Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱՆԴԱՏԸ ՎԱՅՐ ԴՐԵՑ

Ապրիլ 26,2008 00:00

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը մի քանի օր առաջ մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին: Դիմումը կհրապարակվի ԱԺ ապրիլի 28-ին կայանալիք նիստում: Վահե Հովհաննիսյանն «Ա1+»-ին հայտնել է, թե մանդատից հրաժարվելու պատճառներն առավելապես անձնական բնույթի են. «Պարզապես ցանկանում եմ փոխել աշխատանքս, անցնել մասնավոր սեկտոր, իսկ պատգամավորն իրավունք չունի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Ես վաղուց էի պատրաստվում դիմում ներկայացնել եւ չէի ցանկանա, որ այն տարբեր մեկնաբանությունների առիթ տար: Իմ քայլի մասին ես մոտ մեկ ամիս առաջ տեղյակ եմ պահել ԲՀԿ խմբակցության ղեկավարին, որն ըմբռնումով է մոտեցել իմ ցանկությանը: Գագիկ Ծառուկյանի հետ որեւէ խնդիր չունեմ եւ երբեւէ չեմ ունեցել. 1 տարուց ավելի միասին աշխատել ենք բացառապես փոխադարձ հարգանքի պայմաններում, եւ չեմ կարծում, որ իմ՝ ԱԺ-ում չլինելը որեւէ բան կփոխի մեր հարաբերություններում»:

Թեեւ օրենքը պատգամավորին իրոք արգելում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ԱԺ-ում բազմաթիվ են այն օրենսդիրները, որոնք փաստացի գործարարներ են՝ սկսած հենց ԲՀԿ ղեկավարից: Այնպես որ՝ Վահե Հովհաննիսյանի ներկայացրած պատճառաբանություններն ակնհայտորեն լիարժեք չեն: Հիշեցնենք, որ փետրվարի վերջին, երբ ընդունվել էր կոալիցիայի հայտարարությունը հետընտրական իրողությունների վերաբերյալ՝ Վահե Հովհաննիսյանն առաջարկել էր տեքստից հանել վիրավորանքներն ընդդիմության հասցեին, եւ ինչպես նա հայտնել էր «Ազատություն» ռ/կ-ին՝ այդ առաջարկն ընդունվել էր Սերժ Սարգսյանի կողմից: Սակայն երբ հրապարակվեց հայտարարության տեքստը՝ պարզ դարձավ, որ վիրավորանքները պահպանված են:

Քանի որ Վահե Հովհաննիսյանը պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ թափուր մնացած պատգամավորական մանդատը ԿԸՀ-ն կհանձնի կուսակցության ցուցակով հաջորդին: Սակայն հաջորդը՝ Դ. Վարուժանի անվան դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանը երեկ արդեն իսկ ինքնաբացարկի մասին դիմում է ներկայացրել ԿԸՀ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել