Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսման վարձը դարձավ հանցագործության պատճառ

Ապրիլ 26,2008 00:00

\"\"18-ամյա պատանին որոշեց ինքնուրույն հոգալ իր ուսման վարձի վճարումը, բայց հայտնվեց անազատության մեջ

2006-07 ուսումնական տարում Կարենն (անունը փոխված է) ընդունվել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ: Նրա ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում: Ընտանիքի անդամներից ոչ մեկը չի աշխատում, եղբայրը ծառայում է ազգային բանակում, մինչեւ 2007թ. ապրել են քրոջ՝ Կառավարման ակադեմիայից ստացած 49 հազար դրամ կրթաթոշակով, այժմ էլ գոյատեւում են հարազատների տրամադրած գումարներով: Մինչ այս պահը Կարենը փաստաբան չունի, իր նախկին փաստաբանից հրաժարվել է, այն պատճառով, որ չի կարողացել պատշաճ պաշտպանել իր շահերը: Նրա ընտանիքը վճարունակ չէ եւ հիմա փաստաբանին վճարելու հնարավորություն չունեն: Հյուսիսային քրեական դատարանի դատավոր Ազարյանին մի քանի անգամ դիմել է միջնորդությամբ, որ իրեն տրամադրեն հանրային պաշտպան, ընտանիքի ծանր պայմանները հավաստող տեղեկանքներ նույնպես ներկայացվել են, սակայն դատավորը մերժել է տրամադրել հանրային պաշտպան, պատճառաբանելով, թե նախկին փաստաբանին վճարողը նոր փաստաբանին էլ կվճարի:

Կարենի տարեկան ուսման վարձը կազմել է 200 հազար դրամ, չկարողանալով այն վճարել, տղան ստիպված դիմել է հուսահատ արարքի, ինչը ճակատագրական է եղել իր համար:

2007թ. դեկտեմբերի 20-ին նա մտել է Երեւան քաղաքի Ալեք Մանուկյան 1 հասցեում գտնվող ԵՊՀ-ի գրադարան եւ փորձել է գողանալ 8 համակարգչի պրոցեսոր եւ մոնիտոր: ԵՊՀ-ն իր գույքը ընդհանուր արժողությամբ գնահատել է 750 հազար դրամ, սակայն փորձագետն, արժեքը բարձրացնելով, այն գնահատել է 2 մլն 792 հազար դրամ: Կարենը փորձել է պարկերի մեջ դրված համակարգիչները երկրորդ հարկի պատուհանից պարանի միջոցով իջեցնել ներքեւ, սակայն գրադարանի հարեւանությամբ գտնվող ԵՊՀ-ի կիրառական ֆակուլտետի կողմից նրան նկատել են համալսարանի հսկիչներ Ի. Ավագյանը, Հ. Լեհեմջյանը եւ Ա. Վարդանյանը: Նրանք նախաքննական մարմնին ցուցմունք են տվել, որ Կարենի հետ եղել են եւս երկու տղաներ, որոնք սպասել են պատուհանի տակ: Սակայն նա, մեղքն իր վրա վերցնելով, նշել է, որ իր հետ ոչ ոք չի եղել եւ հանցագործությունը կատարել է միայնակ: Հսկիչների վկայությամբ, ներքեւում կանգնած տղաները համակարգիչները թողնելով փախել են, իսկ Կարենին բռնել են գրադարանի շենքում:

Փաստի առթիվ 2007թ. դեկտեմբերի 21-ին հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրօրի 34 եւ 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Ուսանողը կալանավորվել է դեկտեմբերի 24-ին, այժմ էլ գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մեկուսարանում: Կարենը երբեւէ հանցավոր արարք չի կատարել, չունի դատվածություն: Նրա հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, ազատամարտիկ է, արցախյան հերոսամարտում վիրավորվել է եւ դարձել երկրորդ կարգի հաշմանդամ: Պարգեւատրվել է բազմաթիվ մեդալներով՝ «Վազգեն Սարգսյան» շքանշանով, «Մայրական երախտագիտություն», «Արիության», «Մարտական ծառայության համար» մեդալներով եւ «Արծիվ մահապարտներ» կրծքանշան-հուշամեդալով:

 Հ. Գ. Երեկ դատարանն ամբաստանյալ-ուսանողին ապահովեց հանրային պաշտպանով: Վերջինս՝ Վարդան Հարությունյանը, դատարանից խնդրեց ժամանակ՝ գործի նյութերին ծանոթանալու համար:

ԵՊՀ-ն ներկայացնում էր իրավաբան Արմեն Թադեւոսյանը, որը մեզ հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ գողության փորձի ժամանակ վնասվել է մի համակարգիչը: Համալսարանը հասցված վնասը գնահատել է 366 հազար դրամ: Իրավաբանը նաեւ ասաց, որ իրենք հանդուրժող են եղել ուսանողի նկատմամբ, նրան թույլատրել են մինչեւ քննաշրջանի ավարտը դասի գնալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել