Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՐԿՈՖՍԿԻՆ «ԴԱՏԱՐԿ ՁԵՌՔՈՎ» ՉԻ ԵԿԵԼ

Ապրիլ 26,2008 00:00

\"\"Ճանաչված դաշնակահարի հետ Հայաստան է «ժամանել» նաեւ մի «STEINWAY» ռոյալ

Ամերիկացի դաշնակահար Մարտին Բերկոֆսկին չորրորդ անգամ է համերգային այցով Հայաստանում: Այս անգամ ճանաչված արվեստագետը դատարկ ձեռքով չի եկել: 2006թ. համագործակցելով հայաստանյան «Ալան Հովհաննես» միջազգային հետազոտական կենտրոնի հետ (ղեկավար՝ Ալեքսան Զաքյան), անվանի երաժիշտը կենտրոնին է նվիրել բարերար Ջերալդ Միգըլի նվիրատվությունը՝ «STEINWAY» ռոյալ, որի շնորհանդեսը կկայանա այսօր՝ «Ա. Խաչատրյան» համերգասրահում: Համերգին Բերկոֆսկին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ առաջին անգամ կներկայացնի Ալան Հովհաննեսի «Աղոթքը» (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան): «Առավոտի» հետ զրույցում դաշնակահարը տեղեկացրեց, որ ինքը, հանդիսանալով «New York Island» կամերային նվագախմբի ղեկավարը, ժամանակին համագործակցել է Ա. Հովհաննեսի հետ՝ դառնալով նրա բազմաթիվ ստեղծագործությունների տարածողը:

Մեր հետաքրքրությանը, թե ինչպե՞ս ամերիկացի բարերարը որոշեց ռոյալը նվիրել Հայաստանին, ժամանակին քաղցկեղից բուժված արվեստագետը պատմեց, որ 2003թ. ստեղծել է «Cristofori» բարեգործական հիմնադրամը եւ անձամբ մասնակցել է «Celebrate Life Run» մարաթոնյան վազքին՝ Թոլսայից Չիկագո, անցնելով 1400 կմ, հավաքելով եւ համապատասխան հասցեատերերին փոխանցելով մեծ գումարներ: «Անցյալ տարի պարոն Միգըլից ստացա լուր, որ քաղցկեղից մահացել է իր տիկինը՝ դաշնակահար եւ գեղանկարիչ տիկին Լորեյնը, եւ նա խնդրեց տիկնոջ նոր ռոյալը նվիրել նրան, ով դրա կարիքը շատ ունի: Բնականաբար, պարոնի համաձայնությամբ, այսօր ռոյալը Հայաստանում է: Ի դեպ, գործիքը բարեհաջող տեղ հասավ Ամերիկայի արեւելյան թեմի առաջնորդարանի եւ Միացյալ հայկական հիմնադրամի շնորհիվ»,- պատմեց Մ. Բերկոֆսկին:

Տեղեկացնենք, որ Բերկոֆսկին առաջին օտարերկրյա երաժիշտն է, որն ապրիլի 22-ին Արցախի պետական կամերային նվագախմբի հետ (ղեկավար՝ Գ. Մուրադյան) ելույթ է ունեցել Ստեփանակերտում: Ներկայացնելով համերգից ստացած տպավորությունները, երաժիշտն ասաց, որ Ղարաբաղ մեկնելիս ճանապարհին զգացել է լեռների ուժն ու զորությունը, ինչի մասին ժամանակին իրեն պատմել է Ալան Հովհաննեսը: «Հոգով ուժեղ մարդիկ են ղարաբաղցիները: Երբ առավոտյան ժամը 6-ին դուրս էի գալիս վազելու, տեսնում էի, թե ինչպես են իրենց տունն ու բակը մաքրում: Շուշիում էլ հիացա, երբ տեսա, որ նույնն անում են դպրոցականները, մաքրում են կրթօջախի շուրջբոլորը: Սա արդեն խոսում է հայրենիքի նկատմամբ նրանց սիրո մասին: Իսկ 74 տարեկան վարորդ Յուրան, որի հետ գնացի Ղարաբաղ ու վերադարձա, պատմելով երկրի, իր ընտանիքի մասին, նշեց, որ բարեկամներ ունի կառավարությունում: Ես էլ, ճիշտն ասած, զարմացած մնացի, թե ինչպես է նման կապեր ունեցող պատկառելի տարիքով հայն ընդամենը վարորդ աշխատում: Երեկ երեկոյան, երբ հասանք Երեւան, դարձյալ զարմացա. հեռախոսիս վրա հաղորդագրություն էր եկել՝ «Բարի գալուստ Ադրբեջան. «Ազերսելը» եւ ԱՄՆ-ի դեսպանատունը ողջունում են ձեզ Ադրբեջանում…»,- պատմեց Բերկոֆսկին:

«Ալան Հովհաննես» միջազգային կենտրոնի ղեկավար Ա. Զաքյանը նշեց, որ հայաստանյան այցի առիթով Բերկոֆսկին հետաձգել է Եվրոպայում իր համերգային շրջագայությունը: Նա նաեւ ավելացրեց, որ կենտրոնը կշարունակի Ա. Հովհաննեսի ստեղծագործությունների տարածման ու դրանք հայրենիքում հնչեցնելու գործը: «Այն, ինչին ականատես եղանք Արցախում, կուզեինք տեսնել նաեւ Երեւանում. արցախյան համերգին ներկա էին երկրի առաջին դեմքերը, պատգամավորներ, երիտասարդներ, ինչը վկայում է դասական երաժշտության հանդեպ նրանց հետաքրքրության մասին»,- նշեց Ա. Զաքյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել