Բայց չեն գործելու «Ռոբե՛րտ, հեռացի՛ր» տարբերակով
«Հայացք» ակումբի երեկվա հյուրերն էին ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության վարչության անդամ Անդրանիկ Նաջարյանը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության երիտթեւի նախագահ Անի Սարգսյանը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ներկայացուցիչ Սոնա Մալխասյանը եւ Երիտասարդ դեմոկրատների ազգային լիգայի ղեկավար Կորյուն Գրիգորյանը: Թեման՝ ի՞նչ բացթողումներ է ունեցել Հայաստանի Հանրապետությունը անկախության տասնյոթ տարիների ընթացքում՝ սոցիալիզմի տեսանկյունից:
«Սարգիս Տխրունի» ուսանողական միությունը կազմել էր փաստաթուղթ, որում ներառված էին այդ բացթողումներով: Փաստաթղթի տակ կստորագրեն երիտասարդ կուսակցականները, այնուհետեւ այն կներկայացվի կառավարությանը:
Ա. Նաջարյանի փոխանցմամբ, 17 տարի է՝ սոցիալիստական-ընկերվարական դաշտի առումով մեծ բաց կա. «Հայաստանում վերացել է անվճար կրթությունը: Պետությունը ապահովում է միայն մի քանի անվճար տեղեր բուհերում, որոնք էլ, որպես կանոն, տրվում են պետական չինովնիկների կամ խոշոր գործարարների երեխաներին: Առողջապահական ոլորտը կրթականի հետ համատեղ վերածվել է բիզնես-նախագծի: Պետպատվերով բուժօգնություն ստացող հիվանդների թիվն աննշան է: Ինչ վերաբերում է վճարովի առողջապահական համակարգին, այստեղ հաստատված ֆորմալ եւ ոչ ֆորմալ գները չափազանց բարձր են միջին վիճակագրական քաղաքացու համար: Սոցիալական ոլորտում չափից ավելի ցածր են կենսաթոշակներն ու նպաստները: Աշխատավորների շահագործումը հասնում է ահռելի չափերի, իսկ ՀՀ-ում հաստատված նվազագույն աշխատավարձը հեռու է բավարար լինելուց: Գործազուրկների ահռելի բանակը ամեն տարի համալրվում է բուհերի շրջանավարտներով»: Բանախոսի համոզմամբ. «Պետությունն անում է ամեն ինչ, որ կործանի միջին եւ փոքր բիզնեսը, որ սիրելի գործարարների եւ օլիգարխների համար տնտեսվարման արտոնյալ դաշտ ստեղծի: ՀՀ-ում կա մենաշնորհ, եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գոյությունը չի նկատվում: ՀՀ ռազմավարական օբյեկտները վաճառվել են օտարներին, ինչը հանցագործություն եմ համարում: Մեր երկրում չկա ռազմավարական նշանակության որեւէ ոլորտ, որտեղ պետությունը տիրապետող դիրք ունենա: Շատ դեպքերում բիզնես- գործունեության համար գնված օբյեկտները սկսում են քաղաքական նշանակություն ստանալ տնտեսվարողի կողմից, պետությունն էլ հանցավոր կերպով լռում է»:
Կ. Գրիգորյանի ձեւակերպմամբ, պետությունը պետք է հիմնվի աշխատավորների վրա եւ Հայաստանում ստեղծվի աշխատողներին պաշտպանող իրավական կառույց. «Մինչդեռ ՀՀ-ում կա միայն սպառողների շահերը պաշտպանող միություն, որը ոչ մի արդյունք չի տալիս եւ կարծես լծակներ չունի»: Ըստ Կ. Գրիգորյանի, մարդիկ 8 ժամի փոխարեն աշխատում են 12-14 ժամ եւ հավելյալ չեն վճարվում. «Ի տարբերություն մեր երկրի, այլ երկրներում արտաժամյա աշխատանքի դիմաց, որը միջազգային ստանդարտներով ստրկություն է համարվում, ստանում են կես դրույքի համար նախատեսված աշխատավարձ: Այսօրինակ խնդիրների կարգավորման համար կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի… Այն, որ կառավարությունը կույր ու խուլ է, դա փաստ է, բայց մենք ամենեւին էլ չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել: Երիտասարդությունը պետք է պայքարի, որ Հայաստանում հայ աշխատավորների շահերը պաշտպանված լինեն»: Կ. Գրիգորյանը նաեւ հավելեց, որ չնայած պետության զարգացման հիմքերից մեկը կրթությունն է, սակայն վերջինիս «մասով» կառավարությունը ոչ մի լուրջ քայլ չի ձեռնարկում: «Այժմ երիտասարդական բազմաթիվ ուժեր համագործակցում են միմյանց հետ, որպեսզի միավորվեն ու ավելի կոնկրետ առաջարկներ անեն: Մենք չենք փորձում սարքել «Ռոբե՛րտ, հեռացիր» տարբերակը, կոնկրետ առաջարկներով ենք հանդես գալու: Հուսանք, որ այս փաստաթղթի տակ ստորագրողների թիվը կավելանա: Կապ չունի իշխանությունը լեգիտիմ է, թե՝ ոչ, կամ էլ ընտրել ենք նրան, թե՝ ոչ: Եթե արդեն զբաղեցնում են աթոռը, ուրեմն պարտավոր են մեզ լսել»,- հայտարարեց երիտասարդ դեմոկրատը: