Կարծում է ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը
«Թուրքիայում տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրականացվել է տաբուի քաղաքականություն: Այս խնդիրը փորձ է արվել դուրս մղել հասարակական քննարկումներից ու պատմությունից: Թուրքիայի Հանրապետությունն ըստ էության հիմնված է Հայոց ցեղասպանության ժխտման դրույթի վրա. Թուրքիայի Հանրապետությունը ստեղծվել է այն տարածքի վրա, որը բռնազավթվել է ցեղասպանության արդյունքում»,- երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նա խոսեց Հայոց մեծ եղեռնի ճանաչման գործընթացի հետ կապված երկու առանձնահատկությունների մասին. «Առաջինն այն է, որ ցեղասպանության ճանաչման գործընթացը դարձել է պայքարի թատերաբեմ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ: Երկու երկրներն էլ նախապատրաստական բնույթի քայլեր են ձեռնարկում՝ հարցն իրավական դաշտ տեղափոխելու համար: Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ այս տարվա ապրիլի 24-ը համընկավ Թուրքիայում՝ ավելի ու ավելի ուժեղացող ներքին քաղաքական ճգնաժամին: Գնալով մեծանում է ԵՄ ազդեցությունը Թուրքիայի ներքին քաղաքական կյանքի վրա: Եթե հնարավոր լինի Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը տեղափոխել ԵՄ քաղաքականության օրակարգ, Թուրքիայի կողմից, ԵՄ-ի ճնշման ներքո, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու շանսերը կմեծանան»: Ռ. Սաֆրաստյանը հայտնեց, որ դեռ անցյալ տարի Թուրքիայի արտաքին գերատեսչության շրջանակներում ստեղծվել է հատուկ խումբ՝ բաղկացած ոչ միայն թուրք, այլեւ արտասահմանցի դիվանագետներից, նախկին դեսպաններից ու իրավագետներից, որոնք մանրակրկիտ քննում են, թե որքանով է Թուրքիային ձեռնտու հարցն իրավական դաշտ տեղափոխելը: Բանախոսի կարծիքով, ցեղասպանության ճանաչման գործընթացը իրավական դաշտ տեղափոխելու նպատակներից մեկն էլ կատարվածի համար հատուցում պահանջելն է. «Հատուցման ձեւերը կարող են լինել տարբեր՝ տարածքայինից մինչեւ նյութական»:
Բանախոսը հայտնեց, որ Թուրքիայում կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, որը խորհրդարանում ունի մեծամասնություն, այժմ կանգնած է արգելման եզրին: Քեմալականները, որոնք հանդես են գալիս Թուրքիայի զարգացման աշխարհիկ մոդելի օգտին, փորձում են այդ կուսակցությանը հեռացնել քաղաքական թատերաբեմից: Այս զարգացումները առաջացրել են ԵՄ դժգոհությունը: Թուրքագետի խոսքերով. «Թուրքիայի կառավարող կուսակցությունն այնքան վտանգված է զգում իրեն, որ դիմել է ԵՄ… Կարծում եմ, Թուրքիայի ծանր վիճակում լինելը մեր օգտին զիջումների գնալու հնարավորություն է ստեղծում»:
«Առավոտը» Ռ. Սաֆրաստյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հղած շնորհավորական ուղերձի մասին, որտեղ Ալի Բաբաջանը ասել էր, որ ինքը հավատում է, թե միասին կօգտվեն նոր քաղաքական իրողությունների հնարավորություններից ու իմաստալից արդյունքով «կերկխոսեն». «Ալի Բաբաջանի ողջույնի հեռագիրը շարունակում է այն քաղաքականությունը, որը հիմք է դրվել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի շնորհավորական հեռագրով՝ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին… Դա թուրքական քաղաքական վերնախավի մի փորձն է՝ Թուրքիայում ծավալվող ճգնաժամային պայմաններում Հայաստանի հետ դրական փոփոխություններ արձանագրելու, որը կապահովի կառավարող վերնախավին Եվրոպայի աջակցությունը: Եթե ԵՄ-ն Թուրքիայի առջեւ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ չի դնում, ապա պնդում է, որ նորմալացնի իր հարաբերությունները Հայաստանի հետ: Թուրքիայի քաղաքական կառավարող խմբավորումը փորձում է այս ճանապարհով մեղմել հայ-թուրքական հարաբերությունները եւ ստանալ Եվրոպայի աջակցությունը: Այնպես որ՝ ժամանակը ցույց կտա, թե Թուրքիայում ինչ լրջությամբ են պատրաստ Հայաստանի հետ իրավահավասարների երկխոսություն ծավալել»: