Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ՋԱՆՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Ապրիլ 25,2008 00:00

\"\"Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ սա կոալիցիայի կարեւորագույն նպատակներից է

Որքան էլ մանրակրկիտ ընթերցեցինք քառակողմ կոալիցիայի հուշագիրը, նրանում որեւէ տող չտեսանք հասարակական պալատ ունենալու անհրաժեշտության մասին: Թերեւս այս պալատի ստեղծման գաղափարը ծագել է հընթացս: Ապրիլի 23-ի երեկոյան տեղի է ունեցել քառակողմ կոալիցիայի խորհրդի նիստը: Նիստին մասնակցել են Սերժ Սարգսյանը, Վահան Հովհաննիսյանը, Արթուր Բաղդասարյանը եւ Գագիկ Ծառուկյանը: Սովորաբար, նման ձեւաչափով կոալիցիայի խորհրդի նիստեր նախկինում տեղի չէին ունենում՝ յուրաքանչյուր կուսակցությունից առնվազն երկուական մարդ էր մասնակցում: Այս անգամ ձեւաչափը սեղմված էր:

Մեր տեղեկություններով, դաշնակցական Վահան Հովհաննիսյանը նիստի ժամանակ բավականին հանգամանալից բացատրել է հասարակական պալատի անհրաժեշտությունը: Թե ինչու է դա այդքան կարեւորում հենց դաշնակցությունը՝ կարող ենք ենթադրություններ անել: Սա փոքր-ինչ նման է նույն կուսակցության կողմից ժամանակին հրապարակ նետված հակակոռուպցիոն մարմնի ստեղծման գաղափարին, որտեղ դաշնակցությունն ուզում էր որոշակի դեր ստանձնել: Խնդրի առնչությամբ «Առավոտին» հետաքրքրող մի քանի հարցերի երեկ պատասխանեց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Ըստ մեր զրուցակցի, սա պետք է լինի հասարակության մեջ բախվող տեսակետների եւ շահերի լուծման տեղ. «Միջազգային փորձն ասում է, որ սա հարցերի նախնական լուծման ամենաճիշտ վայրն է: Հարցերը կարող են լինել շատ տարբեր, հիմնական արբիտրը լինում է պետությունը, որովհետեւ, ի վերջո, հարցերն իրենց լուծված կամ կիսալուծված տեսքով գալիս են Ազգային ժողով կամ կառավարություն՝ դառնում են որոշում: Ինչպիսի հարցեր կարող են լինել, օրինակ՝ աշխատող եւ աշխատատու հարաբերությունները, ռոճիկի, գործատուի, Աշխատանքային օրենսգրքի հետ կապված հակասությունները կարող են սկզբում լսվել այդտեղ, եւ պետությունը արբիտրի դեր ստանձնելով՝ ինքն է որոշում օրակարգը: Եթե հասարակության մեջ առաջացել է հարց՝ ժողովրդի զգալի մասը բավարարված չէ իր ռոճիկով, ապա աշխատավոր-աշխատատու կարող են հանդիպել հասարակական պալատում: Այդտեղ տարբեր խնդիրներով կարող են հանդիպել նաեւ հասարակական խմբեր, օրինակ, կանաչապատման, քաղաքաշինության հարցերով, շինարարության համար հատկացվող հողերի խնդիրներով եւ այլն: Այս պալատում կարող են լուծումներ գտնվել նաեւ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, Սփյուռքի տարբեր գաղութների հարաբերությունների վերաբերյալ: Կարծում եմ, սա պետք է լինի հասարակական պալատի ֆունկցիան, իսկ որպես աշխատանքի սկիզբ՝ պետք է ստեղծվի աշխատանքային խումբ, որը կկարողանա նման պալատի կանոնադրությունը, անդամակցության եւ ղեկավարման ձեւերը, օրակարգի ճշտման մեխանիզմները, միգուցե ինչ-որ ռոտացիայի սկզբունքներ մշակել եւ դրանից հետո միայն նման բան կարելի է ստեղծել: Ես կարծում եմ, արդեն ժամանակն է այս աշխատանքը սկսել, որովհետեւ սա ուղղակիորեն աղերսվում է նաեւ ԵԽԽՎ-ի բանաձեւին: Բանաձեւը, եթե հիշում եք՝ Հայաստանից ակնկալում է լայն երկխոսություն հասարակական տարբեր շերտերի, քաղաքական տարբեր հոսանքների միջեւ: Եվ այս դիալոգը ստեղծելու համար նման պալատն այս փուլում լավագույն ատյանն է»:

Ի դեպ, եթե այս պալատի ֆինանսավորումը եւս պետք է երկրի բյուջեն տրամադրի, ուրեմն՝ ավելանալու է եւս մեկ «ուտող» ձեռք, քանի որ քիչ հավանական է, որ պալատը կգործի զուտ հասարակական հիմունքներով: Վերջում երկու հիշեցում՝ նման կարգավիճակով պալատ գործում է միայն Ռուսաստանի Դաշնությունում, իսկ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը դեռ մեկ ամիս առաջ էր ԱԺ-ում շրջանառության մեջ դրել մի օրինագիծ, որը եւս ենթադրում է այդպիսի մարմնի ստեղծում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել