Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ ԷԻՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ

Ապրիլ 29,2008 00:00

Այն բանից հետո, երբ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն ասուլիսում հայտարարեց, թե Րաֆֆի Հովհաննիսյանի միջնորդության շնորհիվ Լեւոն Տեր-Պետրոսյանը համաձայնել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ, սակայն վերջինս հրաժարվել է երկխոսությունից՝ նախագահի մամուլի ծառայությունը պարզաբանել էր. «Ակնհայտ է, որ Ս. Սաֆարյանը գործընթացներից անտեղյակ է։ Եթե նեղություն քաշի եւ հարցնի հենց Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա, կարծում ենք, վերջինս կպատմի, թե իրականում ինչ է եղել եւ երբ»։ «Առավոտի» հարցին, թե ինչ է եղել իրականում՝ «Ժառանգության» ղեկավարը պատասխանեց. «Ես հանդիպել եմ թե՛ այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանին, թե՛ Հայաստանի 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Նախագահ Տեր-Պետրոսյանն իր պատասխանը նաեւ գրավոր է ներկայացրել, որը հետո հրապարակվեց: Վարչապետ Սերժ Սարգսյանն ինձ հետ բանավոր զրույց ունեցավ, որտեղ ներկայացրի որպես Հայաստանի քաղաքացի իմ նկատառումները, քննադատությունները եւ տեսակետները ընթացիկ գործընթացների մասին: Պետք է ասել, որ 2 գործիչներն էլ ունեին իրենց նախապայմանները՝ երկխոսություն մեկնարկելու համար, բայց հասանք նրան, որ յուրաքանչյուրը ուներ փաստորեն միայն մի փոքրիկ նախապայման: Եվ եթե հաջողեինք վերացնել այդ մի նախապայմանը՝ յուրաքանչյուր կողմում, մենք կկարողանայինք անել քայլ առաջ: Ցավոք, չհասանք դրան»: Երկխոսության Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրած նախապայմանը հայտնի է՝ պետք է նախ ազատ արձակվեն քաղբանտարկյալները: Մեր հարցին, թե ի՞նչ նախապայման էր առաջադրել Սերժ Սարգսյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա երեւի պրն Սարգսյանին հարցնեք: Ինձ թվում է, որ արդեն ստանձնել է ՀՀ նախագահի պաշտոնը՝ ինքն այլեւս արգելք պետք չէ ունենա (այս ակնարկը տեղիք է տալիս ենթադրության, որ Սերժ Սարգսյանը թերեւս պահանջել է ճանաչել իր լեգիտիմությունը.- Ա. Ի.): Իսկ եթե մի քանի բանտարկյալ արձակվի, կամ այդ արձակման շարանը սկսվի մոտ օրերս՝ նաեւ նախագահ Տեր-Պետրոսյանը խոչընդոտ չի ունենա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել