Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսուչներն ինքնագործունեությամբ էին զբաղվում

Ապրիլ 26,2008 00:00

Սակայն Հայէլցանցը նրանց կարգի հրավիրեց

Օրերս մայրաքաղաքի մի շարք շենքերի պատերին հայտարարություն է փակցվել այն մասին, որ էլեկտրաէներգիայից օգտվող բաժանորդները պարտավոր են որոշակի ժամանակահատվածում ներկայանալ Հայէլցանցի մոտակա մասնաճյուղ՝ ընկերության հետ պայմանագիր կնքելու համար: Հայտարարության մեջ նշված է, որ բոլոր այն բնակիչները, որոնք նշյալ ժամկետում չեն ներկայանա պայմանագիրը կնքելու, նրանց բնակարանները կհոսանքազրկվեն: Հիշեցնենք, որ նախորդ տարի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել էր էլեկտրաէներգիայի մատակարարման եւ օգտագործման նոր կանոններ, որոնք ուժի մեջ են մտել 2007-ի հուլիսի 6-ից: Ըստ դրանց, մինչեւ եկող տարվա ապրիլի 1-ը բաժանորդները էլեկտրաէներգիայի մատակարարման համար ընկերության հետ պետք է կնքեն նոր պայմանագրեր: «Առավոտին» դիմած տասնյակ բնակիչ-բաժանորդների կարծիքով, ՀԷՑ-ն ակնհայտորեն խախտել է իրենց իրավունքները եւ ներկայացրել է ոչ օրինական պահանջներ: Ըստ բնակիչների, պայմանագիր կնքելու համար ոչ թե իրենք պետք է գնան Հայէլցանցի բաժանմունքներ, այլ ընկերության աշխատակիցները պայմանագիրը կնքելու համար պետք է այցելեն բնակարաններ: «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Աբգար Եղոյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իրենց կազմակերպությունը եւս բազմաթիվ բողոքներ է ստացել էլեկտրաէներգիա սպառողներից, որոնք դժգոհում են ՀԷՑ-ի ներկայացրած պահանջներից: Ա. Եղոյանի խոսքերով. «Էլցանցի տարածած հայտարարությունների միջոցով ընկերությունն, ըստ էության, սպառնում է բաժանորդներին՝ պարտադրելով նրանց որոշակի ժամկետում կնքել պայմանագիր, հակառակ դեպքում կանջատվի նրանց հոսանքը: Այդ պահանջն անօրինական է, քանի որ իրենք բաժանորդների լույսն անջատելու իրավունք չունեն»: Բացի այդ, ըստ Ա. Եղոյանի, քանի որ էլեկտրաէներգիայի մատուցման ծառայություններն իրականացնում է ՀԷՑ-ը, հենց ինքն էլ պարտավոր է հոգալ, որ սպառողը կարողանա առանց անհանգստության ու լրացուցիչ խնդիրների օգտվել իր ծառայություններից: Մեր տեղեկություններով, այս օրերին էլցանցի աշխատակիցները ոտ ու ձեռ ընկած՝ շենքերի պատերից պոկում են վերոնշյալ հայտարարությունները, քանի որ դրանք տարածվել են առանց ՀԷՑ-ի ղեկավարության գիտության: Դրանք շենքերում փակցրել ու պայմանագրերի կնքման կոնկրետ ժամանակ են նշել Հայէլցանցի տեսուչները, որպեսզի հեշտացնեն իրենց աշխատանքն ու ստիպված չլինեն ժամերով շրջագայել մայրաքաղաքի շենքերում:

Այս առնչությամբ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լրատվական ծառայության ղեկավար Մարգարիտա Գրիգորյանն «Առավոտին» պարզաբանեց, որ շենքերում փակցված հայտարարությունները տեղին չեն, սակայն էլեկտրաէներգիայի մատակարարման եւ օգտագործման նոր կանոնների համաձայն, սպառողները պետք է կնքեն նոր օրինակելի պայմանագիր, որի ներդրումը նպատակ ունի բարելավել ընկերության կողմից սպառողներին մատուցվող ծառայությունների որակը եւ նրանց համար ստեղծել առավել բարենպաստ պայմաններ: Մ. Գրիգորյանի տեղեկացմամբ, էլեկտրաէներգիա սպառողները կարող են իրենց նախընտրությամբ անձամբ այցելել էլցանցի մասնաճյուղ եւ կնքել պայմանագիր, կամ էլցանցի աշխատակիցն ինքը կգնա սպառողի մոտ, կլրացնի պայմանագիրը, որից հետո սպառողն այն կստորագրվի: Մ. Գրիգորյանն ասաց նաեւ, որ նոր պայմանագրերով կրճատվել են ընդհատված էլեկտրական էներգիայի վերականգնման ժամկետները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել