Լրահոս
Օրվա լրահոսը

«Երդվել եմ ՀԳՄ անդամ չդառնալ»

Ապրիլ 29,2008 00:00

Ասում է Գրողների միությունից հիասթափված գրող Հովհաննես Աղաջանյանը

Հովհաննես Աղաջանյանը ներկայումս աշխատում է «Խարակտերներ» դրամատիկական վեպի, «Քրիստոս», «Մարդ աստված» գործերի վրա: «Վասակ եւ Վարդան», «Այաքս», «Մոնա Լիզա», «Մաֆիա». սրանք գրողի հրատարակված գործերից են, իսկ «Հեղափոխական դարը» «Դատավարությունը», «Հայտնություն» դրաման՝ հրատարակվելու համար դեռ սպասում են Գրահրատարակչական գործի գործակալության «բարեհաճությանը»:

«Չեն ուզում տպել, միտումնավորություն է, պարզ ասած՝ մարդկային նախանձ եւ չարակամություն: Գրողների միության անդամ չեմ եւ երդվել եմ՝ չդառնալ: Ախր ինչո՞ւ ՀԳՄ անդամ դառնաս, որ գործերդ տպագրվեն: Չէ՞ որ նշված գործերս 3 հայտնի մարդկանց կարծիքով են ներկայացվել՝ մեկն էլ արտասահմանցի գրող է: Գրահրատարակչական հանձնաժողովը ընդամենը մեկ կարծիքի հիման վրա է չտպագրելու որոշում կայացրել: Կերպարի լեզվական առանձնահատկություններն են քննության դնում, կամ հարցնում են՝ արտասահմանում եղե՞լ եմ, որ այդ գործերը գրել եմ: Շեքսպիրն էլ Անգլիայից դուրս չի եկել, ուրեմն պիտի ոչ «Հուլիոս Կեսարը» գրեր, ոչ էլ՝ «Ռոմեո եւ Ջուլիետը…»,- նկատեց Հ. Աղաջանյանը:

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետն ավարտած Հ. Աղաջանյանը գրականություն է մուտք գործել՝ ոգեշնչված 5-րդ դարով, հատկապես Վասակի կերպարով: «Այդ ժամանակաշրջանը, ուսմունքների գաղափարախոսությունը կապված են մեր ժամանակների հետ: Օրինակ՝ կոմունիստական կուսակցությունը իր գաղափարախոսությունը դարձնում էր ոլորտներ նվաճելու միջոց, հիմա այդպիսի միտումներ ունեն արեւմտյան արժեքները՝ մարդու իրավունքներ, մահապատժի վերացում… Այս գաղափարների տակ շահադիտական նկատառումներ կարելի է տեսնել»,- կարծում է գրողը: Հ. Աղաջանյանի դրամաները հաճախ հիշեցնում են հունական ողբերգությունները: Հետաքրքրվեցինք, թե դա կարելի՞ է կարոտախտ համարել: «Կարոտախտ չէ: Ուղղակի, 2000 տարի առաջ գոյություն ունեցող Այաքսի կերպարը, որն ինքնասպան է եղել՝ սպանելով հովիվ աղջկա, կարելի է ներկայացնել ժամանակակցի աչքերով: Մոնա Լիզան էլ է ժամանակակից մարդու կերպար: Զուգահեռներ եմ տանում, թե 2000 տարվա ռազմիկը ինչպես կարող է խղճի խայթ զգալով ինքնասպան լինել, կամ մեր ժամանակվա մարդը՝ այդպիսի բարբարոսության դիմել»,- հնչեց պատասխանը: Ժամանակակից հայ գրականության մասին էլ մեր զրուցակիցն ասաց. «Մեր գրականության մեջ գերիշխող առանձին ճակատագրերի թեման ժամանակակից մարդու համար չի կարող մեծ հետաքրքրություն ներկայացնել: Մարդիկ հեռուստացույցով այնքան բան են տեսնում: Հետո էլ, 3 մլն-անոց ժողովրդի համար 400 գրո՞ղ կարող է լինել: Ինկուբատորային քաղաքականություն է տարվում: Օրինակ՝ ես երդվել եմ երբեք Գրողների միության անդամ չդառնալ»:

Գրողն անդրադարձավ նաեւ ՀԳՄ դերին. «Դրսի մարդը գուցե շատ ավելի լավ գրող է, քան ՀԳՄ անդամներից շատերը, բայց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի «թրի տակով չի անցել», ուրեմն գրող չէ: Միությունը միայն իրենց ցուցակի մեջ եղածներին է մրցանակ բաժանում: Շան գլուխը հենց այստեղ է թաքնված: Մասնակցել եմ պետական, ՀՀ նախագահի, Վահագնի, Թեքեյան մրցանակաբաշխությանը, բայց՝ ապարդյուն: Կարծում եմ՝ հատկապես պետական մրցանակ պիտի տան այն գործին, որը հասցրել է մեծ ժողովրդականություն վայելել, եւ ոչ թե Լեւոն Անանյանը, Վազգեն Գաբրիելյանը ու մեկ էլ Սերգեյ Սարինյանը նստեն ու մրցանակները մեջ- մեջ անեն: Գրողների միության դերը պիտի սահմանափակել մրցանակակիրներին որոշելու հարցում: Գրողների միության նախագահը Գրահրատարակչական գործակալության խորհրդի անդամ չպիտի լինի: Թող Գրահրատարակչական գործի խորհուրդ լինի, բայց այնտեղ ՀԳՄ-ն դոմինանտություն չանի, որ էդվարդ Միլիտոնյանն էլ երկար տարիներ այդ գործակալության պետ լինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել