Լրահոս
Օրվա լրահոսը

Մասսոնները դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը

Ապրիլ 25,2008 00:00

Եվ հավաստիացրին, որ աշխարհի բոլոր երկրներում կբարձրաձայնեն այդ մասին

Արդեն 2-րդ անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու էին ժամանել Արեւմտյան Եվրոպայում ամենամեծ, ֆրանսիական «Մեծ Արեւելք» երեքդարյա մասսոնական օթյակի ներկայացուցիչները: Երեկ նրանք ծաղկեպսակ դրեցին Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, իսկ ավելի ուշ հրավիրած ասուլիսում խոսեցին իրենց գործունեության մասին: Օթյակի փոխնախագահ Անդրե Աբը, «Մեծ Արեւելքի» բարեգործական հիմնադրամի փոխնախագահ Մարսել Վեյլը՝ արմատներով հայ, իրավաբանական հարցերով պատասխանատու Գի Հակոբյանը եւ օթյակի գանձապահ Բերնարդ Քոհեն Հադադը հավաստիացրին, որ իրենք Հայաստանում են, որպեսզի հայերի հետ միասին հիշեն եւ դատապարտեն ցեղասպանությունը: Անդրե Աբը ասաց. «50.000 անդամ ունեցող ֆրանս-մասսոնական օթյակը կողմ է ազատությանը, դեմոկրատիային եւ հատկապես հիշողությանը: Դժվար է պայքարել մարդկության հանդեպ կատարված հանցանքների դեմ՝ այն բառերով, որոնք այժմ օգտագործում է մարդկությունը: Այդ հանցանքները եւ ցեղասպանությունը երբեք չեն մնա անպատիժ: Հայերի եղեռնը, որը տարիներ շարունակ, ողջ պատմության ընթացքում, դիվանագիտության եւ քաղաքավարության կանոններին հետեւելու պատճառով մնացել է մոռացության մեջ, այսօր պիտի «գլուխ բարձրացնի» ու դատապարտվի: Հայկական հողի վրա մարդկանց խոշտանգել, սպանել են… Վկա ենք նաեւ այդ ամենի՝ աբսուրդի հասնող ժխտմանը: Արհամարհանքը, հանցանքը այլոց նկատմամբ՝ արհամարհանք, հանցանք է քո հանդեպ»:

Անցյալ տարի ֆրանս- մասսոնական կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել էին, որ կոչ են անում իրենց թուրք «կոլեգաներին»՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Լրագրողներին հետաքրքրեց, թե ի՞նչ արդյունքի են հասել: Պարոն Աբը պատասխանեց. «Մեր ղեկավարներից մեկը՝ Ժան Միշել Քիաղբին, որն այսօր Փարիզում արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ հիշում է Հայոց ցեղասպանությունը, այցելել էր Թուրքիա եւ հանդիպել այնտեղի մասսոնական օթյակի հետ, կոչ անելով նրանց՝ իրենց պարտքը կատարել պատմության առաջ եւ ընդունել Հայոց ցեղասպանությունը: Առայժմ դրական առաջընթաց չկա»: Լրագրողներին հետաքրքրեց նաեւ, թե մասսոնները ի՞նչ լծակներ են օգտագործում ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար: Գի Հակոբյանը պատասխանեց. «Միակ լծակը, որ ունի մեր օթյակը, խոսքն է, այսինքն՝ գնալ աշխարհի բոլոր երկրներ եւ բարձրաձայնել ցեղասպանության մասին»: Իսկ Ֆրանսիայի՝ 2001-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին պարոն Հակոբյանն ասաց. «Այն, որ ֆրանսիական Սենատը եւ ԱԺ-ն ընդունեցին օրենք, որով ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, իր գինն ունեցավ՝ Թուրքիայի հետ կապված քաղաքական-տնտեսական դժվարություններ»:

Հարցին՝ մասսոնների շարքերում հայեր կա՞ն, հայ հոր եւ իտալուհի մոր զավակ Գի Հակոբյանը պատասխանեց. «Այսօրվա դրությամբ Հայաստանում չկա մասսոնական օթյակ»: Իսկ իր զգացումների մասին ասաց. «Անցյալ տարի այս օրը այցելելով Ծիծեռնակաբերդ՝ 60-ն անց տարիքում առաջին անգամ զգացի իմ հայ լինելը»: Արմատներով հրեա պարոն Վեյլն էլ խոսեց հրեական Հոլոքոստի մասին: Ուստի հայ լրագրողներին հետաքրքրեց, թե Հոլոքոստ տեսած Իսրայելը ինչո՞ւ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Հնչեց պատասխանը. «Դա աշխարհաքաղաքական խնդիր է: Եվ եթե Իսրայելի կառավարությունը չի ճանաչում Հայկական ցեղասպանությունը, դա չի նշանակում, թե ժողովուրդը եւս չի ճանաչում այն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել