Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԻՐԱԿՈՒՄ «ԲՈՒՆՏ» Է ՍՊԱՍՎՈՒՄ

Ապրիլ 29,2008 00:00

\"\"Ի պաշտպանություն Մուշեղ ու Շոթա Սաղաթելյանների եւ մյուս քաղբանտարկյալների՝ ոտքի կկանգնի մարզի ամենաակտիվ ու համարձակ գյուղը՝ Ձորակապը:

Երեկ Շիրակի մարզի քաղբանտարկյալների հարազատները Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում ասուլիս էին հրավիրել՝ տեղեկացնելու, որ իրենք արդեն օգնության են կանչել սփյուռքահայությանը: Արտերկրում ապրող հայերին ուղղված նամակի մեջ մասնավորապես գրված է. «Բարձրացրեք ձեր բողոքի ձայնը ու ձեր ունեցած բոլոր հնարավորություններով ներգործեք ՀՀ իշխանությունների վրա, այլապես վտանգված կլինի բոլորի հայրենիքը հանդիսացող Հայաստանի ապագան»: Իսկ որ Հայաստանի ապագան լրջորեն վտանգվում է, քաղբանտարկյալների հարազատները առավել լավ պատկերացրել են օրերս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կազմակերպված «շոուն» դիտելով, երբ ազատամարտիկներ Աշոտ Զաքարյանին, Շոթա Սաղաթելյանին ու Պետրոս Մակեյանին դատում էին չկատարած հանցանքի համար:

Մակեյանի եղբայրը՝ Վարդան Մակեյանը, ով Փանիկի գյուղապետն է, հետեւելով դատավարությանը, այնքան լավատես է գտնվել, որ թույլ է տվել իրեն մտածելու, թե վկաների համարձակ ու անկեղծ ցուցմունքերից հետո՝ ուր-որ է դատարանի դռները կբացեն ու ազատամարտիկներին ազատ կարձակեն. «Երկու ամիս մարդկանց բանտերում պահեցին՝ չգիտես ինչի համար: Գործը սարքեցին գիշերով, բայց գոնե ամոթ ունենային հենց ամսի 25-ին ազատ արձակեին: Հատկապես որ, նորից եմ կրկնում՝ մենք ունենք տեսաերիզ ու այնտեղ հստակ երեւում է, որ Արա Արտուշի Մովսիսյանը (խոսքը Շիրակի մարզի Բնապահպանության պետական տեսչության պետի որդու մասին է), որեւէ կապ չունենալով թիվ 34/06 հանձնաժողովի հետ, վստահված անձ չէր, հանձնաժողովի անդամ չէր, հանկարծ սկսում է բարձր տոնով ելույթ ունենալ հանձնաժողովում ու իր պահվածքը վերագրել անմեղ մարդկանց: Մի քանի հոգու նստեցնելով՝ պետության ապագայի հարց չի լուծվելու, այստեղ տղամարդկություն է պետք, պիտի պետությունը քայլեր ձեռնարկի, իրենք են արել, իրենք էլ պետք է մտածեն»:

«Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչ պատճառաբանությամբ է դատախազությունը համառորեն հրաժարվում վերոհիշյալ հանձնաժողովում կատարված պատմության մասին տեսաերիզը գոնե դիտել: «Դատախազությունը ի սկզբանե գիտեր՝ ինչ է արել: Իրենց հանձնարարություն էր տրված էս մարդկանց հարցերը լուծելու, եթե էդ տեսաերիզը լիներ, էդ գործը փուչիկի նման պետք է պայթեր, եւ իրոք վերջը պիտի պայթի»,- ասաց Վարդան Մակեյանը: Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե այսպես անկաշկանդ քննադատելու համար գյուղապետ Մակեյանին արդյոք չե՞ն ճնշում: «Ճնշումներ ես դեռ չեմ նկատել, եթե մարդը աշխատում է՝ մտքերին դրեցին՝ կճնշեն, համ էլ տասը տարի մի ընտանիքի ճնշել են, տեսնում են, որ ճնշվող չենք, էլ ի՞նչ ճնշեն, այլեւս տեղ չունեն»,- ասաց գյուղապետը: Մուշեղ Սաղաթելյանի որդին՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սեւակ Սաղաթելյանը, համոզված է. «Մարդիկ այսօր դատվում են Հայաստանի Հանրապետության օրենքները հարգելու համար, նրանք փորձել են տվյալ ընտրատեղամասում կանխել ընտրախախտումները եւ էս մարդիկ դատվում են որպես ընտրական գործընթաց խանգարողներ, որպես հանցագործներ: Նման պատմության համար վերջերս դատեցին նաեւ Հարություն Ուռուտյանին՝ ենթարկելով յոթ տարվա ազատազրկման. Աստծուն փառք, որ մահապատժի չենթարկեցին»: Սեւակն անդրադարձավ նաեւ իր հոր՝ Մ.Սաղաթելյանի նախնական կալանքը եւս երկու ամսով երկարացնելուն, դա բացատրելով հետեւյալ կերպ. «Էսօր մոտ 150 քաղբանտարկյալ կա, պատկերացրեք, եթե բոլորին միաժամանակ դատեն՝ ի՞նչ կլինի, փորձում են ժամկետների մեջ տեղավորվելով ու մարդկանց խմբերի բաժանելով հարցը լուծել»: Սեւակ Սաղաթելյանի տեղեկացնելով, մայիսի 2-ի՝ Լ. Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի կոնգրեսից հետո բողոքի ակցիաները, մասնավորապես՝ հացադուլները, կլինեն ամենօրյա, ընդ որում՝ միաժամանակ հանրապետության բոլոր տեղանքներում: «Թող հույսները կտրեն, թե ժողովուրդը հանգիստ է, անարդարության դեմ ընդվզում կա: Մենք հաղթելու ենք, քանի որ հայ ազգը միայն ծախվածներ, մանկլավիկներ ու տականքներ չունի, ունի նաեւ երկրի համար մարտնչող հերոսներ»,- ասաց Սեւակ Սաղաթելյանը:

Ի դեպ, Շիրակի մարզից քաղբանտարկյալների պաշտպանության համար վերջին 15 օրերին կազմակերպված ստորագրահավաքին արդեն իսկ մասնակցել է 5450 մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել