Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավական խճանկար

Ապրիլ 25,2008 00:00

Մեղադրանքից կհրաժարվե՞ն

«Առավոտի» տեղեկություններով, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող՝ Արտյուշ Գաբրիելյան) մեկ ամսով հետաձգվել է Երեւանի 178 միջնակարգ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Կարեն Թումոյանի նկատմամբ հարուցված քրգործի դատաքննությունը: Մեղադրական եզրակացությամբ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Հրայր Մանուկյանը հարված է ստացել եւ վիրահատվել ուսուցչի մեղքով: Ուսուցիչը մեղադրվում է Քրօրի 120 հոդվածի առաջին մասի հատկանիշներով («Անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը»): Դատաքննության հետաձգման պատճառը Երեւանի դատախազության ավագ դատախազ Սասուն Խաչատրյանի միջնորդությունն էր, ըստ որի՝ մեղադրանքը ճիշտ չէ: Մեղադրողը ներկայացրել է նոր միջնորդություն եւ պահանջել, որ ուսուցիչը մեղադրվի Քրօրի 112 հոդվածի առաջին մասով («Դիտավորյալ կերպով ծանր վնաս հասցնելը»): Սակայն Կ. Թումոյանը եւ Հրայր Մանուկյանի ներկայացուցիչ Ռուբեն Մինասյանը չեն ցանկացել ընդունել միջնորդությունը, քանի որ հաշտության են եկել: Ամբաստանյալը հրաժարվել է պաշտպան ունենալու իրավունքից:

«Առավոտը» նշյալ քրգործին անդրադարձել է «Արդյո՞ք ուսուցչի մեղքով է աշակերտը վիրահատվել» (08.04.2008) հրապարակման մեջ: Հոդվածը լույս տեսնելուց հետո մեզ զանգեց Հրայրի մայրը՝ Կարինեն, եւ հայտնեց, որ դպրոցի տնօրեն Նինա Բալոյանի եւ ուսուցչի ներկայացրած փաստերն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ որդին դեպքի օրը՝ ժամը 4-ին, արդեն հիվանդանոցում է եղել: Մոր խոսքերով՝ իրենք հարգել են դպրոցը եւ մեծ աղմուկ չեն բարձրացրել: Սակայն այժմ, ինչպես տիկին Կարինեն ներկայացրեց, ամեն ինչ անելու են, որ ե՛ւ ուսուցիչը, ե՛ւ դպրոցը պատժվեն: Երբ ասացինք, որ պատրաստակամ ենք դեպքի առնչությամբ տպագրել ձեր խոսքն էլ, ինչպես արել ենք ուսուցչի եւ տնօրենի պարագայում, կրկին հեռախոսափողը վերցրեց «խնամակալ» Ռուբեն քեռին եւ այս անգամ արդեն մեղմորեն ասաց. «Մեզ հետ գործ չունեք»: Ապա անջատեց հեռախոսը:

Գ. ՄԿՐՏՉՅԱՆ

Ի՞նչ է տեղի ունեցել «Նուբարաշենում»

Երեկ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը հաստատեց ապրիլի 22-ին «Առավոտում» տպագրված այն լուրը, թե ՔԿՀ-ում մահացել է ցմահ ազատազրկված:

Նա տեղեկացրեց, որ մահացել է ցմահ ազատազրկման դատապարտված Կարապետ Ղահրամանյանը: Վերջինս, 2005-ին, սրտի անբավարարություն ախտորոշմամբ, «Նուբարաշենից» տեղափոխվել էր Դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց: Այս տարվա հունվարի 12-ին կրկին տեղափոխվել էր Դատապարտյալների հիվանդանոց, իսկ մարտի 4-ին նրան տեղափոխել էին «Նուբարաշեն»: Մենք տեղեկացրել էինք, թե դատապարտյալը մահացել է քաղցկեղից, մինչդեռ, ըստ պաշտոնական տեղեկության, նա ապրիլի 20-ին մահացել է «ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումից»: «Առավոտի» հարցին, թե դատապարտյալներից այս տարի քանի՞սն են դիմել «ակտիրովկայի» (ՀՀ կառավարության 825-Ն որոշմամբ՝ ՔԿՀ-ից ազատվում են մահացու հիվանդությամբ տառապողները), ՔԿՀ մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ նրանք 8-ն են: Չի բավարարվել 3-ի դիմումը, ընթացքի մեջ է 1 դատապատյալի դիմում:

«Առավոտին» էր դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում գտնվող դատապարտյալ Վաչագան Գասպարյանը: Նրա պնդմամբ, իր դիմումը՝ ուղղված արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին, տեղ չի հասել: ԱՆ ՔԿՀ մամուլի քարտուղար Ա. Բաբայանն այս կապակցությամբ հայտնեց, որ չկա որեւէ դատապարտյալ, որի դիմումը՝ ուղղված նախարարին, կամ ՔԿՀ ղեկավարին, կամ այլ պատկան մարմնի, չհաշվառվի եւ չուղարկվի: Վ. Գասպարյանը ինֆարկտ էր ստացել եւ դիմել էր նախարարին՝ պայմանական վաղաժամկետ ազատվելու եւ ստացիոնար բուժման անցնելու խնդրանքով: Ըստ մեկ այլ տեղեկության, խուզարկություն էր տեղի ունեցել «Նուբարաշենի» 70-րդ խցում: Իրոք, խուզարկություն էր տեղի ունեցել, հայտնաբերվել էր արգելված իր, եւ խցի կալանավորներից մեկին պատժախուց էին տարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել