Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարզական անցուդարձ

Ապրիլ 25,2008 00:00

Տղաների օրը չէր

Բուլղարիայում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնության երրորդ տուրն անհաջող էր մեր հանրապետության ներկայացուցիչների համար:

Տղամարդկանց մրցաշարում մեր անվանի գրոսմայստերներն անհաջողության մատնվեցին: Պարտություն կրեցին Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը եւ Աշոտ Անաստասյանը: Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Քոթանջյանը, Կարեն Ասրյանը, Տիգրան Պետրոսյանը, Դմիտրի Հարությունյանը իրենց անվան դիմաց գրանցեցին կեսական միավոր եւ միայն Սամվել Տեր-Սահակյանին հաջողվեց առավելության հասնել Ֆրանգիսկոս Սիգալասի նկատմամբ: Չորրորդ տուրից առաջ Հայաստանի ինը շախմատիստներից հինգն ունեն 2,0-ական միավոր: Մեր տղաները մրցաշարային աղյուսակում 332 մասնակիցների մեջ դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ:

47. Գաբրիել Սարգսյան 2,0

53. Տիգրան Քոթանջյան 2,0

92. Կարեն Ասրյան 2,0

113. Վլադիմիր Հակոբյան 2,0

126. Տիգրան Պետրոսյան 2,0

146. Աշոտ Անաստասյան 1,5

170. Արտաշես Մինասյան 1,5

184. Սամվել Տեր-Սահակյան 1,5

252. Դմիտրի Հարությունյան 1,0

Պլովդիվում երեք հաղթանակ էին տարել մեր երկու հայրենակիցները՝ Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը եւ Սերգեյ Գրիգորյանցը (Ռուսաստան):

Հակառակ տղամարդկանց, մեր աղջիկներից երեքը՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը եւ Նելլի Աղինյանը, պարտության մատնեցին իրենց մրցակիցներին: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Սիրանուշ Անդրիասյանը եւ Աննա Հայրապետյանը անհաջողության մատնվեցին: Երեք տուրից հետո Լիլիթ Մկրտչյանը 2,5 միավորով 6-րդ տեղում էր: Էլինան եւ Նելլին 2,0-ական միավորով համապատասխանաբար զբաղեցնում էին 42-րդ եւ 62-րդ տեղերը: Այնուհետեւ գալիս էին. 95. Լիլիթ Գալոյան՝ 1,5, 107. Սիրանուշ Անդրիասյան՝ 1,0 եւ 146. Աննա Հարությունյան՝ 0,5 միավոր:

Երեկ չորրորդ տուրի օրն էր:

Ֆուտբոլիստների սիրտը պետք է հետազոտվի

\"\"ՈՒԵՖԱ-ի բժշկական կոմիտեի ղեկավար դոկտոր Միշել Դ՝ Հուգեն հայտարարել է, թե ամեն մի առաջնությունում մրցաշրջանի մեկնարկից առաջ անհրաժեշտ է հայտավորված բոլոր ֆուտբոլիստների սիրտը հետազոտել: Նման պրակտիկայի կիրառում արդեն մասնակիորեն մտցվել է ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցումներում: Մասնավորապես, հունիսին համապատասխան բժշկական հետազոտություն են անցնելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակից հավաքականների բոլոր անդամները: Այդպիսի որոշում կայացվել է այն բանից հետո, երբ վերջին ժամանակներս սրտի աշխատանքի խափանման պատճառով մի քանի ֆուտբոլիստ է մահացել, այդ թվում՝ «Սեւիլիայի» 22-ամյա կիսապաշտպան Անտոնիո Պուերտան եւ «Մոտեռուելլի» ավագ՝ 35-ամյա Ֆիլ Օ՝ Դոննելը:

«Անհրաժեշտ է վստահ լինել, որ դա այլեւս չի կրկնվի,- հայտարարել է մասնագետը:- Բավական է միայն մրցաշրջանի մեկնարկից առաջ ստուգել, թե ֆուտբոլիստի սիրտը կդիմանա՞ առաջարկվող ֆիզիկական ծանրաբեռնվածություններին»:

Աբրահամն սկսել է նախապատրաստվել

IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն սկսել է նախապատրաստվել կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ հունիսի 21-ին կայանալիք ռեւանշ մրցամարտին: Նա «Sauerland Events» պրոումոթերական ընկերության մի քանի այլ բռնցքամարտիկների հետ մարզումների վայր է ընտրել Շվեյցարիայի Զամնաուն քաղաքը, որը հայտնի է որպես լեռնադահուկային առողջարան:

Հանգամանքների բերումով, այդ քաղաքում է նաեւ հյուրախաղերի եկած հայտնի երգիչ, ջամայկացի Ջիմմի Քլիֆը, որն Արթուրի մեծ երկրպագուն է, ինչի համար էլ Արթուրը նրան հրավիրել է Ֆլորիդա՝ ներկա գտնվելու իր մենամարտին: Երգիչը խոստովանել է, որ բռնցքամարտի եւ երաժշտության մեջ շատ ընդհանրություններ կան՝ լեփ-լեցուն դահլիճներ, դժվար մարզումներ, փորձեր, անմնացորդ ինքնանվիրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել