Քանի՞ վարկանիշ ունենք
Վերջին շրջանում հաճախ է շրջանառվում այն հարցը, թե այսօրվա դրությամբ Հայաստանը Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության քանի՞ ուղեգիր ունի:
Հրամցվող թվերը տարբեր են: Պատճառն այն է, որ որոշ ֆեդերացիաներ եւ մասնագետներ պաշտոնականը չեն տարանջատում ակնկալվելիքից:
Այսօր Հայաստանն ունի օլիմպիական խաղերի մասնակցության պաշտոնական 17 վարկանիշ: Ըստ մարզաձեւերի դրանք են. ծանրամարտ՝ 6 ուղեգիր (տղամարկանց՝ 5 եւ կանանց՝ 1), բռնցքամարտ՝ 4, հունահռոմեական ըմբշամարտ՝ 2, ազատ ըմբշամարտ՝ 2, հրաձգություն՝ 1, աթլետիկա (նիզակ)՝ 1, ձյուդո՝ 1:
Հայաստանցի մարզիկների թիվն օլիմպիական խաղերում, անկասկած, կավելանա: Նախ, միջազգային ֆեդերացիայից սպասվում է ձյուդոիստ Հովհաննես Դավթյանի հաստատումը, որը, մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահի եւ ազգային հավաքականի մարզիչների հավաստմամբ, մրցաշրջանի ընթացքում հավաքել է վարկանիշային միավորների պահանջվող պաշար: Ապա՝ հունահռոմեական ըմբիշներն առջեւում եւս երկու վարկանիշային մրցաշար ունեն (մայիսին՝ Հռոմում եւ Նովի Սադում) եւ ազատ ոճայինները (մայիսի սկզբին՝ Վարշավայում)՝ 1: Մեր աթլետները նույնպես մինչեւ հունիս նոր ուղեգրեր նվաճելու հնարավորություն ունեն, մասնավորապես, մարաթոնյան վազքում եւ հեռացատկում:
Այս ամենից բացի, գոյություն ունի, այսպես կոչված, «Սպիտակ քարտ» հասկացությունը, որը միջազգային ֆեդերացիաները եւ ՄՕԿ-ը տվյալ մարզաձեւի զարգացումը խթանելու նպատակով շնորհում են այս կամ այն երկրին:
Երկու հարյուր տոկոսանոց արդյունք
Պլովդիվում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող են հանդես գալիս գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Նրանք երկու տուրերում տարել էին միայն հաղթանակներ եւ հարյուր տոկոսանոց արդյունքով տեղ էին զբաղեցնում մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում: Մեր մյուս շախմատիստներն ընթանում էին մրցաշարային աղյուսակի միջին եւ ստորին հորիզոնականներում:
Երեկ, ուշ երեկոյան, երրորդ տուրի արդյունքները Եվրոպայի առաջնության պաշտոնական կայքէջում դեռեւս տեղադրված չէին:
Պելեն ընդդեմ Մարադոնայի
Ինչպես տեղեկացնում են արտասահմանյան լրատվամիջոցները, համաշխարհային սպորտի լեգենդ, ֆուտբոլի արքա Պելեն օրերս հայտարարել է, թե անհրաժեշտ է արգենտինացի Դիեգո Մարադոնային զրկել իր բոլոր տիտղոսներից: Ինչո՞ւ: Իր այս առաջարկը Էդսոն Արանտես Դու Նասիմենտոն մեկնաբանում է այսպես. «Որովհետեւ նրա դոպինգ ստուգման արդյունքներն ամբողջ մարզական կարիերայի ընթացքում դրական են եղել: Եթե արգելված խթանիչների առկայության համար անգամ օլիմպիական չեմպիոններին են որակազրկում եւ նրանցից ետ վերցնում մեդալները, ապա Մարադոնան ի՞նչ իրավունքով է առ այսօր պահպանում իր բոլոր տիտղոսները»:
Վիճակահանությունը որոշեց առաջին մրցակցին
Նիոնում կայացած ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության բաղկացուցիչ մաս կազմող Ինտերտոտոյի գավաթի խաղարկության վիճակահանության համապատասխան՝ Հայաստանի ներկայացուցիչ ակումբը նախնական փուլում հունիսի 21-22-ին եւ 28-29-ին պետք է հանդիպի Մոլդովայի թիմի հետ: Եթե մեր ֆուտբոլիստներին հաջողվի հաղթահարել առաջին արգելքը, ապա հաջորդ ամսվա 5-6-ին եւ 12-13-ին նրանց մրցակիցը լինելու է Ուկրաինայի թիմը: Այս զույգի հաղթողը ընտրական մրցաշարի եզրափակիչում ուժերը պետք է չափի Ֆրանսիայի ակումբներից մեկի հետ: