Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կենտրոն՝ «Իսահակյան» գրադարանում

Ապրիլ 26,2008 00:00

\"\"«Բրիտանական խորհրդի» հայաստանյան գրասենյակը եւ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը որոշել էին Գրքի եւ հեղինակային իրավունքների համաշխարհային օրը՝ ապրիլի 23-ին, գրադարանում հիմնել Օտար լեզուների գրականության կենտրոն: Կենտրոնի շնորհանդեսը կայացավ երեկ: Կնքվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ մշակույթի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ «Բրիտանական խորհրդի» հայաստանյան գրասենյակի միջեւ: Վերջինիս հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարիամ Մովսիսյանը «Առավոտին» հայտնեց, որ 2002 թվականից իր ողջ գործունեության ընթացքում «Բրիտանական խորհրդի» հայաստանյան գրասենյակի տեղեկատվական կենտրոնը հնարավորություն է ընձեռել հանրությանը՝ օգտվել Մեծ Բրիտանիայից ստացված ամենավերջին տեղեկատվական ռեսուրսներից. «ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցության արդյունքում մշակվել են մի շարք միջոցառումներ՝ Հայաստանում գրադարանային եւ տեղեկատվական ծառայությունների ոլորտի բարելավման նպատակով: Օրինակ, հանրային գրադարանների աշխատակիցների համար ապրիլի 21-22-ին Երեւանում եւ ապրիլի 23-ին Վանաձորում աշխատաժողովներ կազմակերպեց Մեծ Բրիտանիայից հրավիրված փորձագետ Էնդրյու Սթիվենսը: Միջոցառումների նպատակն էր գիտելիքների եւ հմտությունների փոխանցումը եւ տարածումը բնագավառի մասնագետների միջեւ»:Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, կարեւորելով իրենց մոտ Օտար լեզուների գրականության կենտրոնի հիմնումը, ասաց. «Սա խթաններից ամենակարեւորն է՝ մասնավորապես, երիտասարդների ու պատանիների աշխարհայացքի ձեւավորման, կոնկրետ Մեծ Բրիտանիայի պատմությանը, մշակույթին, տնտեսությանը հեռակա ծանոթանալու հարցում: Նման կապերի հաստատումը ենթադրում է հետագա համատեղ ծրագրերի ընդլայնում, այդ թվում՝ կրթամշակութային սեմինարների կազմակերպում եւ այլն»: Կենտրոնի բացմանը ներկա «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը «Առավոտին» հայտնեց. «Կարծում եմ, որ թե հայ, թե բրիտանացի մասնագետները հետագայում դասախոսություններով հանդես կգան մեր կրթական օջախներում՝ դպրոցներում ու բուհերում, որպեսզի գոնե վաղվա սերունդն ու մասնագետը գիտակցեն գրքի ու հեղինակային իրավունքների կարեւորությունը ու չզբաղվեն վերջինիս կեղծարարությամբ, խախտումներով, ինչին այսօր հաճախ ենք հանդիպում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել