Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չգիտեմ…

Ապրիլ 25,2008 00:00

Ինչպես մարդը չի կարող փախչել սեփական ստվերից, այնպես էլ ազգերը զորու չեն անտեսել սեփական պատմությունը, որը, ժամանակների հեռավոր խորքերում արթնանալով, աննկատելիորեն ձեւավորում է, կերպավորում եւ ողնաշարի պես դարձնում շոշափելի սեփական ինքնությունը: Որն է՝ ցեղի ներքին, արյան հիշողության սահմանադրությունը, ուր մարդը սկսում է սրտով հիշել այլեւս: Եվ կարծես թե բոլորովին էլ կարեւոր չէ, թե որ կողմից է արեւը լուսավորում մարդուն՝ դեմի՞ց, թե՞ թիկունքից, բայց մեկ բան էական է հաստատ, թե որտեղ է հայտնվում քո ստվերը՝ քո պատմություն-ստվերը՝ քո դիմա՞ց, թե՞ թիկունքում: Եվ եթե քայլքիդ ընթացքը այնպես է, որ քո ստվերը միշտ քո դիմացն է, այսինքն թե՝ ինքն է առաջնորդում քեզ, ուրեմն դու ոչ թե համընթաց ես ժամանակին, այլ անվերջ գնում ես դեպի քո պատմությունը, ուր խորանալով խճճվում ես վեցհազարամյա հիշողության սարդոստայնում՝ շարունակ փնտրելով արդարությունը բաղձալի: Այնինչ քո միակ իրականությունը քո երկրում ապրելու ցանկությունն է, ուր եւ ձեւավորվել է սրտիդ հիշողությունը: Այսինքն թե՝ պետք չէ քայլել սեփական ստվերի հետքով եւ պետք չէ նաեւ մոռանալ քեզ հետապնդող քո իսկ ստվերը, այլ պիտի այն ունենալ ներսում, որպես հիշողության սահմանադրություն՝ չմոռանալով, որ քո ներկա հայրենիքն է երկար փնտրված պատմական ճշմարտության հասնելու քո միակ ճանապարհը…Երեկ, մինչ ուշ գիշեր, անընդհատ երթը ծավալվում էր դեպի Ծիծեռնակաբերդ: Եվ սրբագործ կրակը բոլորող ծաղիկների պատը շարունակ բարձրանում էր՝ ի հիշատակ մեր սուրբ նահատակների հոգիների, որոնք ծնվեցին, եկան աշխարհ, բայց չգնացին աշխարհից, չարժանացան բոլորին հասու մի բուռ հողի եւ, մնալով անշիրիմ, ամեն տարի ծաղիկների տեսքով հավաքվում-շրջապատում են ապրեցնող կրակը, որը մի բիրտ ձեռք մի օր հանգցրել էր նրանց կյանքի ճանապարհին: Ու հիմա ես չգիտեմ՝ խիղճը հայրենիք ունի՞, թե՞ ոչ, կամ հայրենասիրությունը՝ խիղճ, ինչպես նաեւ մի բան նույնպես հաստատ չգիտեմ, որ եթե մի օր հնչեր նույնիսկ Աստծո ձայնը եւ ասեր մեզ. թաղիր քո հիշողության մեջ ապրող նահատակներին եւ ապրիր երջանիկ… մենք ի՞նչ կպատասխանեինք Աստծո հորդորին… չգիտեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել