Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՍ ՍԱՐՆ ԻՄՆ Է, ԷՍ ԾԱՌՆ ԻՄՆ Է

Ապրիլ 26,2008 00:00

\"\"Բուսաբանական այգու ղեկավարությունը պատրաստվում է իր տնօրինության տակ գտնվող տարածքից հնարավորինս եկամուտներ քաղել:

Հենց այդ նպատակով էլ այգու պատասխանատուները պատրաստվում են տարածքը 3 սոցիալապես անապահով ընտանիքից «մաքրազարդել»: Մի քանի օրից Մկրտչյանների եւ եւս 2 ընտանիք կմնան անօթեւան: Այս ընտանիքները շուրջ 15 տարի զբաղեցնում են Բուսաբանական այգու տարածքում գտնվող 1-2 կիսաքանդ սենյակները: Այդտեղ, տուն չունենալու պատճառով, բնակվում են այգու նախկին աշխատակիցները, որոնք մոտ 10 տարի աշխատել են Բուսաբանական այգում: Բնակիչներից մեկի՝ Վարազդատ Մկրտչյանի պատմելով, ինքն ու կինը դեռ խորհրդային տարիներին Բուսաբանական ինստիտուտում աշխատելու ժամանակ բնակարան ստանալու համար հերթագրվել են, սակայն հերթն այդպես էլ չի հասել, քանի որ կարգերը փոխվել են: Ինստիտուտի նախկին տնօրինությունն էլ, հաշվի առնելով, որ այս ընտանիքն ապրելու տեղ չունի, արհմիության որոշմամբ այգու տարածքում գտնվող փոքրիկ տնակը ժամանակավոր հատկացրել է Մկրտչյանների ընտանիքին՝ մինչ նրանք բնակարան կունենան:

«Երեք տնօրեն եմ ունեցել, ոչ ոք նման անխղճություն չի արել, որ հանեն ընտանիքին դուրս շպրտեն: Ախր մենք տեղ էլ չունենք գնալու: Այսօր բնակարան վարձելն էլ շատ թանկ է: Իմ ուժերով ջրագիծ, հոսանք եմ քաշել, հաշվիչ եմ դրել, մի խոսքով՝ ամեն ինչ արել եմ, որ քիչ թե շատ նորմալ ապրելու պայմաններ լինեն»,- մեզ հետ զրույցում պատմեց Վ. Մկրտչյանը: Նրա տիկինը՝ Զինա Կարապետյանը, հավելեց. «Ավագ որդիս ծառայում է բանակում, որ իմացավ այս վիճակում ենք՝ շատ է անհանգստացել: Փոքրս էլ ասում է, եթե մեզ վտարեն՝ կկախվի: Պատկերացնո՞ւմ եք, ամեն օր ինչ հոգեկան ապրումների մեջ ենք»:

Արդեն մեկ տարի է՝ Մկրտչյաններն առանց ջրի, էլեկտրաէներգիայի են ապրում: Այգու տնօրինությունը փակել է ջրի խողովակը, հոսանքը կտրել է: Ընտանիքն ամեն օր ջուր է կրում, սենյակն էլ լուսավորում է մարտկոցով, իսկ կերակուրը պատրաստում են փոքրիկ գազօջախին: Վ. Մկրտչյանի հավաստմամբ, Բուսաբանական այգու որոշ հատվածներ տնօրինությունն արդեն վարձակալությամբ է տվել՝ գազալցակայան եւ հացի փուռ հիմնելու նպատակով. «Մեզ էլ տնօրենը ջանասիրաբար վտարում է, որպեսզի մեր սենյակների տեղում տաքսի ծառայություն բացի: Ես տնօրենին առաջարկեցի մեր սենյակի համար վարձ տալ, բայց նա հրաժարվեց: Մի բան էլ խոստացավ, որ եթե դուրս գամ եւ ուրիշ տեղ բնակարան գտնեմ՝ մի տարվա վարձը ինքը կտա: Ու ամեն անգամ շեշտում է, թե ես ապօրինի եմ այստեղ ապրում, բայց չէ՞ որ ինքնագլուխ չեմ բնակվել այստեղ: Իմ տղաները բարեխղճորեն խնամել են այգու այս հատվածը, մի անգամ այգում հրդեհ էր բռնկվել, մենք ենք մեզ վտանգի ենթարկելով հանգցրել»,- շարունակեց նա:

Նշենք, որ այգու տնօրինությունը Մկրտչյաններին վտարելու հայցով դիմել է դատարան, որն էլ վճռել է, որ ընտանիքն ապօրինի է բնակվում այդտեղ:

«Բուսաբանական ինստիտուտ-այգու տնօրենի կինը դատավոր է, դրա համար էլ ինչ ուզում՝ անում են»,- դժգոհեցին վտարված բնակիչները:

Այս առնչությամբ «Առավոտը» փորձեց պարզաբանում ստանալ Բուսաբանական ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանից: Նա խիստ դժգոհություն հայտնեց, երբ տեղեկացավ, որ մենք արձագանքել ենք Մկրտչյանների բողոքին, այնուհետեւ բորբոքված տոնով պատասխանեց. «Դատարանն արդեն 2 անգամ վճիռ է կայացրել, գնացեք դատարանի հետ խոսեք»: Մեր հարցին, թե իսկապե՞ս Մկրտչյաններին վտարում են, որպեսզի տարածքը վարձակալության տան, տնօրենն ասաց. «Եթե դուք ապօրինի մտել եք մեր տուն, իմ բնակարան, ուրեմն ձեր ի՞նչ գործն ա, թե ձեզ հանելուց հետո էդ բնակարանը կտամ հորաքրոջս կամ մեկ ուրիշին: Հիմա չենք տալիս, բայց եթե հետո տանք էլ, դա ի՞նչ կապ ունի ցանկացած պատահական մարդու հետ: Սա ինստիտուտ է եւ ակադեմիայի ինստիտուտի կանոնադրության սահմաններում ինչ որ կթույլատրվի, հիմնարկը դա էլ կանի: Մենք չպիտի մեր քայլերը քաղաքացու հետ համաձայնեցնենք: Հարցը իրավական դաշտում է լուծվել ու վերջ: Նախկին տնօրենները ժամանակին լավություն են արել, ուրեմն գլուխներս պատովը տա՞նք: 15 տարի ապրում են: Քանի՞ տարին կարելի է համարել ժամանակավոր»:

Տնօրենի հետ զրույցի ժամանակ, իր շեֆի թասիբին կանգնելով, միջամտեց նաեւ ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Մովսիսյանը, որը բավականին ագրեսիվ տոնով արձագանքեց. «Հարցեր ունեք՝ գնացեք դատարան: Սա ի՞նչ բան է, մենք պարտավոր չենք ամեն մեկի հարցերին պատասխանել: Սա ազգային հարստություն է»:

Մենք տնօրենին հիշեցրինք, որ Բուսաբանական այգին սեփական տուն կամ օբյեկտ չէ, այլ պետական հիմնարկ է եւ համաձայն «Զանգվածային լրատվության մասին» օրենքի, այգու ղեկավարությունը պարտավոր է տեղեկատվություն տրամադրել: Իսկ ինչ վերաբերում է այգու՝ ազգային հարստություն լինելուն, ապա անհասկանալի է, թե այդ հարստությունն ինչպես են պահպանելու գազալցակայանի, հացի փռի եւ տաքսի սերվիսի առկայության պայմաններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել