասում՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում»:
Նախընտրական շտաբի պետ Գագիկ Մելիքյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Ավանում արդեն գործում է 1 կենտրոնական եւ 15 թաղամասային շտաբ: Ավանում ընտրությունների օրը կլինի 19 ընտրական տեղամաս, նախընտրական բոլոր աշխատանքներն արդեն ավարտված են: Ըստ շտաբի պետի. «Խիստ անհրաժեշտություն չենք զգում թեկնածուին հատուկ ներկայացնել ընտրողներին, այստեղ Տարոն Մարգարյանին շատ լավ են ճանաչում, նրա կատարած գործերը մարդիկ մեզնից լավ են ներկայացնում, քանի որ իրենք ամեն օր վայելում են այդ գործերի արդյունքը: Բնակիչները գնահատել են Տարոնի աշխատանքը եւ մեզ մնում է ընդամենը ժողովրդավարության սկզբունքներին համահունչ ընտրություններ կազմակերպել: Այս ընտրարշավի ընթացքում եւ ընտրությունների օրը մենք լինելու ենք թիվ 1 ընդդիմադիրը հանձնաժողովներում եւ ընդհանրապես, որպեսզի անօրինականություններ չլինեն, եւ որեւէ մեկը կասկածի տակ չդնի ընտրությունների անցկացման արդարությունը եւ թափանցիկությունը: Մայիսի 18-ին՝ ընտրության օրը, մենք ժողովրդավարության եւ ժողովրդավարական ընտրությունների օրինակ ենք ցույց տալու: Բնակիչները գալիս են շտաբներ, իրենց անունից բազմաթիվ խոստումներ եւ հավաստիացումներ են տալիս, որ իրենք պատրաստ են միահամուռ մայիսի 18-ին գնալ ընտրության եւ ընտրել Տարոն Մարգարյանին: Չմոռանանք, որ այս առաջադրումը եղել է բնակիչների նախաձեռնությամբ, մարդիկ իրենք են գնահատել Տարոնի կատարած աշխատանքը եւ այսուհետ եւս ուզում են, որ հենց նա ղեկավարի իրենց համայնքը: Իհարկե, ցանկալի կլիներ, որ մրցակից լիներ, բայց միայն երկրորդ թեկնածուի առկայությունը չէ, որ խոսում է ժողովրդավարության մասին»: Մեր հարցին՝ չի՞ կարծում, որ ավելի ճիշտ կլիներ, եթե ակտիվ ընդդիմադիր ուժերից մեկը հանդես գար թաղապետի սեփական թեկնածուով, Գագիկ Մելիքյանն ասաց. «Մեզ համար ցանկալի է մրցակից ունենալը, բայց չեմ կարծում, թե դա պարտադիր է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար: Մեզ համար ցանկալի է նաեւ կառուցողական ընդդիմության հետ աշխատելը, իհարկե, երկրորդ թեկնածուի բացակայությունը նաեւ բարձրացնում է առաջադրված թեկնածուի պատասխանատվությունը. սա նշանակում է, որ ինքը պարտավոր է ավելի շատ եւ ավելի լավ աշխատել, քանի որ մարդիկ իրեն ընտրել են»: