Լրահոս
Օրվա լրահոսը

Պատիվ են պահանջում

Ապրիլ 30,2008 00:00

ՍԴՀԿ-ն քաղաքապետարանից խելամիտ պատասխաններ է ակնկալում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը դիմել էր Երեւանի քաղաքապետարան՝ իրազեկելով, որ մայիսի 1-ին, ժամը 13-16-ը, կուսակցությունը որոշել է Ազատության հրապարակում անցկացնել 30 րոպեանոց հանրահավաք, երթ՝ Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ-Իտալիայի-Նալբանդյան-Թումանյան փողոցներով, ապա նորից 30 րոպեանոց հանրահավաք Ազատության հրապարակում: Ակցիան նվիրված էր լինելու մայիսմեկյան տոնակատարություններին: Ինչպես ակնկալվում էր, Երեւանի քաղաքապետարանը՝ ի դեմս լիազոր ներկայացուցիչ Գ. Բաղդասարյանի, մերժել է ՍԴՀԿ-ին: Պատճառաբանությունն այսպիսին է. «ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության 25.04.2008թ. թ. 39/ 992 պաշտոնական եզրակացության համաձայն՝ ՀՀ ԱԱԾ հավաստի, ստուգված տվյալները վկայում են այն մասին, որ նշված զանգվածային միջոցառման անցկացումը թույլատրելը կհանգեցնի պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության եւ բարոյականության խաթարմանը, սահմանադրական իրավունքների եւ ազատությունների ոտնահարմանը, անկարգությունների ու հանցագործությունների հանգեցնելու դեպքերի»: ՍԴՀԿ-ն արդեն չորրորդ անգամ է նման բովանդակությամբ մերժում ստանում, իսկ, ընդհանրապես, այսօրինակ բովանդակությամբ արդեն 26 հասարակական եւ քաղաքական նախաձեռնություն է մերժվել:

Ելնելով վերոնշյալ փաստից, ՍԴՀԿ-ն «Առավոտի» միջոցով հետեւյալ հարցերն է ուղղում Երեւանի քաղաքապետարանին. «Քաղաքապետարանում տեղյա՞կ են, որ մայիսի 1-ը օրենքով սահմանված պետական տոն է: ԱԱԾ-ն, ոստիկանությունը եւ քաղաքապետարանը համարում են, որ հասարակությունը եւ կուսակցությունները իրավունք չունե՞ն համաժողովրդական տոնին մասնակցելու. տոնելու իրավունքը վերապահված է միայն իշխանությունների՞ն: ԱԱԾ-ն եւ ոստիկանությունն ի՞նչ հավաստի տվյալներ ունեն միջոցառումը ՍԴՀԿ-ի կողմից անկարգությունների վերածելու մասին: Ապրիլի 19-ի հանրահավաքը՝ Մանկական այգում, եւ ապրիլի 24-ի երթը դեպի Ծիծեռնակաբերդ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, արդյոք վերածվեցի՞ն իշխանության բռնազավթման, սահմանադրական կարգի բռնի տապալման, ազգային, ռասսայական, կրոնական ատելության բորբոքման, բռնության կամ պատերազմ քարոզելու, զանգվածային անկարգությունների, հանցագործությունների կատարման եւ այլ մահացու մեղքերի: Քաղաքապետարանը, ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը տեղյա՞կ են, որ արտակարգ դրությունը երկրում արդեն հանված է, եւ քաղաքական ու հասարակական նախաձեռնությունների բոլոր մերժումները հակասահմանադրական են եւ օրենքի լրջագույն խախտումներով: Ձեր կարծիքով, համատարած, շարունակական մերժումները լիցքաթափո՞ւմ են հասարակությունում առկա լարվածությունը, թե՞ ավելացնում եւ սրում են հակասությունները»: Չի բացառվում, որ ՍԴՀԿ-ն՝ իբրեւ կուսակցությանը հասցված վիրավորանք, նաեւ դատարանում վիճարկի քաղաքապետարանին՝ ԱԱԾ-ի տրամադրած տեղեկատվությունը, որ կուսակցության նախաձեռնությունները վերածվելու են անկարգությունների, սահմանադրական կարգի տապալման կամ բռնի կերպով իշխանության բռնազավթման:

Արդեն որերորդ անգամ է՝ նույնիսկ մասնավոր կազմակերպությունները մերժում են դահլիճ տրամադրել նաեւ մի շարք հասարակական կազմակերպությունների նախաձեռնած՝ «Իրավական նախաձեռնություն. ընտրություններ 2008» թեժ գծի գրասենյակին: Այս նախաձեռնությունն ընտրական ողջ շրջանում անվճար իրավական խորհրդատվություն է տրամադրել քաղաքացիներին: Նման նախաձեռնություն եղել է նաեւ 2007-ի ԱԺ ընտրությունների ժամանակ, եւ որեւէ միջոցառման կազմակերպման համար խնդիրներ չեն առաջացել: Սակայն արտակարգ դրությանը հաջորդած շրջանում նույնիսկ այսօրինակ հասարակական նախաձեռնությունների առջեւ են դռները փակվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել