Լրահոս
Օրվա լրահոսը

Որակի անկում եւ մեծ պրոբլեմներ

Ապրիլ 24,2008 00:00

\"\"Երեկ նման գնահատականներ տվեց ԿԳ նախարարը հանրակրթության եւ բարձրագույն կրթության ոլորտներին

«Մեր մեծագույն պրոբլեմներից մեկը նախադպրոցական կրթությունն էր, որտեղ չունեինք բյուջետային օժանդակության գումարներ, իսկ համակարգը ջախջախված էր: Բայց արդեն կա կառավարության կողմից հաստատված նախադպրոցական կրթության հայեցակարգ: Համաշխարհային բանկի վարկային ծրագրի աջակցությամբ էլ իրականացնում ենք երկու փորձնական ծրագիր, որի միջոցով կձեւավորվեն բլոկի փոփոխությունները: Պիտի մինչեւ 2012 թ. հասնենք կոնկրետ արդյունքների»,- երեկ ՄԱԱ-ում հայտարարեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: Նա նշեց, որ շարունակվում է դպրոցների կոմպյուտերացումը, սկսվել է նաեւ ավագ դպրոցների ձեւավորման գործընթացը: Նախարարը հայտնեց, որ այժմ ԱԺ-ում է Միջնակարգ կրթության մասին ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունումից հետո կսկսվեն ուսուցիչների ատեստավորման, վերապատրաստման ծրագրերը: «Չնայած կարեւորությանը, միջին մասնագիտական կրթությունն ամենաանուշադրության մատնված ոլորտներից է: Ընտրել ենք 11 միջին մասնագիտական կառույց, որոնք մինչեւ սեպտեմբեր կվերակառուցվեն ու կվերաձեւավորվեն միջազգային մակարդակի ուսումնական հաստատությունների»,- հավելեց նախարարը:

Լ. Մկրտչյանի փոխանցմամբ, Կրթության ազգային ինստիտուտում ձեւավորվել է միջին մասնագիտական կրթության բարեփոխումներին հետամուտ մի կենտրոն, որն աշխատում է հիմնարկի կարգավիճակով եւ բարեփոխումների անմիջական պատասխանատուն է: Դառնալով բարձրագույն կրթությանը, նախարարը փաստեց. «Լուծվել են շատ խնդիրներ, առկա են հիմքային փոփոխություններ՝ անցումը կրեդիտային համակարգին ու կառավարման նոր մեխանիզմներին: Ունենք եւս երկու կարեւոր խնդիր՝ Որակավորումների ազգային համակարգի ձեւավորումն ու Կրթության որակի ազգային համակարգի ստեղծումը»: Բանախոսը նաեւ ասաց, որ համալսարանական համակարգին օրենքով տրվել էր անկախ կարգավիճակ եւ հիմա ժամանակն է հարցնել, թե ինչպե՞ս են բուհերն օգտագործել այդ անկախությունը որակի պահպանման, զարգացման տեսանկյունից. «Եթե համալսարանական կրթական համակարգում հասարակությունից դժգոհություններ կան, պետք է հասկանանք, թե հատկապես ի՞նչ խնդիրներ չեն լուծվել: Համալսարանները պետք է նախ իրենց ինքնագնահատեն, ինչն էլ պիտի փոխանցվի Որակի ազգային ծառայություն, որից հետո էլ կգնահատվի այդ ինքնագնահատականն ու կներկայացվի արդեն Եվրոպական որակի ծառայությանը: Ցավոք, համալսարանական կրթության ավարտական բլոկում որակի անկում է զգացվում»:

Անդրադառնալով միասնական քննություններին, պրն Մկրտչյանը շեշտեց, որ այս տարի ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում քննություններն ընթանալու են առավել խիստ պայմաններում. դահլիճներում տեղադրվելու են նկարահանող սարքեր, հատուկ խլացուցիչներ, որ երեխաները չկարողանան օգտվել բջջային հեռախոսներից, MMS ծառայությունից:

«Առավոտի» հետաքրքրությանը, որ, ըստ նախնական տվյալների, հայտագրվածների մեծամասնությունը իբրեւ ավարտական քննության օտար լեզու՝ նշել է ռուսերենը, արդյո՞ք այստեղից չի հետեւում, որ դպրոցներում մյուս օտար լեզուները վատ են դասավանդվում, նախարարը պատասխանեց. «Այո, հետեւում է… Ռուսերենը իբրեւ օտար լեզու մյուսների համեմատ ավելի հեշտությամբ է հանձնվում: Մենք օտար լեզուների որակի պահպանման պրոբլեմ էլ ունենք: Կան մարզեր, որտեղի դպրոցների աշակերտների ավարտական վկայականներում օտար լեզուների դիմաց պարզապես գիծ է դրված, որովհետեւ ուսուցիչներ չկան, ու այդ առարկաները չեն դասավանդվել: Կառավարությունն ամիսներ առաջ որոշում է ընդունել, որի համաձայն՝ այն դպրոցները, որոնք կցանկանան երրորդ օտար լեզուն սովորեցնել, պետությունը անպայման կֆինանսավորի: Ի վերջո, եթե ուզում ենք կրթական ծառայություն մատուցող երկիր ունենալ, պարտավոր ենք փոխել մեր վերաբերմունքը օտար լեզուների նկատմամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել