Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենսդրական նախաձեռնությունը Վիկտոր Դալլաքյանինն էր

Ապրիլ 29,2008 00:00

Հասարակական պալատի գաղափարը՝ կռվախնձոր

Նախորդ շաբաթ ներկայացրել էինք ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի կարծիք-առաջարկը՝ հասարակական պալատ ստեղծելու մասին, որ ԱԺ պատգամավորը ներկայացրել էր ՀՀ նախագահի մոտ հրավիրված քառակողմ կոալիցիայի խորհրդի նիստում: Արձագանքելով հասարակական պալատի ստեղծման մասին Վահան Հովհաննիսյանի առաջարկներին՝ ԱԺ նախկին պատգամավոր, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը Վահան Հովհաննիսյանին մեղադրել էր գրագողության մեջ, քանի որ, իր ասելով, հենց ինքն է հասարակական պալատի ստեղծման գաղափարի կրողը եւ այն հրապարակ նետողը: Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը մեզ տեղեկացրել էր, որ հասարակական պալատի ստեղծման մասին օրենսդրական նախաձեռնության հեղինակը ինքն է: Մեզ հետ զրույցում Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ 2007-ի օգոստոսի 14-ին ինքն օրենսդրական նախաձեռնության կարգով շրջանառության մեջ է դրել «ՀՀ հասարակական պալատի մասին» եւ «ԱԺ Կանոնակարգ-ՀՀ օրենքի մասին» օրենսդրական նախաձեռնությունները: Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ այս նախագծի համար օգտագործել է ՌԴ-ում գործող համապատասխան օրինագիծը: Նախագիծը Ազգային ժողովում դեռ չի քննարկվել, քանի որ կառավարության դիրքորոշումն այն ժամանակ եղել է բացասական, եւ կա անհրաժեշտություն՝ կառավարության հետ այս հարցը քննարկելու: Ըստ Վիկտոր Դալլաքյանի նախագծի, հասարակական պալատը ապահովելու է քաղաքացիների եւ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ փոխգործակցությունը: Պալատը կազմված է լինելու ՀՀ նախագահի նշանակած 20 անձանցից եւ հասարակական միավորումների կողմից առաջադրված 40 ներկայացուցիչներից, վերջիններիս կեսը պետք է ներկայացնեն մարզերը: Հասարակական պալատը քննարկելու է համահայկական նշանակություն ունեցող, քաղաքացիների եւ հասարակական միավորումների սահմանադրական իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի իրականացմանը միտված քաղաքացիական նախաձեռնությունների առաջքաշումը եւ իրականացումը:

Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին հարցրինք, թե ինչ կարծիքի է այն մասին, որ Դաշնակցությունը հենց հիմա է ձգտում ստեղծել այսպիսի պալատ. «Իմ տպավորությամբ, Դաշնակցության շահագրգռությունը պայմանավորված է ներքաղաքական լարվածության որոշակիորեն մեղմացմամբ: Ինքս խնդիրը դիտարկում եմ հեռահար ռազմական տեսակետից, այսինքն՝ 2007-ի օգոստոսին մեր երկրում այսպիսի իրավիճակ չկար: Սակայն կարծում եմ նաեւ, որ հասարակության ինտելեկտուալ մասը պետք է մասնակիցը լինի մեր հասարակությանը հուզող տարաբնույթ հարցերի քննարկման, իսկ հասարակական պալատը կարող է դառնալ հենց այն կառույցը, որտեղ եւ օրենքների նախագծեր, եւ հանրությանը հուզող տարաբնույթ հարցեր կարող են քննարկվել: Այդպիսով, հասարակության ինտելեկտուալ մասը մասնակցում է պետության համար կարեւորագույն նշանակություն ունեցող որոշումների ընդունմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել