Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ «ԲՐԵՆԴԸ» ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ Է ԲԱՐԻ ՀԱՄԲԱՎԸ

Ապրիլ 29,2008 00:00

\"\"Պարի պետական անսամբլը հանդես կգա նոր մոտեցումներով՝ հավատարիմ մնալով ակունքներին

Այսօր Հայաստանում առաջին անգամ Ազգային օպերային թատրոնում՝ պարային պետական կոլեկտիվների մասնակցությամբ, կնշվի Պարի միջազգային օրը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ այն աշխարհում տոնվում է 1982-ից: Այս տարին հոբելյանական է նաեւ 50-ամյա վաստակավոր կոլեկտիվ Պարի պետական անսամբլի համար, որը, ինչպես նաեւ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը, Պետական ջազ-նվագախումբը, Կոմիտասի անվան քառյակը, ԽՍՀՄ տարիներին դարձել էր Հայաստանի մշակութային «բրենդը»: Խորհրդային կայսրության փլուզումից հետո հիշյալ կոլեկտիվները հայտնվեցին կազմալուծման եզրին, ինչին նպաստեց նաեւ Հայաստանում սկիզբ առած մշակութային ոչ ճիշտ քաղաքականությունը: Լավ է, որ գոնե վերջին տարիներին այդ կոլեկտիվները ջանում են ետ բերել իրենց նախկին համբավը:

Ինչ վերաբերում է Պարի պետականի ն, թեեւ անսամբլի առաջին գեղղեկավարն էր ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Մանուկյանը, մինչ օրս անսամբլի անունը ասոցացվում է 1968-93թթ. անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր բալետմայստեր Վանուշ Խանամիրյանի հետ:

Նախկինի պես այժմ էլ այս կոլեկտիվի պարերի բեմադրության շուրջ հնչում են հակասական կարծիքներ՝ ժողովրդական եւ դասական պարերի փոխհարաբերության մասին: Ժամանակին «Առավոտի» հետ զրույցում պարարվեստի ոլորտի մասնագետները միաբերան փաստել էին, որ երբ Վ. Խանամիրյանը բալետից եկավ Պարի պետական, չկար ժողովրդական պարի հարուստ զինանոցից օգտվելու հմտություն, ժողովրդական պարի ոգին ընկալելու կարողություն: Վ. Խանամիրյանը ժամանակին «Առավոտին» խոստովանել է. «Սեղանիս գիրքն էր Սրբուհի Լիսիցյանի «Հայ ժողովրդի հինավուրց պարերը եւ թատերական ներկայացումները» ուսումնասիրությունը, որն անսպառ նյութ է մեր պարերի ծագումը, իմաստն ու ոգին ըմբռնելու համար»:

Մեզ հետ զրույցում Պարի պետական անսամբլի ներկայիս գլխավոր բալետմայստեր Ասատուր Կարապետյանը շեշտեց, որ անչափ կարեւորում են անսամբլի պատմությունն ու համբավը. «Այսօր մյուս բալետմայստերների աշխատանքներն էլ են մնում ծրագրում, օրինակ՝ Խանամիրյանի «Կինտոների պարը», «Էնզելին», «Սուսերով պարը», Գագիկ Կարապետյանի «Հովիվ», «Արցախի» եւ այլն…» Դառնալով ժողովրդական եւ դասական պարերի փոխհարաբերությանը, մեր զրուցակցին հայտնեցինք, որ, օրինակ, իր բեմադրած «Սայաթ-Նովան», որոշ մասնագետների կարծիքով, զուտ ժողովրդական պար չէ: Ի պատասխան՝ Ա. Կարապետյանն ասաց. «Արվեստի ցանկացած տեսակ զարգացում է ապրում, ժողովրդական պարն էլ չպետք է դոփի տեղում: Շատերը ազգային պարը պատկերացնում են տրեխներով ու հայկական զարդանախշ կոստյումներով, մինչդեռ Պարի պետականը էթնոգրաֆիկ խումբ չէ: Ինչպես ժամանակին Սպենդիարյանի «Էնզելիի», Խաչատրյանի «Սուսերով պարի» բեմադրությունները, «Սայաթ- Նովան» էլ արված է հենց ազգային պարի էլեմենտների հենքով: Գլխավորը, որ բեմադրության մեջ երեւա ազգի ոգին, մտածողությունը, տեսակը, խառնվածքը…»: Բալետմայստերը, խոսելով անսամբլում իր մեկ տարվա գործունեության ընթացքում կատարած բեմադրությունների մասին, հավաստիացրեց, որ իր մյուս աշխատանքներում էլ՝ «Կոմիտասի մտորումները», «Իմ Էրիվան», «Ազգային պարերի շարան» եւ այլն, հավատարիմ է մնացել ակունքներին:

Հարցին, թե ե՞րբ եւ ինչպե՞ս կնշվի անսամբլի կեսդարյա հոբելյանը, Ա. Կարապետյանը պատասխանեց. «Համերգներով հանդես կգանք մարզերում եւ Արցախում, իսկ հոբելյանական ծրագիրը կներկայացնենք տարվա վերջին՝ նոր մոտեցումներով, լուսաձայնային էֆեկտներով, շքեղ դեկորներով… Ընդգրկել ենք մեր ազգային պարի ողջ ժառանգությունը՝ սկսած հայկական պարի հեթանոսական շրջանից»:

Հետաքրքրությանն էլ, թե ինչո՞ւ վաստակավոր կոլեկտիվում չկա եւ ոչ մի վաստակավոր արտիստ, պարոն Կարապետյանի պատասխանը հակիրճ էր՝ «Մենք ծանրաբեռնված աշխատում ենք եւ ժամանակ չի մնում այդ ուղղությամբ մտածելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել