Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ստորագրությունս կեղծվել է»

Ապրիլ 26,2008 00:00

Պնդում է Գեղամ Գասպարյանը

ԿԸՀ-ն ապրիլի 23-ի նիստում որոշեց դատախազություն ուղարկել Գեղամ Գասպարյանի եւ Վիկտորյա Հարությունյանի դիմումները, թե իրենք չեն ստորագրել ՕԵԿ համամասնական ցուցակից բացարկի մասին դիմումները: ՕԵԿ խոսնակի մեկնաբանությունն էր, թե ՕԵԿ վարչության որոշմամբ՝ վերջին 10 տարվա բոլոր ԱԺ ընտրությունների ընթացքում պատգամավորության թեկնածուները գրել են ինքնաբացարկի դիմումներ, եւ նման դիմումներ էին գրել նաեւ վերոհիշյալ 2 անձինք, որոնք դեռեւս 1 տարի առաջ էին դուրս եկել ցուցակից. «Մինչ օրս նրանք երբեւիցե չեն վիճարկել ինքնաբացարկի օրինականության հարցը: Մինչդեռ նրանք դա հասկանալի պատճառներով կատարում են այսօր, երբ կուսակցությունը դարձել է կոալիցիայի անդամ»:

Գեղամ Գասպարյանն այս կապակցությամբ ասաց «Առավոտին». «Այո, կուսակցության մեջ ընդունված ներքին կարգ կա, որ պատգամավորության ցուցակում ընդգրկվողների հիմնական մասը նախապես գրում են նման դիմում: Դա արվում է, որպեսզի ըստ աշխատանքի՝ հետագայում կատարվի բաշխում: Հովհաննես Մարգարյանն ասուլիսում ասաց, թե ինքն էլ է գրել նման դիմում: Ես ուզում եմ նրան հիշեցնել, թե այո՛, ինքը պիտի գրեր, քանի որ Մարգարյանը կուսակցության մեջ ունեցած իր ավանդով չի կարող մրցակցել ինձ հետ: Ես կուսակցությունում եմ 1998-ից՝ ՕԵԿ ակունքներից, եւ ունեմ բարոյական եւ իրավական իրավունքը չգրելու նման դիմում: ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ստեց, երբ հայտարարեց, թե ես ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել, նաեւ ստեց՝ պնդելով, թե ես դիմում եմ ներկայացրել ՕԵԿ-ից դուրս գալու: Նման դիմում չեմ տվել մինչ օրս»:

Նշենք, որ Գեղամ Գասպարյանն աշխատում էր ԱԺ վերահսկիչ պալատում, բայց 2007-ի նոյեմբերից այլեւս գործազուրկ է: Մեր հարցին, թե ինչո՞ւ այս խնդիրը չի փորձել պարզել անցած 1 տարում՝ նա պատասխանեց. «Ցուցակից դուրս գալու մասին ինձ ոչ ոք չի տեղեկացրել՝ ո՛չ ՕԵԿ-ից, ո՛չ ԿԸՀ-ից: Շուրջ 20 օր առաջ ԿԸՀ կայքէջից պատահաբար տեղեկացա, որ ես չկամ ցուցակում: Իմ բոլոր հարցադրումները կուսակցության գրասենյակ՝ այս խնդիրը պարզաբանելու շուրջ, մնացել են անպատասխան: Ես ստիպված եմ ԿԸՀ դիմում ներկայացրել՝ պարզաբանում պահանջելով, թե ինչու չկա իմ անունը: Եվ ԿԸՀ-ից ստացել եմ պատասխան, թե իմ անունով դիմում կա: Դրանից հետո եմ ներկայացրել 2-րդ դիմումը ԿԸՀ-ին, որ նման բացարկ չեմ ներկայացրել: Իմ ստորագրությունը կեղծվել է՝ այլ կերպ լինել չէր կարող: Թող դատախազությունը փորձաքննություն անցկացնի եւ պարզի»: Հարցադրմանը, թե այնուամենայնիվ առկախել էր իր գործունեությունն ՕԵԿ-ում, առնվազն ակտիվ չէր՝ պրն Գասպարյանը պատասխանեց. «2007-ի ԱԺ ընտրությունների ժամանակ եւ դրանից առաջ ես բավական ակտիվ աշխատել եմ կուսակցությունում եւ պայքարել ՕԵԿ-ի ձայների համար»: Իսկ 2008-ի նախագահական ընտրություններում պայքարե՞լ է Արթուր Բաղդասարյանի համար՝ հարցին էլ արձագանքեց. «Այ դա ուրիշ խնդիր է: Բայց դա հիմք չի տալիս կուսակցության ցուցակից մարդու անունը՝ նրա ստորագրությունը կեղծելու միջոցով, հանելու»: Գեղամ Գասպարյանը նշեց. «Հովհաննես Մարգարյանն ասաց, թե կուսակցությունից մանդատ կորզել չի հաջողվի, մանդատը պետք է վաստակել: Ուզում եմ հակադարձել՝ Հովհաննես Մարգարյանը կուսակցության մեջ մանդատ վաստակելը շփոթում է քծնանքի հետ: Եվ եթե նրա ասածի մեջ մանդատ բառը փոխենք իշխանություն բառով՝ կստացվի, որ իշխանությունը պետք չէ կորզել, պետք է վաստակել: Սա բնութագրում է հենց մարգարյանենց գործունեությունը՝ նրանք գնում են իշխանությունը կորզելու, մինչդեռ այն պետք է վաստակել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել