Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒԺՏԵԽՆԻԿԱՆ ԱՓՍՈՍՈՒՄ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ

Ապրիլ 25,2008 00:00

\"\"Արմաշի ամբուլատորիայի տնօրենը Համաշխարհային բանկի նվիրած բուժսարքավորումները փակի տակ է պահում

Առողջապահության ոլորտի պատասխանատուների այն հավաստիացումներին, թե մեր երկրում ընտանեկան բժշկի ինստիտուտը համարյա ներդրված է եւ ընդամենը որոշ «կոսմետիկ» հարցեր է մնում լուծել, մեղմ ասած՝ չափազանցված է: Մարզերում դեռեւս կան առողջության առաջնային պահպանման կենտրոններ, որտեղ անգամ ամենատարրական մանկական կշեռք էլ չունեն: Մայրաքաղաքից ոչ այնքան հեռու գտնվող Արարատի մարզի Արմաշ գյուղի ամբուլատորիայում, որտեղ արդեն գործում է ընտանեկան բժշկի գրասենյակը, գրանցված է շուրջ 4300 բնակիչ, որոնց, սակայն, սպասարկում են ընդամենը ճնշումը չափելու եւ թոքերը լսելու մեկական սարքերով: Ամբուլատորիան անգամ տեսողությունը ստուգելու սարք կամ էլեկտրասրտագրող ապարատ չունի, որոնք առաջին անհրաժեշտության բուժտեխնիկա են: Ընտանեկան բժշկության ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկը ընտանեկան բժշկի գրասենյակներին, այդ թվում եւ Արմաշի ամբուլատորիային, հատկացրել է գրասենյակային կահույք եւ շուրջ 33 անուն բուժսարքավորում՝ սիրտը ստուգելու ապարատ, լաբորատոր սարքավորումներ, գինեկոլոգիական աթոռ, քիթ-կոկորդի զննման սարքավորումներ, վիրաբուժական գործիքներ, նույնիսկ դեղորայքը պահելու սառնարան: Ուշագրավ է, որ մեր այցելության պահին Արմաշի բուժհիմնարկում ՀԲ-ի տրամադրած բուժտեխնիկայից եւ գույքից որեւէ բան չտեսանք, մինչդեռ ընտանեկան բժշկի գրասենյակն Արմաշում արդեն գործում է մոտ 3 ամիս: Ամբուլատորիայի բժշկուհի Լարիսա Բաղդասարյանը «Առավոտի» հետ զրույցում նույնպես վստահեցրեց, որ մի քանի ամիս առաջ իրենց գրասենյակը բնակչությանը պատշաճ սպասարկելու համար բավականաչափ բուժտեխնիկա է ստացել, սակայն Լ. Բաղդասարյանի համար էլ էր «մութ», թե ինչո՞ւ ամբուլատորիայի տնօրեն Լեւոն Հայրիյանը չի թույլատրում սարքավորումներն օգտագործել. «Ես լսել եմ, որ շուրջ մեկ տարի է՝ սարքավորումներ ենք ստացել, բայց դրանք ոչ տեսել ենք, ոչ էլ օգտագործել: Մինչեւ հիմա, անհասկանալի պատճառներով, այդ տեխնիկան տնօրենի կաբինետում փակի տակ է»: Բժշկուհու խոսքերով, ինչ է թե այս սարքավորումները չեն կարողանում օգտագործել, բնակիչները ստիպված են լինում անգամ ամենահասարակ անալիզ հանձնելու համար սպասարկվել Արարատի կամ Վեդիի ամբուլատորիաներում. «Ես նույնիսկ ամենասովորական պահարան էլ չունեմ, որպեսզի փաստաթղթերը տեղավորեմ»: Այս ամբուլատորիան նաեւ սպասարկում է հարեւան 3 գյուղերի՝ Երասխավանի, Սեւակավանի եւ Տիգրանաշենի բնակիչներին:

Մեր հարցին, թե՝ ինչո՞ւ չի թույլատրում ՀԲ-ի միջոցներով ձեռք բերած բուժսարքավորումներն օգտագործել, ամբուլատորիայի տնօրեն Լ. Հայրիյանը բավականին ագրեսիվ տոնով պատասխանեց. «Ես բուժքրոջ միջոցով այդ սարքավորումներն ուղարկել եմ, այնտեղ դրված է, թող հանի օգտագործի»: Սրան ի պատասխան, բժշկուհին ասաց. «Ես այդ գույքից ընդամենը մեկ աթոռ եմ վերցրել, այն էլ, երբ տնօրենն իմացավ՝ գլխիս մեծ պատմություն սարքեց: Այդ ամենից հետո ինչպե՞ս կարող եմ առանց պաշտոնապես ինձ հանձնելու՝ որեւէ սարք վերցնել: Ես, ճիշտ է, լսել եմ, որ սարքավորումներ ենք ստացել, բայց ինձ ոչ ոք փաստաթղթով ապրանք չի հանձնել»:

Մեր այն դիտարկմանը, թե ինչպե՞ս է, որ տնօրենը մինչ օրս չի իմացել, որ սարքավորումները չեն օգտագործվում, Լ. Հայիրյանը որեւէ պարզաբանում չտվեց, հորդորելով՝ գնալ ամբուլատորիա եւ տեսնել, որ բուժտեխնիկան տեղում է: Տնօրենի հրամանով ամբուլատորիայի աշխատակիցը մեզ ցույց տվեց փակի տակ պահած սարքավորումները: Սակայն նշենք, որ դրանք ոչ թե օգտագործվում էին, այլ՝ փաթեթավորված վիճակում էին: Ընդ որում, 33 անուն սարքերից սենյակում ընդամենը մի քանի կտոր տեխնիկա եւ գույք էր դրված:

Մարզային ամբուլատորիաները պատկանում են մարզպետարաններին, հետեւաբար ամբուլատորիայի տնօրենին աշխատանքի ընդունելու կամ ազատելու իրավունք ունի միայն մարզպետը: Բժշկուհի Լ. Բաղդասարյանը վերոնշյալ խնդրի առնչությամբ դեռեւս նախագահական ընտրություններից առաջ դիմել է Արարատի մարզպետարան: Մարզի պատասխանատուները խոստացել են հարցը կարգավորել:

Եվ քանի որ մարզպետարանը հարցը չի կարգավորել, գործին առողջապահության նախարարությունն է խառնվել: «Առավոտի» հետ զրույցում նախարարության առաջնային բուժօգնության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանն ասաց, որ Արմաշի ամբուլատորիայի տնօրենին 10 օր ժամանակ են տվել՝ սարքավորումները տեղադրել ու բնակիչներին սպասարկելու համար գրասենյակում պատշաճ պայմաններ ստեղծել, հակառակ դեպքում, ըստ Ռ. Յուզբաշյանի, առողջապահության նախարարը կմիջնորդի մարզպետարան, որպեսզի Արմաշի ամբուլատորիայի տնօրենի հարցերը լուծեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել