Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԵՀԱՊԱՇՏՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

Ապրիլ 29,2008 00:00

\"\"Անդրադարձ Գեղամ Գասպարյանի նկարագրին

Այն, որ Գեղամ Գասպարյանը դեռ 1999 թվականից անդամագրվել է ՕԵԿ-ին, դա փաստ է, այն, որ նույն Գեղամ Գասպարյանը 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ՕԵԿ ղեկավար մարմնի որոշմամբ կուսակցությունից հեռացվել է՝ դա նույնպես փաստ է։ Ավելին, փաստ է նաեւ այն, որ համամասնական ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուներս գրել ենք ինքնաբացարկի դիմում, ինչը արվել է յուրաքանչյուր ընտրությունների ընթացքում, այդ թվում՝ նաեւ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Հենց այդպիսի ինքնաբացարկի՝ մեկ այլ թեկնածուի դիմումի արդյունքում էր, որ Գեղամ Գասպարյանը դեռեւս 1999 թվականից, չնայած ցուցակում իր հերթին, դարձավ պատգամավոր, իսկ այնուհետ, 2002 թվականին, նույն Արթուր Բաղդասարյանի երաշխավորությամբ, դարձավ ԱԺ Վերահսկիչ պալատի փոխնախագահ, հետագայում, սակայն, չաջակցելով Արթուր Բաղդասարյանին եւ ՕԵԿ-ին՝ նախագահական ընտրություններում։ Այն նախագահական ընտրություններին, որի արդյունքում Սերժ Սարգսյանը եւ Արթուր Բաղդասարյանը ստորագրեցին հուշագիր, եւ ՕԵԿ֊ը մաս կազմեց քաղաքական կոալիցիային։ Եզրահանգումները, կարծում եմ, պարզ են յուրաքանչյուրի համար։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես 2003 թվականին, մեկ տասնյակից ավելի իմ գործընկերների ինքնաբացարկի դիմումների արդյունքում՝ դարձա պատգամավոր, ինչն անուրանալի իրողություն է։ Ավելին, ելնելով քաղաքական իրավիճակից, երբ ՕԵԿ-ը ընդդիմություն էր, մեր քաղաքական ուժը որոշում կայացրեց ակտիվորեն մասնակցել նաեւ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին։ Ես եւ իմ գործընկերներից շատ շատերը գործնականում տեր կանգնեցինք մեր թիմի որոշմանը եւ մինչեւ վերջ պայքարեցինք, իսկ Գեղամ Գասպարյանը հանեց իր թեկնածությունը, թե ինչի համար ու ինչի դիմաց, կարծում եմ՝ շատերը գիտեն։ Վստահ եմ, որ դրանով հասարակությանը պարզ կդառնա, թե ովքեր են մանդատը վաստակում եւ ովքեր փորձում կորզել, թե ովքեր են իրենց թիմի եւ առաջնորդի նվիրյալները եւ ովքեր են պրոֆեսիոնալ քծնողներ ու պատեհապաշտները, ընտրություններն իրենց նեղ անձնական շահերին ծառայեցնողները։

Ցավ է, բայց փաստ, որ մեր իրականությունում դեռ կան մարդիկ, ովքեր իրենց պատեհապաշտությունը քողարկելու համար պատրաստ են մոռա նալ ու ուրանալ եւ մարդը, եւ մարդկությունը, իրենց երբեմնի կիսած աղն ու հացը, բարոյական ու հոգեւոր արժեքները, ընկերությունն ու թիմը։ Տեղին է ասված. «Ով մարդ արարած, ինչքան նողկալի կարող ես լինել դու։ Ով մարդ արարած, ինչքան առաքինի կարող ես լինել դու»։

Ինչ վերաբերում է ինքնաբացարկի դիմումին, ապա մեր համամասնական ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուներս էլ ստորագրել ենք, այդ թվում՝ նաեւ Գեղամ Գասպարյանը եւ մյուս բողոքողը, ինչի ականատեսն ենք եղել եւ ես, եւ իմ բազմաթիվ գործընկերները։ Բնականաբար, այդ ամենը կպարզեն նաեւ իրավապահ մարմինները, որի համար մենք արդեն իսկ դիմել ենք դատախազություն, եւ իրական ստախոսները պետք է պատասխան տան եւ իրավական դաշտում, եւ բարոյական ու քաղաքական հարթության մեջ։

Բացի այդ, կուսակցություններում ընդունված են երդման արարողությունները, ՀՅԴ֊ում, օրինակ, երդվում են զենքի եւ այլ խորհրդանիշների վրա։ Մեզ մոտ եւս այն գործում է։ Ավելին, ՕԵԿ-ում ձեւավորված ավանդույթի համաձայն, «Օրինաց երկիր» կուսակցության նվիրյալներս, օրինակ՝ դեռ 2006 թվականին, Սեւանի եկեղեցական սրբավայրում երդվել ենք մնալ հավատարիմ «Օրինաց երկիր» կուսակցության ոգուն, մեր պայքարին, գաղափարախոսությանը եւ մեր առաջնորդ Արթուր Բաղդասարյանին։ Երդման տեքստը բոլորս բարձրաձայն ընթերցել եւ ստորագրել ենք, այդ թվում՝ Գասպարյանենք։

Այս ամենից անցել է երկու տարի եւ թե ովքեր են տեր կանգնել իրենց հոգեւոր երդմանը՝ հետեւությունը թողնում եմ ընթերցողին։ Փաստաթղթերի բնօրինակը կա, ըստ որում, բացի ստորագրություններից, ձեռագրով լրացված է նաեւ յուրաքանչյուրի անուն-ազգանունը։ Կարծում եմ, սա լավագույն իրեղեն ապացույցներից մեկը կլինի եւ իրավական, եւ բարոյական դաշտում պարզելու, թե թիմային պայքարի արդյունքում վաստակած մանդատը կորզելու համար պատեհապաշտները ինչի են ընդունակ։ Ասելիքներս շատ են, սակայն առայժմ բավարարվեմ այսքանով։

Ցանկանում եմ նաեւ առիթից օգտվելով շնորհավորել մեր գործընկերներ Արծրունի Աղաջանյանին եւ Խաչիկ Հարությունյանին պատգամավոր դառնալու կապակցությամբ, ովքեր արդեն երեկվանից մասնակցում են ԱԺ նիստերին եւ քվեարկություններ են կատարում որպես արժանի մարդիկ, եւ վստահ եմ նաեւ արժանի պատգամավորներ՝ թե մեր հասարակության եւ թե մեր քաղաքական թիմի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել