Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆ, ՈՐ, ԻՐՈՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ

Ապրիլ 30,2008 00:00

\"\"Զգուշացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը

– ԲՀԿ-ն Հանրապետականի հետ պայքարեց մեկ միասնական թեկնածուի հաղթանակի համար, այն դեպքում, երբ ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը իրենց ընդդիմադիր ելույթներով շատ շահեկան վիճակում էին, ժողովրդահաճո բաներ էին ասում, մարդիկ էլ ուրախանում էին, որ քննադատում են իշխանություններին: Սակայն այսօր ձեր կուսակցությունը ավելին չունի քառակողմ կառավարության մեջ, քան մյուսները, մի տեսակ վիրավորվածության պահ չկա՞ ձեր մեջ:

– Մեզ մոտ նեղվածություն չկա, բոլորը պետք է իմանան՝ ե՛ւ լրագրողները, ե՛ւ ժողովուրդը, որ մեր հիմնական պայքարը, մեր ծրագիրը, մեր գաղափարը, մեր սկզբունքը այն է, որ մենք կարողանանք ծրագրեր իրականացնել, ժողովրդին մտահոգող խնդիրները լուծել, ամրապնդել երկիրը, որպեսզի ժողովրդի վիճակը բարելավվի, բարգավաճի: Այսօր մենք կանգնել ենք Հանրապետականի կողքին թե բարոյապես, թե մարդկայնորեն եւ ոչ թե միայն ստորագրած թղթով: Բոլորը պետք է զգան, որ մենք այս կուսակցությունը ստեղծել ենք ոչ թե մեր անձնականի համար, ի շահ մեզ, այլ՝ բոլորի համար, երկրի համար, ժողովրդի համար, եւ եթե մեր կատարած գործերը տեսնում եք, մենք այդ բոլորը անում ենք երկրի համար, ժողովրդի համար: Մենք դա կանենք մինչեւ վերջ, պայքարելու ենք մեր երկրի, մեր ժողովրդի համար: Բոլորը պետք է իմանան, որ, իրոք, ժողովուրդը խնդիրներ ունի, ժողովրդին խոստումներ ենք տվել, ծրագրեր ենք ներկայացրել, եւ դա պետք է իրականանա, եւ մենք դա անում ենք ոչ թե մեր անձի համար, մեր ընտանիքի համար, մենք դա ուզում ենք անել մեր երկրի համար, ժողովրդի համար:

– Հայտնի է, որ անձամբ Գագիկ Ծառուկյանը վարչապետի բոլորովին այլ թեկնածու ուներ, այսօր արդեն կա գործող վարչապետ, ձեր կարծիքը նշանակված վարչապետի մասին, ինքը հենց ա՞յն մարդն է, որի համար դուք նախընտրական շրջանում պայքարում էիք:

– Հարգելի լրագրող, ասեմ նորից, այդ իրավունքը (վարչապետ նշանակելու- Մ.Ե.) պարոն Ծառուկյանինը չի եղել, այդ իրավունքը եղել է Հանրապետական կուսակցությանը: Պարոն Ծառուկյանը վարչապետի թեկնածու էլ չի ունեցել, քանի որ դա մեր տեղը չի եղել, մենք չափից ավելի մեր ոտքը չենք գցում: Եթե, իրոք, դա մեր տեղը լիներ, մենք կմտածեինք դրա շուրջ: Քանի որ դա քոնը չի, դու բարոյապես իրավունք էլ չունես մտածելու: Հանրապետական կուսակցությունը, Սահմանադրության ընձեռած հնարավորությամբ, պետք է որոշեր այդ հարցը, իրենք էլ որոշել են եւ իրենք էլ պետք է պատասխան տան դրա համար: Որովհետեւ իրենց թեկնածուն է, առանց քննարկման իրենք նշանակել են: Երբ որ մեծամասնությունը ԲՀԿ-ինը լիներ, այդ ժամանակ ինչ որ ասել ենք, տեղին կլիներ, ժամանակին կլիներ, զգալի եւ նկատելի կլիներ: Իսկ այժմ ամեն մեկն էլ պետք է իմանա, որ դա մեզնից կախված չի եղել:

– Մարտի 1-2-ի դեպքերը բավականին լուրջ հետք թողեցին մեր հասարակության վրա, այժմ շատ լարված իրավիճակ է մեր հասարակության մեջ: Դուք՝ որպես կուսակցության ղեկավար, գործարար, պատգամավոր, անձամբ ի՞նչ քայլեր եք տեսնում, որ կարելի է անել ժողովրդի վստահությունը ստանալու եւ լարվածությունը մեղմելու համար: Ի վերջո, այս պատմության մեջ արյուն կա, դրա մեղքը ինչպե՞ս պիտի քավվի եւ ո՞վ պիտի քավի:

– Զոհերը եղել են երկու կողմից էլ, բայց հարկավոր է խնդրին լուծում տալ: Եթե ժողովուրդը գնացել է, ուրեմն ինքը խնդիր ունի, ինքը հենց այնպես չէր գնա, դրա համար հարկավոր է երկխոսությամբ, բանակցությամբ հարցերը լուծել: Ի՞նչն էր ժողովրդին դրդել այնտեղ գնալ: Խնդիրը պետք է լուծվի: Անձերը փոխելով հարցը չի լուծվելու: Ես, որպես մարդ, հասկանում եմ, գիտակցում եմ, որ ոչ մեկը հենց այնպես չի հավաքվի, չի գնա: Նրանք խնդիրներ ունեն, խնդիրներ ունեն ապրելու, աշխատելու, կառուցելու, սովորելու, բուժվելու, դրա համար հարկավոր է այդ խնդիրներին ծանոթանալ, այդ խնդիրներին լուծում տալ:

– Հնարավո՞ր է, որ Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը նստեն իրար կողքի եւ խոսեն: Առկա փաստերը, համենայնդեպս, վկայում են, որ ոչ մի կողմն էլ մտադրություն չունի նստել երկխոսության:

– Եթե երկուսն էլ մտադրություն չունեն, ես ի՞նչ անեմ, ասեք:

– Ձեր կուսակցությունից Վահե Հովհաննիսյանը վայր դրեց պատգամավորական մանդատը եւ հայտարարեց, որ անձամբ ձեզ հետ ինքն ունի եւ պահպանելու է բարեկամական հարաբերությունները, կուսակցության համամասնական ցուցակով ո՞վ է հաջորդը գալու խորհրդարան:

– Վահեի հետ մեր հարաբերությունները շատ բարձր են, ես իրեն որպես մարդ գնահատում եմ: Մեր ցուցակում կան մարդիկ, ովքեր ցանկանում են գործադիրում աշխատել եւ ոչ թե պատգամավոր, եւ իրենք դիմել են ինձ: Նրանք մեզ հետ են, մեր կուսակցության անդամներն են, բայց ուզում են գործադիրում աշխատել: Հիմա, կոնկրետ, խորհրդարան է գալու Հարությունյան Ռուբիկը (Աբովյանի բուժհամալիրի տնօրեն- Մ. Ե.):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել