Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԵԿ ՔԱՅԼ՝ ՄԻՆՉ ՀԶՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ

Ապրիլ 26,2008 00:00

Այդպես է Արա Սահակյանը գնահատում ապրիլի 24-ի ընդդիմության երթը

Ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ ընդդիմության երթին մասնակցում էր նաեւ ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը: Հետաքրքրվեցինք՝ արդյոք այս մասնակցությունը նշանակո՞ւմ է վերադարձ ակտիվ քաղաքականություն: Պարոն Սահակյանը հարցի պատասխանից խուսափեց: Խնդրեցինք ներկայացնել այդ օրվանից իր ստացած տպավորությունները: «Մարդիկ հավաքվեցին նախապես պայմանավորված վայրում՝ Հյուսիսային պողոտայում, եւ շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Ես երկար ժամանակ չէի եղել մարդկանց այդպիսի մեծ կուտակման մեջ եւ մեծ ոգեւորություն ապրեցի ոչ այնքան քանակությամբ (իսկ եկել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի տասնյակ հազարավոր համախոհներ՝ առանձին երթով Ծիծեռնակաբերդ բարձրանալու համար), որքան ոգեղենությամբ: Ինձ ոգեւորեցին մարդկանց դեմքերը, տրամադրությունը, վարքագիծը, խոսքը: Մեծամասնությունը երիտասարդներ ու կանայք էին: Մի անտեսանելի կապ էր հաստատված բոլորի միջեւ: Ես հասկացա, որ շատերը վաղուց միմյանց ճանաչում են՝ չորս կողմում մարդիկ միմյանց բարեւում եւ որպիսություն էին հարցնում: Հետո՝ ամենապարզ բաները՝ լռություն պահպանելը, բռունցքներ բարձրացնելը, մեկին սաստելը, սադրանքներին չտրվելու հորդորները եւ այլն արվում էին բոլորին հասկանալի կես բառով, թռուցիկ հայացքով: Լեւոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ համախմբված ու հառնած Շարժումը ձեռք է բերել հոգեւոր ու գաղափարական այնպիսի միասնականություն, որ նրանից մինչեւ քաղաքական մի հզոր շարժման ձեւավորում մնում է մեկ քայլ: Մարդիկ պատրաստ են իրենց ցանկություններն ու ձգտումները փոխադրել քաղաքական նոր ծրագրերի հռչակման ու իրականացման հարթություն»,- ասում է Արա Սահակյանը:

Ապրիլի 24-ի երեկոյան բոլոր հեռուստաեթերները այդ շարժումը եւ երթը ներկայացրին իբրեւ «ապազգային» մարդկանց խումբ, ովքեր իրենց ամբիցիաները բավարարելու համար պատրաստ են նաեւ սրբությունները ոտնահարել: Ճի՞շտ վարվեց ընդդիմությունը, որ համազգային սգի օրը եւս օգտագործեց՝ իր պահանջներն առաջ քաշելու համար: Հարցին Արա Սահակյանը պատասխանեց կտրուկ. «Այո, կարելի էր եւ բազմիցս կիրառվել է այդ գործելակերպը: 1965-ին էլ է դա արվել, 1988-ին, 89-ին ու 90-ին նույնպես: Եղեռնի զոհերի ոգեկոչումը միայն սգո արարողություն չէ կամ թուրքին հայհոյելը մասնագիտություն դարձրածների մեկօրյա հոխորտանքի ակցիա: Հայ ժողովուրդը արդեն 40 տարի ապրիլի 24-ին ի մի է բերում ու բարձրաձայնում իր բոլոր մեծ ու փոքր, հին ու նոր տագնապները: Ապրիլի 24-ին հայերս Ծիծեռնակաբերդ ենք բարձրացել Կոմիտասի, Չարենցի, Սեւակի ու հայոց մյուս նահատակների հիշատակը խնկարկելու, հայկական դպրոցները պահպանելու, Ղարաբաղի հայերին Ադրբեջանի ոտնձգություններից պաշտպանելու, Սումգայիթի ոճրագործության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու, Ազգային պետականությունը վերականգնելու պահանջներով: Եվ որպես կանոն, օրվա իշխանությունը նույն քարոզն է կարդացել՝ թե ամոթ է շահարկել ու նման տաղտուկ բարբաջանքներ: Դա, գուցե, տեղին լիներ մի երկրում, որտեղ տարրական քաղաքական եւ քաղաքացիական ազատությունները երաշխավորված են, բայց ոչ խորհրդային ամբողջատիրության կամ ներկա բռնատիրության պայմաններում: Հիմա, երբ խաղաղ ցույցի մասնակիցներ են նշանառու կրակով գնդակահարվել, 70-ից ավելի քաղաքական գործիչներ են զնդան նետվել, շինծու մեղադրանքներով դատավճիռներ են թխվում, հարյուրավորները ծեծի ու անարգանքի են ենթարկվել՝ լռելը սրբապղծություն է. լռելու քարոզը՝ երեսպաշտություն: Ցանկացած առիթ պետք է օգտագործել: Դա պետք է լինի մշտական պայքար թեկուզ նրա համար, որ ուզուրպատորները ավելի չլկտիանան: 35 տարի առաջ, երբ «Արարատի» չեմպիոնության առիթով երիտասարդներս վանկարկում էինք՝ «հայեր» կամ «միացեք», իշխանավորներն ասում էին, թե սպորտը չի կարելի քաղաքականացնել, բայց մենք Հայրենիքի նկատմամբ մեր սերը, մեր ազգային արժանապատվությունը միասնաբար արտահայտելու այլ տեղ չունեինք: Եվ ճիշտ էինք վարվում, որովհետեւ մենք չէինք բանտում մեր մտքերը, տրամադրությունները, զգացմունքները: «Չի կարելիի» վարժապետները թող իրենց թոռնիկներին դաստիարակելիս այդպես վարվեն, հատկապես, երբ նրանք մատով դիպչում են, ասենք, այրող կամ սուր կտրող առարկաների: Հասարակությունն իրավունք ունի անելու այն ամենը, ինչն արգելված չէ: Եվ եթե Անկախության 17-րդ տարում մեր եթերը զավթել են մարդիկ, ովքեր դա չեն հասկանում, ապա դա նրանց անձնական ողբերգությունն է: Նրանք շատ արագ դուրս կշպրտվեն մեր միջավայրից»: Ընդհանրապես, վերջին մի քանի օրերին հեռուստատեսությամբ բորբոքվող հակաթուրքական քարոզչության վերաբերյալ մեր զրուցակիցն ասում է. «Արտաքին թշնամիների ակտիվ որոնումը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ պարզապես որեւէ հարեւանի կամ գաղափարախոսություն, հասարակական համակարգ որպես թշնամի հռչակելը ու դրանց դեմ պայքարին ողջ հասարակությանը զինվորագրելու ճիգերը բնորոշ են այն պետություններին, որտեղ ղեկավարներն իշխանությանը տիրացել են ապօրինաբար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել