Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԻՑ ՀԵՏՈ՝ ՈՉ ՄԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 26,2008 00:00

\"\"Երեկ գլխավոր դատախազության դիմաց դարձյալ ցույց էին անում կանայք այն անձանց, որոնց Եվրոպայի խորհուրդը եւ ԱՄՆ-ն անվանում են՝ «թվում է, թե քաղաքական միտում ունեցող» մեղադրանքներով կալանավորվածներ:

Այս անգամ դատախազության դիմաց ցույց անող կանայք քիչ էին, քանի որ մեծ մասը մեկնել էին Գյումրի՝ մասնակցելու Պետրոս Մակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի դատավարությանը: Ցույցին մասնակցում էին ոչ միայն քաղբանտարկյալների կանայք: Ասենք, Տաթեւիկ Բեժանյանը հայտնեց. «Ես քաղբանտարկյալի հարազատ չեմ, բայց ես բոլոր քաղբանտարկյալներին համարում եմ իմ հարազատը»: Կանայք լուռ կանգնեցին՝ պարզած իրենց կարգախոսները: Փոքրաթիվ ոստիկաններն այս անգամ չխոչընդոտեցին նրանց գործողություններին:

Կալանավորված Ալեքսանդր Արզումանյանի կինը՝ Մելիսա Բրաունը պատմեց, որ անցած շաբաթ գլխավոր դատախազությանը հանձնած իրենց դիմումին խոստացել են պատասխանել մեկ ամսվա ընթացքում: «Ամեն ուրբաթ հավաքվելու ենք դատախազության մոտ,- ասաց Մելիսա Բրաունը:- Հիմա Ալիկի ու շատերի նախնական կալանքի սահմանված 2 ամիսը լրանում է, ու նրանք կարող են հեշտուհանգիստ ավելացնել այդ ժամկետը: Բայց անցած 2 ամսում ո՛չ մի հարցաքննություն, քննչական ո՛չ մի գործողություն չի արվել ոչ միայն Ալիկի հետ, այլ նաեւ շատերի: Այսինքն՝ նրանք իզուր նստած են արդեն 2 ամիս, եւ երեւի էլի 2 ամիս կսահմանեն՝ առանց որեւէ քննություն իրականացնելու: Այդ պատճառով էլ, երբ ԱԺ եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը հեռուստատեսությամբ հորդորում է, թե համբերեք՝ նախաքննություն է ընթանում, հարց է առաջանում՝ ինչի՞ պիտի համբերենք: Թող գոնե փոխեն խափանման միջոցը եւ շարունակեն քննությունը: Ալիկն առանց այդ էլ իրավունք չուներ երկրից հեռանալու՝ դեռ այն հին քրգործով»: Մեր դիտարկմանը, թե իրավապահները գուցե հաշվի են առնում այն հանգամանքը, որ նա կարող է թաքնվել քննությունից՝ Մելիսա Բրաունն այսպես հակադարձեց. «Եթե իմ ամուսինը թաքնվող լիներ՝ վաղո՜ւց իրավունք ուներ ինձ հետ գնալ ցանկացած երկիր: Նրան կալանավորված են պահում միայն այն պատճառով, քանի որ այժմ շարժման ընդամենը մի քանի չկալանավորված առաջնորդներ կան: Եթե մյուսներին էլ ազատ արձակեն՝ շարժումն անխուսափելիորեն ավելի կմեծանա, կհզորանա՝ դրանից են վախենում»: Մեր հարցին, թե արդյոք փոփոխություններ եղե՞լ են ԵԽԽՎ բանաձեւի ընդունումից հետո, որի պահանջներից մեկն էլ «քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով» կալանավորվածներին եւ անձնապես որեւէ բռնի գործողություն չկատարածներին ազատ արձակելն է՝ Մելիսա Բրաունը պատասխանեց. «Ոչ մի փոփոխություն չկա՝ էլի ամեն օր շարունակում են բերման ենթարկել: Ասենք, ապրիլի 23-ին բերման ենթարկեցին մեր այն երիտասարդներին, որոնք տեղյակ էին պահում ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ երթի մասին: Դաշնակցական երիտասարդներին արտոնեցին երթ անել, իսկ մեր երիտասարդները ժամեր են անցկացնում ոստիկանությունում՝ անգամ տեղեկատվություն տարածելու իրավունք չունեն: Ուստի բանաձեւի ընդունումից հետո ոչ մի դրական փոփոխություն չկա՝ չեմ տեսնում որեւէ քայլ դեպի արդարություն»:

Կալանավորված Գրիգոր Ոսկերչյանի կինը՝ Մարինե Հարությունյանը պատմեց. «Ապրիլի 24-ին մենք պատրաստվում էինք գնալ Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մեր ակցիային մասնակցելու, բայց աբովյանցի բազմաթիվ տղաների առավոտյան նորից բերման ենթարկեցին Ազգային անվտանգության ծառայություն ու մինչեւ 15-ը պահեցին: Ինչ-որ ցուցմունքներ են նրանցից պահանջում Ոսկերչյանի դեմ, որոնք այդ մարդիկ չեն կարող տալ: Ինչ-ինչ փողային կապեր են փնտրում, քանի որ արդեն նրա կալանքի 2 ամսվա սահմանված ժամկետն էլ է սպառվում»:

Մատենադարանի կալանավորված փոխտնօրեն Արշակ Բանուչյանի կնոջը՝ Քնարիկ Խաչատրյանին էլ ուղղեցինք նույն հարցը, թե արդյոք ԵԽԽՎ բանաձեւից հետո տեսնո՞ւմ է փոփոխությունների միտումներ: «Առայժմ նման միտումներ չեմ տեսնում,- պատասխանեց նա՝ հիշատակելով, որ «Ժառանգություն» խմբակցությունը դիմել է միջնորդությամբ՝ մի շարք անձանց խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:- Իմ ամուսնու անունն էլ է եղել այդ միջնորդության մեջ: Առայժմ սպասում ենք պատասխանի: Կարող են, համենայնդեպս, ազատ արձակել՝ չբացակայելու ստորագրությամբ կամ մեկ այլ եղանակով, եւ վարել իրենց նախաքննությունը, որի արդյունքում, վստահ եմ՝ հաստատվելու է իմ ամուսնու անմեղությունը: Կարծում են, թե Մատենադարանի փոխտնօրենը պիտի փախչի՞ կամ խոչընդոտի՞ քննությանը: Իմ պահանջը դա՝ առայժմ գոնե փոխել խափանման միջոցը»:

Հուսիկ Բաղդասարյանի վերաբերյալ արդեն իսկ առկա դատավճիռը բողոքարկվել է վերաքննիչ դատարան, սակայն դատի օրը դեռ նշանակված չէ. այս մասին մեզ հայտնեց նրա դուստրը՝ 16-ամյա Անահիտ Բաղդասարյանը, որը նույնպես մասնակցում էր ցույցին՝ մոր եւ Հուսիկ Բաղդասարյանի զոքանչի հետ: Վերջինս՝ Սուսաննա Հասրաթյանը հայտնեց. «Դատավճռից դատելով, որում հաշվի էին առել «հասարակական վտանգավորության աստիճանը», քանի որ Հուսիկը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ակտիվիստներից մեկը՝ բոլորովին հույս չունենք, թե կփոխվի որեւէ բան»:

Ի դեպ, «անիմանալի» է մեր դատական մարմինների մոտեցումը. նույն հանցանքի համար՝ ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու համար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Գեղամ Հարությունյանը դատապարտվեց 1,5 տարվա պայմանական ազատազրկման, իսկ նույն կուսակցության անդամ Հուսիկ Բաղդասարյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման: Նշենք նաեւ, որ Գեղամ Հարությունյանի պարագայում ապօրինին իրոք զենք էր (1998-ին պաշտպանության նախարարի հրամանով նրան պարգեւ տրված ատրճանակն էր, որը գրանցված չէր ոստիկանությունում), իսկ Հուսիկ Բաղդասարյանի դեպքում՝ խոսքը 16 փամփուշտի մասին է: «Չօգտագործված փամփուշտների համար 3 տարվա ազատազրկման են դատապարտում, իսկ Պողոս Պողոսյանին սպանողին տալիս են 1 տարվա պայմանական ազատազրկում: Որքանո՞վ է սա բարոյական»,- վրդովվեց Տաթեւիկ Բեժանյանը: Այնուամենայնիվ, հույս ունի՞ արդյոք, որ վերաքննության հետեւանքով ազատ կարձակեն հորը՝ հարցին, Անահիտ Բաղդասարյանը պատասխանեց. «Հույսը վերջինն է մեռնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել