Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն սպառնացել ու չեն հայհոյել

Ապրիլ 26,2008 00:00

\"\"Վկաները խայտառակեցին դատախազությանը

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհներ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրիի զինվորական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի դատավարության ժամանակ վկաները հայտարարեցին, որ այս անձինք ընտրական հանձնաժողովի աշխատանքը որեւէ ձեւով չեն ձախողել: Իսկ նրանք դատվում են հենց դրա համար: Ստացվում է, որ նրանց գլխին պարզապես գործ են սարքել:

Դատավարությանը մասնակցում էին նաեւ մայրաքաղաքից ժամանած հասարակական-քաղաքական գործիչներ եւ իրավապաշտպաններ:

Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի՝ «Աշոտ Զաքարյանը, նախնական համաձայնության գալով Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Գյումրիի նախընտրական շտաբի համակարգող Մուրադ Գրիգորյանի, Շոթա Սաղաթելյանի եւ Պետրոս Մակեյանի հետ, ընտրության օրը ժամանել է 34/36 ընտրատարածքային ընտրական տեղամաս եւ ընտրողների անձնագրում դրոշմակնիք դնելու հարցի շուրջ վիճաբանել հանձնաժողովի անդամների հետ, աղմկել, բռնություն գործադրելու սպառնալիքներով խոչընդոտել ՏԸՀ աշխատանքներին: Տեղամասից Զաքարյանի եւ Գրիգորյանի դուրս գալուց հետո նույն ՏԸՀ է մտել Շոթա Սաղաթելյանը, ով նույն դրոշմակնիքի վերաբերյալ վիճաբանել է, աղմկել, սպառնացել: Նրանից հետո տեղամաս է մտել Պետրոս Մակեյանը, ով նույնպես վիճաբանել է նույն հարցի շուրջ՝ սպառնացել եւ խոչընդոտել ՏԸՀ աշխատանքներին: Նրանք շուրջ կես ժամ կազմալուծել են ընտրական գործընթացը՝ սերմանելով վախ եւ անվստահություն»:

Վկա Կարինե Հարությունյանը, ով վերոհիշյալ ԸՏ-ում եղել է անձնագրերում կնիք խփողը, ցուցմունք տվեց՝ ասելով, որ մի վայրկյան անգամ հանձնաժողովի աշխատանքը չի ընդհատվել, տեղամասում որեւէ կռիվ, վեճ չի եղել: Պարզապես իրեն մոտեցել է Աշոտ Զաքարյանը՝ «շատ կիրթ» ձեւով ասելով, որ կնիքը պետք է խփի ոչ թե անձնագրի 32-րդ էջում, այլ՝ 33, ինքն էլ, «հարգելով Աշոտ Զաքարյանի հեղինակությունը», ասել է՝ շատ լավ, ու պատմությունն ավարտվել է: Փաստաբան Հովիկ Արսենյանի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է նախաքննական ցուցմունքում ամբաստանյալներին «կարգազանց» որակել, Կ. Հարությունյանը խոստովանեց, որ թելադրանքներ են եղել նախաքննական մարմնի կողմից. «Ինձ համոզում էին գրել, որ Աշոտ Զաքարյանը իրեն անվայել էր պահում, աղմուկ-աղաղակ էր սարքում, բայց ես նման ցուցմունք չեմ տվել, նա իմ հետ շատ քաղաքավարի է վարվել, հո չոբան չէ՞ր, որ ներս մտներ ու կանանց վրա հարձակվեր»: Ի դեպ, գործում նշված է, թե իբրեւ Ա. Զաքարյանը հանձնաժողովի աշխատանքը խանգարել է 11.30-12.00-ի սահմաններում, ճիշտ այն ժամանակ, երբ նա «Ասպարեզ» ակումբում ասուլիս էր տալիս:

Մյուս վկան՝ թիվ 34/06 ԸԸՀ նախագահ Սիլվա Հովհաննիսյանը, նույնպես պնդեց, որ Աշոտ Զաքարյանի հետ ոչ մի վիճաբանություն չի եղել, իր աշխատանքը չի խոչընդոտել նաեւ Շոթա Սաղաթելյանը: Միայն փոքր-ինչ հուզվել է Պետրոս Մակեյանը, ով ներկայացել է վերոհիշյալ տեղամասում լցոնումների մասին ահազանգ ստանալով ու այս մասին հարցնելով հանձնաժողովի նախագահին, «մատ է թափ տվել», ասելով, թե «պատասխան կտաք»: «Ինձ ոչ մեկը չի սպառնացել, ես ոչ մի բողոք չեմ ունեցել, այլ ընտրության հաջորդ օրը մեզ դատախազությունից զանգահարել ու կանչել են, թե ձեր վրա բողոք կա»,- ասաց նա: Ս. Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո վկան ասաց, որ ինքն այդպես չի գրել՝ «ավելացրած բաներ կան»: Դատը հետաձգվեց հինգ օրով:

 Հ. Գ. Դատարանում ոստիկանները ամեն կերպ փորձում էին խոչընդոտել «Առավոտի» ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի մասնագիտական գործունեությունը՝ առաջացնելով ներկաների զայրույթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել