Գուայտան՝ եղեռնի մասին
Իտալացի գիտնական, գրող, պատմաբան, լրագրող Ջովաննի Գուայտան հեղինակել է Հայ առաքելական եկեղեցու եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի շարք գրքեր: 2005-ին լույս տեսավ նրա «Ճիչ Արարատից» գիրքը, որի առաջաբանում հեղինակը գրել է. «…Արդյո՞ք հայերը, որպես քրիստոնյա ազգ, մինչեւ վերջ ներելու են կորստի ցավը եւ ապրողների տառապանքը: Թե՞ նա, ով դավանում է Քրիստոսին, պետք է ների իրեն չարություն պատճառողին, ջնջելով իր մտքից եւ, գլխավորը, սրտից՝ հիշողությունն անգամ դրա մասին… Քրիստոնյան առավել, քան ուրիշ մարդ, կանչված է ճշգրիտ գնահատական տալու անցած իրադարձություններին, ճշմարիտ դատողություններ անելու պատմության մասին: Այդպիսին է նրա վեհ առաքելությունն Աստծո եւ մարդկանց առաջ: Հայերի սարսափելի ջարդի դատապարտումը նրանց հանդեպ միջազգային հանրության վերաբերմունքի առաջին քայլն է: Թուրքիայի կողմից այդ ահավոր իրադարձությունների ընդունումը կլինի «արդարացման» սկիզբ, այսինքն՝ Թուրքիայի քավությունը եւ ազատագրումն անցյալում գործած չարիքների ծանր բեռից»:
Նաեւ «սպիտակ» ցեղասպանություն
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Ապրիլի 24-ին լրանում է Հայոց մեծ եղեռնի 93-րդ տարելիցը: Այդ օրը ողջ հայ ժողովուրդը՝ Մայր հայրենիքում, թե Սփյուռքում, սգում է անմեղ նահատակների հիշատակը, հայտարարում, որ երբեք չի մոռանա 20-րդ դարի մեծագույն ոճիրը եւ կպայքարի այնքան, մինչեւ ամբողջ աշխարհն ու հենց նույն Թուրքիան ճանաչեն ցեղասպանությունն ու վերացնեն դրա հետեւանքները: Ամեն անգամ մենք չենք զլանում ազգովի հայտարարել, որ մեր մեծ վիշտն ուղղակիորեն կապված է մարդու իրավունքների հետ, որ այն երկրները, ովքեր չեն ընդունում ցեղասպանության փաստը, օգտագործում են երկակի ստանդարտներ եւ իրապես ժողովրդավար չեն: Այսպիսի մեղադրանքներ մեր պետական բազմաթիվ այրեր ուղղել են բոլոր այն պետությունների ներկայացուցիչներին, ովքեր մի կերպ փորձել են խուսափել այս թեմայի արծարծումից եւ տալ դիվանագիտական պատասխան: Ապրիլի 24-ը բոլորիս համար մեծագույն սգո օր է, սակայն շատ դժվար է անգամ այս օրը չհայտարարել, որ մենք, երբ այլ երկրների մեղադրում ենք երկակի ստանդարտների մեջ, ինքներս մեզ համար նմանատիպ ստանդարտներ ենք օգտագործում: Հայաստանում ամեն օր խախտվում են մարդու իրավունքները, Հայաստանում կան քաղբանտարկյալներ, Հայաստանում խաղաղ ցույցի արդյունքում 10 մարդ է զոհվում եւ բազմաթիվները վիրավորվում են, Հայաստանում խայտառակ վիճակում է ընտրական համակարգը… Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը անհրաժեշտ է, սակայն անհրաժեշտ է նաեւ ռեսուրսներ ուղղել՝ սեփական երկրում սպիտակ ցեղասպանությունից (ծայրահեղ աղքատություն, համատարած արտագաղթ, շատ բարձր մակարդակի կոռուպցիա եւ այլն) խուսափելու համար»:
Ե. Հ.
Նախիջեւանյան չորս հատորյակ
Օրերս Գրողների միությունում նախիջեւանագետ Արգամ Այվազյանի 4 գրքերի՝ «Նախջեւանյան գրական էսսեներ, հետազոտման ուղեգրություններ», «Ջուղայի կործանված խաչքարերի սիմֆոնիան», «Նախիջեւանի վիմագրական ժառանգությունը. Գողթն գավառ» եւ «Նախիջեւան. պատմական վկայախոսների պատկերացույց» շնորհանդեսն էր:
«Ես տասնամյակներ շարունակ զբաղվել եմ Նախիջեւանի դժվարին, խուչ ու խութերով լեցուն եւ մեկ մարդու համար անհաղթահարելի ու արգելքներով լի խնդիրներրով: Արդյունքում ստացել եմ բացառիկ աղբյուրագիտական հետազոտություններ, որոնք կատարված են 1967-68-ից ի վեր: Այսօր ներկայացնում եմ դրանցից 4-ը, որոնք հրատարակվել են 2007-ին՝ բազմաթիվ դժվարություններով եւ տպագրության հետ կապված խնդիրներով: Կարծում եմ, որ իմ յուրաքանչյուր աշխատություն իր նպատակին կծառայի, կունենա իր կարեւորությունը թե գիտական, թե քաղաքական տեսանկյունից, մանավանդ որ՝ մեր ժողովրդի ստեղծած հարուստ ժառանգությունը վերջին մի քանի տարիներին՝ 1998-2006թթ., Ադրբեջանի եւ Նախիջեւանի իշխանությունների կողմից ծրագրված կարգով հիմնահատակ կործանվեց եւ ավերվեց»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ա. Այվազյանը:
ԼՈՒՍԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ
Odnoklassniki.ru-ն՝ ՌԴ անվտանգության ծառայության սայթը
«Առավոտի» տեղեկություններով, odnoklassniki.ru կայքը, որն այժմ ամենահայտնիներից է դարձել, ստեղծել է ռուսական Ֆե-Էս-Բե-ն՝ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը: Ըստ «Առավոտի» տեղեկությունների՝ այն մի միջոց է մարդկանց մասին ինֆորմացիա կուտակելու համար, որը կարող է հետագայում ծառայել հատուկ նպատակների: odnoklassniki.ru-կայքում գրանցվելով՝ հնարավոր է գտնել դասընկերներին, ուստի այնտեղ այցելում են բոլորը՝ անկախ տարիքից: Տվյալների բազա հավաքելու այս միջոցը առաջին անգամ օգտագործել են ամերիկացիները: 1997-ին ԱՄՆ հատուկ ծառայությունները ստեղծեցին classmates.com-ը՝ որպես սոցիալական ցանց, որի միջոցով տիրապետում էին հասարակության մասին ինֆորմացիային: Հետագայում այն անցել է ANB-ի հսկողության տակ: ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Եվգենյա Չեչիլյանը «Առավոտին» այս առիթով պատասխանեց. «Մենք այդպիսի տեղեկություններ չունենք»: