Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՐՈՅԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ

Ապրիլ 25,2008 00:00

Ապրիլի 17-ին «Տեսակետ» ակումբում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը կեղծ տեղեկություն էր տարածել «Ազատություն» ռ/կ-ի վերաբերյալ՝ նշելով, որ մարտի 1-ին այդ ռադիոկայանը հաղորդել է, թե առավոտյան Ազատության հրապարակից, երբ զինվորները մարդկանց հանում էին՝ լսվում էր ղարաբաղյան բարբառ: «Երբ գնում է հայաստանցի-ղարաբաղցի պայքար, ինչ-որ ուժեր՝ դրսից թելադրվող, դրսում եւ ներսում անընդհատ թեժացնում են, դու ասում ես՝ այդ մարդկանց այդ տեղից տանողը ղարաբաղցի՞ է»,- հարցրել էր Վազգեն Մանուկյանը: Սակայն խնդիրը տվյալ դեպքում այն չէ, որ «Ազատությանը» վերաբերող նրա պնդումները չեն համապատասխանում իրականությանը:

Փորձենք վերհիշել՝ իսկ ինքը, Վազգեն Մանուկյանն արդյոք երբեւէ չի՞ ընդունել, որ կան հայաստանցի-ղարաբաղցի հակասություններ՝ առնվազն կենցաղային մակարդակում: Այս կապակցությամբ ընդամենը երկու մեջբերում 1998-ի մարտի 14-ին ԱԺՄ կոնֆերանսում նրա ելույթից. «Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք եւ նրա նախաձեռնությամբ Հայաստանում սկսվեցին «հայաստանցի-ղարաբաղցի» քննարկումները, որոնք մենք համարում ենք շատ վտանգավոր մեր ժողովրդի համար: Քաղաքական ուժերը զերծ էին մնում եւ չէին շահարկում այդ փաստը, բայց կենցաղային մակարդակով դա կար: Մի բան էլ էր հայտնի. ով էլ դառնա Հայաստանի նախագահ, առջեւում սպասվում են ծանր տարիներ, դժվարին վիճակ: Ժողովուրդը դժգոհ է մնալու ցանկացած նախագահի դեպքում, որովհետեւ իրավիճակը միանգամից փոխվելու նրա սպասումները չեն արդարանալու: Փոփոխությունները դանդաղ են ընթանալու: Եվ եթե Քոչարյանն է դառնում նախագահ, ապա սկսվում է այդ հակասությունների շահարկումը»: Այս նույն ելույթում Վազգեն Մանուկյանը նաեւ հայտարարել էր. «Ղարաբաղը ռազմականացված պետություն էր, որտեղ խոսել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին անիմաստ էր», ու հավելել. «Այժմ, իմ կարծիքով, այդ փորձը կատարվում է Հայաստանում»: Ի դեպ՝ այդ ժամանակ արձագանքելով ԱԺՄ նախագահի վերջին դիտարկմանը, Ռոբերտ Քոչարյանն ասուլիսում նշել էր. «Մարդիկ փորձում են իրենց անձնական շահերից ելնելով ուղղակի վարկաբեկել Ղարաբաղը», հավելելով. «Ինձ համար դա բարոյական ցուցանիշ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել