Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ-Ն ՄԵՐԺԵՑ «ԼՂՀ-Ն ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԻԾԸ

Ապրիլ 29,2008 00:00

\"\"Դրա փոխարեն այսօր կընդունվի «ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ» հայտարարությունը, որն ըստ «Ժառանգության»՝ «անատամ» է:

Երեկ, մինչ ԱԺ-ն կմերժեր նստաշրջանի օրակարգում ընդգրկել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հեղինակած օրինագիծը՝ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը մտահոգություն հայտնեց, թե մերժման որոշումը կարող է քաղաքական բացասական հետեւանքներ ունենալ. «Նաեւ դա կարող է օգտագործվել մեր հակառակորդների կողմից: Այսինքն՝ կարող է ստացվել, որ ՀՀ ԱԺ-ն դեմ է ԼՂՀ ճանաչման հիմնախնդիրը ներառել ԱԺ նստաշրջանի օրակարգ»: Եվ առաջարկեց օրինագիծն ընդգրկել օրակարգ եւ այնտեղ պահել՝ ցուցադրելու համար, որ Հայաստանի «զինանոցում կարող է լինել ԼՂՀ ճանաչման հարցը»: Սակայն ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը համաձայն չէր. «Իրենք շահարկում են ցանկացած բան՝ ե՛ւ ընդգրկումը, ե՛ւ չընդգրկումը, ե՛ւ լռությունը, ե՛ւ տարբեր տեսակետները: Այնպես որ՝ իրենց շահարկումը չափանիշ չպետք է լինի մեր գործողությունների համար: Իհարկե, Հայաստանի զինանոցում եղել է, կա եւ այսօր չի առաջացել՝ այս նախագծով չի առաջացել ԼՂՀ անկախության պաշտոնական ճանաչումը»: Հավելեց. «Երբ անհրաժեշտ լինի, որ ՀՀ-ն ճանաչի ԼՂՀ անկախությունը եւ դա արվի հենց խորհրդարանում ընդունվող օրենքի միջոցով, ես կարծում եմ, 7 րոպեում մենք կարող ենք ե՛ւ նախագիծն ունենալ սեղանին, ե՛ւ բոլոր ստորագրությունները՝ ցանկացած պահի արտահերթ նիստ գումարելու եւ անմիջապես այդ քայլն անելու համար»:

Հարցը ընդգրկելուն բացասական եզրակացություն տված Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն իր հերթին նշեց, որ ԼՂՀ ճանաչմանը որեւէ մեկը Հայաստանում դեմ լինել չի կարող: Սակայն հայտնեց, որ հանձնաժողովը առաջարկել է հարցը հետաձգել մինչեւ ՀՀ ԱԳՆ, ԱԺ, ԼՂՀ ձեւաչափով քննարկելը: «Ժառանգության» ներկայացուցիչներին այս դիրքորոշումը զայրացրեց՝ նրանք հիշեցրին, որ նախագիծն արդեն 8 ամիս է, ինչ դրված է պաշտոնական շրջանառության մեջ, եւ կարող էին այդ ընթացքում կազմակերպել նման եռակողմ քննարկումներ:

Քվեարկությունից հետո, որով 15 կողմ, 62 դեմ եւ 7 ձեռնպահ ձայներով մերժեցին նախագիծը ներառել օրակարգում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե սա «ԱԺ-ի համար աներեւակայելի արդյունք էր», իսկ ԱԺ նախագահի հայտարարություններն էլ «անվայել»: «Առավոտի» խնդրանքով պարզաբանելով, թե հատկապես ո՞ր հայտարարությունն է համարում անվայել՝ «Ժառանգության» ղեկավարն ասաց. «Անվայելը շատ նուրբ եմ ասում: Ես կարծում եմ, որ իր հայտարարությունների մեջ կա կանխակալություն, անպատկառություն, որը տեւապես պիտակավորում է, գնահատում, իրենից ինչ-որ մեկնություններ է տալիս, եւ ես կարծում եմ, որ դա իր գործառույթներից դուրս է: Տեւական շրջան մենք լռել ենք այս հարցով, բայց կարծում եմ՝ սա արդեն շատ լուրջ է, քանի որ մենք գտնվում ենք համապետական ճգնաժամային իրավիճակի մեջ, եւ եթե այս ոգով, այս բովանդակությամբ, այս ընթացակարգով շարունակելու է ելքերի փնտրտուքը՝ արդեն կարող ենք կանխավ ասել, որ իշխանությունները դատապարտում են այն ձախողման»: Րաֆֆի Հովհաննիսյանին վրդովեցրել էր իր նախաձեռնությունը «սեփականաշնորհած» անվանելը (նման գնահատական տվել էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը). «Սա անվայել է, անպատկառ, եւ սա զուր է»: Ու նշեց, թե հանձնաժողովում քննարկման ժամանակ էլ է ասել. «Սա համազգային, համապետական հարց է եւ առանձնապես ոչ մեկին չի պատկանում»:

Անդրադառնալով «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ» հայտարարության նախագծին, որի քննարկումն ԱԺ-ն ավարտեց երեկ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Ես կարծում եմ, որ այդ հայտարարությունը անատամ, անսկզբունք նմանակում է եւ փաստորեն փորձում է թույլ հիմունքներով փոխարինել ԼՂՀ-ն ճանաչելու օրենսդրական նախաձեռնությանը»:

Նշենք, որ հայտարարության նախագծի համաձայն՝ ԱԺ-ն ՀՀ նախագահին եւ կառավարությանը մասնավորապես առաջարկում է՝ «ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված հայաստանյան քաղաքականությանը հաղորդել ավելի նախաձեռնողական բնույթ», «նախապատրաստել ԼՂՀ-ի անկախության միջազգային ճանաչման այլընտրանքային հնարավորություններ, որոնք պետք է գործադրվեն Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների տապալման դեպքում»:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը հայտնեց, որ խմբակցությունն այս հայտարարության նախագծի քվեարկությանը չի մասնակցելու, քանի որ իրենք չեն կարող քվեարկել այնպիսի մի անհասցեական եւ ուշացած հայտարարության օգտին, որը որեւէ դրված խնդրի լուծման հետեւողականություն չի պարունակում, ի սկզբանե անհետեւանք է եւ չի ամրագրում ԼՂ-ի անկախության լեգիտիմության իրավական հիմքերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել