Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ «ԽԱԼՏՈՒՐԱ» ՉԵՆՔ ԱՐԵԼ»

Ապրիլ 24,2008 00:00

\"\"Մ. Շվիդկոյը՝ մայիսին մեկնարկելիք «Ռուսական մշակույթի սեզոնի» մասին

«Արվեստի մարդիկ գոնե առաջ պարզած ձեռքի տարածության չափով պիտի իշխանությունից հեռու լինեն, որ ազատ զգան իրենց»,- ՀՀ մշակույթի նախարարությունում երեկ «Առավոտին» ասաց ՌԴ մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության պետ Միխայիլ Շվիդկոյը: Ի պատասխան մեր հարցին, թե նրա համար ընդունելի՞ է այն երեւույթը, երբ մշակույթի հայտնի գործիչները դառնում են այս կամ այն քաղաքական կուսակցության անդամ, պրն Շվիդկոյը հավելեց. «Մյուս կողմից էլ դա ամեն մարդու անձնական գործն է եւ ինքն է որոշում: Քաղաքական կուսակցություններին շահավետ է դեպի իրենց գրավել աչքի ընկնող մշակույթի գործիչներին՝ ո՛չ նրա համար, որ արվեստագետները զբաղվեն քաղաքականությամբ, նրանք կուսակցություններին պետք են որպես դեմքեր»: Պրն Շվիդկոյը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ երեկ ստորագրեց արձանագրություն՝ «ՀՀ մշակույթի նախարարության ու ՌԴ մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության միջեւ 2008թ. ՀՀ-ում կայանալիք «Ռուսական մշակույթի սեզոնների» կազմակերպման եւ անցկացման մասին»: Այս համագործակցության շրջանակներում ՀՀ-ում կանցկացվեն Ֆոմենկոյի թատրոնի հյուրախաղերը՝ կներկայացվեն «Պատերազմ եւ խաղաղություն», «Ընտանեկան երջանկություն» բեմադրությունները: Կկազմակերպվեն Միքայել Թարիվերդիեւի հիշատակին նվիրված «Ճակատագրի 17 ակնթարթներ» խորագրով միջոցառումներ՝ հեղինակի վոկալ, կամերային ստեղծագործությունների կատարումներով՝ «Սիրում եմ» ծրագիրը, «Սպասում» մոնոօպերան եւ այլն: Հայ-ռուսական այս համագործակցության մասին Մ. Շվիդկոյն ասաց. «Ռուսաստանի սեզոնը Հայաստանում թատերական արվեստի վրա է կենտրոնացած, իսկ Ռուսաստանում՝ հայ երաժշտության եւ գեղանկարչության»: Հայկական երաժշտության մասին էլ ասաց. «Հայ երաժիշտների ստեղծագործությունները միշտ հնչում են ռուսական եթերում: Հայկական մշակույթի ներկայությունը Ռուսաստանում ամենօրյա է»: «Ռուսական սեզոնը» կմեկնարկի մայիսի կեսերից: Այդ շրջանակներում աշնանը հյուրախաղերով ՀՀ կժամանեն Ա. Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնը, Ա. Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնը՝ «Համլետ» ներկայացմամբ: Այս կապակցությամբ Մ. Շվիդկոյը հայտնեց, որ իրենք ճիշտ են օգտագործել ֆինանսները եւ «խալտուրա» չեն արել՝ չեն գործուղելու ցածրորակ կոլեկտիվների: «Մենք շատ թանկ արտիստներ, թատրոններ ունենք: Նրանց դժվար էր ստիպել եղբայր Հայաստանի համար այսպիսի կամավորական աշխատանք կատարել»,- անկեղծացավ Շվիդկոյը: Իսկ պետական ֆինանսավորման մասին էլ ասաց. «Պետությունը պիտի օգնի հովանավորներ գտնել, որ արվեստագետը չզանգի ինչ-որ Կոլյա, Վասյա, Պետյաների, խնդրի, որ վերջիններս էլ ասեն՝ հետո զանգիր»:

Պարոն Շվիդկոյը խոսեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկված թեմաներից.«Երկու միլիոնից ավելի հայ կա Ռուսաստանում, կարեւոր է, որ հայ մշակույթը այնտեղ ունենա իր իրավունքները եւ օգտվի բոլոր առավելություններից՝ մյուս ազգերի պես: Սրանք խնդիրներ են, որ միշտ բախվում են բիրտ իրականությանը: Մեզ համար կարեւոր է, որ Ռուսաստանում հանդուրժողականություն ու անվտանգություն ապահովենք ցանկացած երկրից եկած քաղաքացու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել