Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌԱՋՆՈՐԴԵՑ ԵՐԹԸ

Ապրիլ 25,2008 00:00

\"\"Ընդդիմության կողմնակիցները ապրիլի 24-ին քաղաքական կարգախոսներ էին վանկարկում \"\"

Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր շարժման նախորդ օրերին տարածած կոչի համաձայն՝ երեկ, ժամը 15-ին, մարդիկ Ազատության հրապարակից պետք է գնային Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին: Ազատության հրապարակում եռապատկվել էր ոստիկանների քանակը: Հրապարակը ազատվում էր բառիս բուն իմաստով, քանի որ տարածքի սրճարաններում նստած մարդկանց էլ ոստիկանները հրահանգում էին՝ արագ խմել իրենց սուրճը ու դուրս գալ: Երթին մասնակցելու նպատակով եկած մարդկանց մի մասը ստիպված հավաքվել էր Հյուսիսային պողոտայում, մյուսը՝ Սարյանի արձանին հարող այգում, շատերն էլ կանգնել էին մայթերին: Դժվար է որոշակի քանակ նշել, բայց բավական շատ մարդ էր հավաքվել: Եթե պատկերավոր ներկայացնենք՝ երթի մասնակիցների առաջին շարքերն արդեն հատել էին Ծիծեռնակաբերդ տանող բարձունքի առաջին հատվածը, իսկ մարդկանց հոծ հոսքը Օրբելի փողոցի կողմից դեռ երեւում էր: Երթը գլխավորում էին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Մարզահամերգային համալիրի մոտ նրանց միացավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ տիկնոջ հետ: Մարդիկ ցնծությամբ եւ «Լե-վոն, նա-խա-գահ» վանկարկումներով դիմավորեցին նրան, սակայն վերջինս խնդրեց ոչինչ չբղավել, ուղղակի գնալ եւ ծաղիկներ դնել անմար կրակի մոտ: Տեր-Պետրոսյանը լրագրողների հարցերին էլ չպատասխանեց:

Երթին մասնակցում էին նաեւ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը, որը նույնպես հրաժարվեց խոսել, ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը, ում մարդիկ մոտենում, ջերմորեն ողջունում էին, որ միացել է իրենց: Հիշեցնենք, որ պարոն Սահակյանը տեւական ժամանակ հրապարակային քաղաքական գործունեությամբ չէր զբաղվում: «Բոլորի հետ, բոլորի պես»,- «Առավոտին» իր ներկայությունը բացատրեց պարոն Սահակյանը: Ինչպես նաեւ Դավիթ Շահնազարյանը, Լեւոն Զուրաբյանը, Վահան Փափազյանը, Աշոտ Բլեյանը եւ այլոք: Քանի որ անհնար էր երթը ցրել, ոստիկանները սկսեցին կանոնակարգել այն՝ փողոցի մի կողմում ապահովելով մեքենաների երթեւեկությունը, մյուսում՝ մարդկանց հոսքը: Դա ակնհայտորեն դուր չէր եկել ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին («Բազազ»), որը անընդհատ հեռախոսով տեղեկություններ էր փոխանցում ինչ-որ մեկին, ապա դժկամությամբ ընդունելով ստացված հրահանգները՝ բղավում էր մարդկանց վրա. «Ի՞նչ եք հրճվում, որ էսքա՜ն անկարգապահ ժողովո՞ւրդ եք. հրճվեք, հրճվեք»: Նկատենք, սակայն, որ երթի մասնակիցներն էլ կանոնակարգված, առանց ավելորդ լարվածություն եւ խառնաշփոթ ստեղծելու քայլում էին: Երթն անցավ Բաղրամյան-Օրբելի փողոցներով՝ մինչեւ Ծիծեռնակաբերդ: Մարդիկ պահել էին եռագույն դրոշներ եւ պաստառներ՝ «1915. 1988. 1999. 2008», «Անմեղի վրա ձեռք բարձրացնողին չի ներվի» մակագրություններով: Ողջ ընթացքում, հատկապես նախագահական նստավայրի մոտով անցնելիս, որը նույնպես լավագույնս պահպանվում էր ոստիկանների կողմից, մարդիկ վանկարկում էին՝ «Ազատ-անկախ Հայաստան», «Միացում», «Սերժիկ, հեռացիր», «Արթուր, դավաճան», «Հիմա»:

Մինչ շարժման ղեկավարները ծաղիկներ էին դնում զոհերի հուշարձանին՝ մարդիկ լուռ, բռունցքները վեր պարզած կանգնել էին: Ավելի ուշ ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանն «Առավոտին» պատմեց, որ սումգայիթյան զոհերի հուշարձանի մոտ ոստիկանները փակել էին մարդկանց հոսքը՝ պատճառաբանելով, որ հուշարձանի մոտ կուտակումներ են. «Ես մի փոքր անհնազանդություն ցուցաբերեցի եւ մոտ 15 րոպե անց մենակ անցա: Մինչեւ կրակին մոտեցա՝ 15-20 մարդ ծաղիկներ էին դնում, ոչ մի կուտակում չկար: Միանշանակ է, որ դա արհեստական արվեց, որ ժողովրդին մասերի բաժանեն եւ առաջին նախագահի ետեւից մեծ հոսք չերեւա»:

Տեր-Պետրոսյանին մարդիկ ուղեկցեցին մինչեւ նրա տան մատույցները, հետո ծափերով ճանապարհեցին: Մոտ տասը րոպե հավաքվածները ծափահարում ու վանկարկում էին՝ «Լեւոն, նախագահ», ապա նրա թիկնապահները եւ մամուլի խոսնակը հավաքվածներին փոխանցեցին առաջին նախագահի հորդորը՝ հեռանալ: Երթի մասնակիցները շարժվեցին դեպի Մյասնիկյանի արձան, ապա Հյուսիսային պողոտա՝ քաղաքական զբոսանքի: Երեկոյան 21-ի դրությամբ Հյուսիսային պողոտան դեռեւս բազմամարդ էր, իսկ զբոսանքն էլ, ըստ էության, հանրահավաքի էր վերածվել՝ անընդհատ հնչում էին հայտնի կարգախոսները։ Ավելացել էր նաեւ ոստիկանների քանակը, նույնիսկ մեքենաներ էին բերվել, որոնցով մարդկանց սովորաբար տեղամասեր են տանում։ Բայց դրանք հավանաբար միայն վախեցնելու համար էին, որովհետեւ միջադեպեր չգրանցվեցին։

Որքանո՞վ է կոռեկտ, որ ապրիլի 24-ին մարդիկ դուրս գան փողոց ու գոռան այն կարգախոսները, որոնք հնչում էին հետընտրական շրջանում: «Առավոտի» այդ հարցին «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը այսպես պատասխանեց. «Պետք էր, պետք չէր… մարդիկ միշտ էլ գնացել են, թող իրենք էլ գային, եթե երեսատեղ ունեին էս հասարակության աչքին երեւալու, եթե նրա համար դրական բան են արել, ոչ թե՝ քամի արել ու իմիտացիա ստեղծել: Թող գային, ես էլ իրենց ետեւից գնայի: Եղեռնի զոհերի հիշատակը հարգելու գնացող ժողովուրդը երբեք պետության հեղինակության վրա բիծ չի գցի: Այստեղ ուրիշ խնդիր է, որ ժողովուրդն ու իշխանությունը միասնական չեն: Իսկ վանկարկումները կանոնակարգված չեն, ոմանք ինքնաբուխ վանկարկում են: Ես գնում եմ զոհերի հիշատակ հարգելու. ուրիշ ոչինչ: Ժողովուրդը միշտ ճիշտ է, նա իր ասելիքն ասում է, երբ հնարավորություն է գտնում: Թող թողնեին Օպերայի հրապարակում միտինգ անեինք, կազմակերպեինք ժողովրդին, չթողնեինք գոռան… չթողեցին: Էդ իրենք են արել, որ ժողովուրդը գոռում է: Ժողովուրդն իր խոսքն ամբողջությամբ չասաց, մարտի 1-ին կտրեցին այդ ասելիքը, դրա համար էլ հիմա գոռում են՝ Սերժիկ, հեռացիր»: Իսկ ընդդիմության առաջիկա ծրագրերի եւ հետագա անելիքների մասին էլ պարոն Սարգսյանն ասաց, որ ժողովուրդը մեր մտածելակերպից առաջ է ընկել, եւ ժողովուրդը պետք է մեզ առաջնորդի: Այնուամենայնիվ՝ «մեր առաջնորդը շուտով կխոսի՝ ամսի 2-ին կներկայացնի ծրագրերը»:

Հ. Գ. Դավիթ Շահնազարյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ ճիշտ չէ՞ր լինի, որ ընդդիմությունը մասնակցեր Երեւանի երեք համայնքներում սպասվող ՏԻՄ ընտրություններին եւ այդպիսով պայքարն ավելի իրական դաշտ տեղափոխեր: «Պայքարը շարունակվելու է բոլոր ձեւերով»,- պատասխանեց նա: Նկատենք, որ երկու օր առաջ ավարտվել է հայտեր ներկայացնելու ժամկետը, ոչ մի ընդդիմադիր հայտ չի ներկայացրել: Լեւոն Զուրաբյանը դա բացատրեց հետեւյալ կերպ. «Քանի որ կեղծարար մեքենան կազմաքանդված չի եւ շարժման վրա զսպաշապիկ է հագցված՝ ես իմաստ չեմ տեսնում»: Արդյոք փոքր հաղթանակների տեսությամբ առաջնորդվելն այս պարագայում ավելի ոգեւորիչ չէ՞ր լինի, դիտարկմանն էլ պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Մենք մեր հաղթանակները կտանենք, ու դրանք կլինեն շատ մեծ հաղթանակներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել