Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր թատրոնները՝ «դրսի» փառատոներում

Ապրիլ 26,2008 00:00

Ջերմ ընդունելություն Մոսկվայում, Կիեւում եւ Սանկտ Պետերբուրգում

«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրերը Ազգային ստեղծագործական թատերական ասոցիացիայի ղեկավար, Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, բեմադրիչ Նարինե Գրիգորյանը եւ Երեւանի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոռեկտոր Աննա Երզնկյանն էին: Նրանք օրերս են վերադարձել Մոսկվայում տեղի ունեցած թատերական տոնավաճառից, Սանկտ Պետերբուրգում կայացած «Բալթյան տուն» եւ Կիեւի թատերական բարձրագույն դպրոցների միջազգային փառատոներից: Ռ. Բաբայանը պատմեց, որ արդեն երեք տարի է, ինչ «Ոսկե դիմակ» համառուսաստանյան թատերական փառատոնի շրջանակներում կայանում է նաեւ թատերական տոնավաճառ, որին այս տարի մասնակցել է Տիկնիկային թատրոնը:

«Թատրոնները կամ փառատոները 2 օրվա ընթացքում ներկայացնում են իրենց արտադրանքը՝ DVD-ների, հատուկ բացիկների տեսքով, որին ներկա են լինում տարբեր երկրների փառատոների կազմակերպիչներ, պրոդյուսերներ, որոնք էլ այդկերպ հնարավորություն են ունենում տեղեկանալու, թե որ երկրի թատերական կյանքում ինչ է կատարվում: Մենք Մոսկվա էինք մեկնել փոքր խմբով, որի կազմում էին «Հայֆեստ» փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը եւ ես: Մոսկվայում ներկայացրինք մի քանի թատրոնների՝ Երեւանի կամերային, Տիկնիկային, Փոքր, Մնջախաղի, Հենրիկ Մալյանի անվան եւ «Միհր» պարային թատրոնների ներկայացումներից հատվածներ՝ DVD-ների միջոցով»,- նշեց պրն Բաբայանը: Ըստ նրա, թատերական տոնավաճառի շրջանակներում մեր Տիկնիկային թատրոնը Լատվիայի տիկնիկայինի հետ համատեղ գործունեության մասին համաձայնագիր է կնքել. «Սա նշանակում է, որ կլինեն փոխադարձ հյուրախաղեր, փառատոներին մասնակցություններ, համատեղ ներկայացումներ եւ այլն»:

Անդրադառնալով ապրիլի 5-12-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած «Բալթյան տուն» միջազգային 10-րդ փառատոնին, Ռ. Բաբայանը նշեց. «Այս տարի փառատոնի ձեւաչափը փոխվել էր, ու կարող էին մասնակցել ոչ միայն ռուսական թատրոնները, այլեւ նրանք, որոնց խաղացանկում կան ռուսական ներկայացումներ: Ներկայացված էին թատերախմբեր Շվեդիայից, Իտալիայից, Իսրայելից ու Հայաստանից՝ Կ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնն՝ իր «Երեք քույրերով» եւ Տիկնիկայինը՝ Մարինա Ցվետաեւայի գործերի հիման վրա ստեղծած «Երկնագույն երկրագունդ» ներկայացմամբ: Վերջինս այնքան մեծ տպավորություն թողեց, որ մեզ մոտեցան ռուսական «Կուլտուրա» ալիքից ու ցանկացան գալ Երեւանում տեսագրել այն ու իբրեւ հեռուստաներկայացում ցուցադրել»: Դառնալով ապրիլի 14-23-ը Կիեւում կայացած «Ոգեշնչում» փառատոնին, Աննա Երզնկյանը տեղեկացրեց, որ մասնակցում էր 9 երկիր, Հայաստանն էլ ներկայացնում էր Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը՝ «Հայելու մեջ» եւ «Ամպերի վրայով» մնջախաղի պլաստիկայով կառուցված աշխատանքներով:

«Փառատոնի շրջանակներում ընթանում էին քննարկումներ, կլոր սեղաններ, որոնք վերաբերում էին ոչ միայն թատրոնի խնդիրներին, այլեւ Բոլոնյան համաձայնագրին: Մեզ հետ տարել էինք համատեղ աշխատանքի համաձայնագրի նախագիծ, որն էլ Կիեւի թատրոնի եւ կինոյի համալսարանի ռեկտորն արդեն ստորագրել է: Համաձայնագրի շրջանակներում կլինեն դասախոսների, ուսանողների փոխանակություններ, փառատոներին մասնակցություն եւ այլն»,- հայտնեց տիկին Երզնկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել