Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ի (հակա՞)կոռուպցիոն խաղերը

Ապրիլ 25,2008 00:00

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի չինովնիկները գտնում են, որ մեր երկրում կրթությունը հասարակական հետաքրքրություն չի ներկայացնում

Կոռուպցիայի դեմ պայքարի թեման վերջին տարիներին խիստ մոդայիկ է, եւ դրանով վարակված են ոչ միայն պետական ու տեղական կազմակերպությունները, այլեւ հատկապես միջազգային կազմակերպությունները: Մի այդպիսի խաղի մեջ էլ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն է: «Երբեւէ լսե՞լ եք, որ Երեւանում հակակոռուպցիոն ընդունարան է գործում, էլ չեմ խոսում դրա գործունեության արդյունավետության մասին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ազատականացման գործընթացների մոնիտորինգի ազգային կենտրոնի (ԱԳՄԱԿ) նախագահ Լուսինե Մարգարյանը:

Նրա խոսքերով, մոտ 5 տարի է՝ շուրջ 10 հասարակական կազմակերպություն (հ/կ) հակակոռուպցիոն ծրագրեր իրականացնելու նպատակով միավորվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներքո: Ըստ Լ. Մարգարյանի, անցյալ տարի, ԵԱՀԿ գրասենյակի որոշ աշխատակիցների պնդմամբ, ստեղծվեց հակակոռուպցիոն ընդունարան: ԱԳՄԱԿ-ը ընդունարանում զբաղվում է կրթական ոլորտի հարցերով: «Ընդունարան ստեղծելու նախաձեռնությունը հ/կ-ների հակակոռուպցիոն կոալիցիայից էր, սակայն իրականում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի չինովնիկները հաշվի չառան հ/կ-ների առաջարկները ու ստեղծեցին անհասկանալի ընդունարան, որտեղ ընդգրկվեցին հ/կ-ների փորձագետներ: Բնականաբար, քանի որ հասարակությունը տեղյակ չէ նման կենտրոնի մասին, ինչպե՞ս կարող է ակտիվորեն դիմել, էլ չեմ խոսում այն մասին, որ այսօր հասարակությունը նույնիսկ ակտիվորեն պետական կառույցներին չի դիմում, ուր մնաց՝՝ ինչ-որ անհայտ ընդունարանի: Ամենաահետաքրքիրն այն է, որ երբեւէ չպետք է ընդդիմանաս, ու ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի չինովնիկների կարծիքին հակառակ, ասենք, կառուցվածքային առաջարկ անես. անմիջապես հայտնվում ես «սեւ ցուցակում», ինչը եղավ մեր կազմակերպության դեպքում: Սպիտակ ագռավի նման փորձում էինք գոնե այդ ընդունարանի կազմում ծրագրեր իրականացնել, սակայն մեր առաջարկներն անցած մեկ տարվա ընթացքում մնացին օդի մեջ, չֆինանսավորվեց մեր եւ ոչ մի նախագիծ, այն դեպում, երբ ԱԳՄԱԿ-ը հակակոռուպցիոն ծրագրեր իրականացնելու հարուստ փորձ ունի, այդ թվում հենց ԵԱՀԿ ու ՀՀ նախագահի դրամաշնորհներով, եղել է ՀՀ նախագահին կից հակակոռուպցիոն մոնիտորինգի անդամ»,- պատմեց Լ. Մարգարյանը: Նրա ներկայացմամբ, օրերս ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աշխատակից Գայանեն հայտարարել է, որ ԱԳՄԱԿ-ն ընդունարանի կազմում արդյունավետ չի աշխատում. «Նրանց ասելով, կրթության ոլորտի զանգերը դեպի ընդունարան քիչ են, նշանակում է՝ կրթությունը հասարակությանը քիչ է հետաքրքրում, հետեւապես մեր հ/կ-ի փորձագետի հետ պայմանագիրը չեն երկարացնի: Ուզում եմ պատմել, թե միջազգային կազմակերպություններն ինչպես են որոշում աշխատանքի արդյունավետությունը: Նրանց համար միակ կարեւոր փաստը թղթի վրա է՝ հաշվետվությունը (իրենց ասած՝ «ռեփորտը»): Վերջ: Մեր կոալիցիայում ընդգրկված հ/կ-ներից 2-ը «թեժ գծի» երկարամյա փորձ ունեն, որոնք էլ իրենց, այսպես ասած, զանգերը բերել են ընդունարան, ընդունարան է բերել նաեւ առողջապահության նախարարության աշխատակիցը, բառի ամենաուղիղ իմաստով՝ նախարարության հեռախոսահամարն այն ժամերին, երբ այդ աշխատակիցը գտնվում է ընդունարանում, փոխանցվում է ընդունարանի հեռախոսին: Մեր հ/կ-ն «թեժ գծի» փորձ չունի, հիմնականում զբաղված է հասարակական կարծիքի ուսումնասիրմամբ: Այսինքն, մենք զանգեր փոխանցելու ու ընդունարանում աշխատանքի իմիտացիա ստեղծելու փորձ չենք արել, հետեւաբար մեր զանգերի «ռեփորտի» մեջ թիվն իրական է: Այ, այս իրական թիվն էլ դուր չի եկել կոռուպցիայի դեմ պայքարող ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի չինովնիկներին ու մեր հ/կ-ին դուրս են թողել ընդունարանի կազմից»:

Ըստ մեր զրուցակցի, այսօր, երբ հանրապետության նորընտիր նախագահն էլ է խոսում կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորությունից, վատ չէր լինի, որ հետաքրքրվեին նաեւ միջազգային կառույցների տեղական աշխատանքներով, քանի որ սա միակ դեպքը չէ. «Որքան ինձ հայտնի է, այս ընդունարանի աշխատանքից դժգոհ է նաեւ ԵԱՀԿ նոր դեսպանը: Այդ մասին է խոսում այն, որ, ի տարբերություն նախորդ դեսպանի, որն ամիսը մեկ հանդիպում էր հակակոռուպցիոն կոալիցիային, պարոն Կապինոսը մեզ հետ երբեք չի հանդիպել: Ի դեպ, ԵԱՀԿ չինովնիկները հիմա էլ ընդունարանի աշխատանքի իմիտացիա ստեղծելու նոր ձեւ են մտածել. առաջարկում են, որ ընդունարանի փորձագետները այսուհետեւ զբաղվեն հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը մշակող աշխատանքային խմբին առաջարկներ եւ դիտողություններ ներկայացնելով»:

Լ. Մարգարյանի խոսքերով, այդ չինովնիկների կամայականությունները սկսվել են դեռեւս ընդունարանի բացումից, երբ որոշել են, որ վերոնշյալ h/կ-ների կոալիցիայի մաս կազմող 2 կազմակերպություն չպետք է ընդգրկվի ընդունարանում, փոխարենը, առանց կոալիցիային տեղյակ պահելու, ընդունարանի կազմում ընդգրկել են առողջապահության նախարարության ինչ-որ աշխատակցի. «Չեմ ուզում այլ բաներ մտածել, բայց տեղեկատվության տրամադրումը եւ թափանցիկությունը կոռուպցիայի դեմ պայքարի կարեւոր գործիքներից են, որից, սակայն, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի չինովնիկները չօգտվեցին ու այդպես էլ հարկ չհամարեցին հակակոռուպցիոն կոալիցիային իրենց կամայականությունների մասին տեղեկություն տալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել