Իր հայտարարությունը այսպես գնահատեց ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը
Երեկ ՀՀ վարչական դատարանում ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին չորս աշխատակիցների հայցի նախնական քննությունը համարվեց պատրաստ: Դատավոր Հովսեփ Բեդեւյանը, լսելով հայցվոր եւ պատասխանող կողմերին, հայտնեց, որ մայիսի 14-ին կընթանա գործի քննությունը: Հիշեցնենք, որ ԱԳՆ բարձրաստիճան 4 աշխատակիցներ՝ Վլադիմիր Կարապետյանը, Մարթա Այվազյանը, Կարինե Աֆրիկյանը եւ Առաքել Սեմիրջյանը, նախագահական ընտրություններում արձանագրված խախտումների վերաբերյալ փետրվարի 24-ին տարածել էին մի հայտարարություն, որի արդյունքում, հաջորդ օրը ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը նրանց աշխատանքից ազատել էր: Դատարանում ԱԳՆ իրավաբանական վարչության պետ Սաթենիկ Աբգարյանը եւ նախարարության ներկայացուցիչ Լեւոն Ամիրջանյանը պնդեցին ԱԳՆ աշխատակիցների ազատման հիմքերի հավաստիությունը: Մինչդեռ ԱԳՆ նախկին 4 աշխատակիցների փաստաբան Լեւոն Բարսեղյանը դատարանից պահանջեց չեղյալ համարել ազատման հրամանը եւ վերականգնել գործազուրկներին աշխատանքում: Նկատենք, որ նախնական դատալսումից հետո նրանք հրաժարվեցին զրուցել լրագրողների հետ:
ԱԳՆ մամուլի նախկին խոսնակ Վ. Կարապետյանը հայտնեց, որ իրենց բողոքը ողջամիտ է եւ իրենց տարածած հայտարարության մեջ քաղաքական միտում բնավ չի եղել: Նա ասաց. «Հետաքրքիր կլինի լսել, թե իմ կոլեգաները մեզ աշխատանքից ազատելու հրամանը ինչպե՞ս են հիմնավորել նախարարին: Մենք ընդամենը կոչ էինք անում կողմերին՝ ձեռնպահ մնալ բռնության կիրառումից եւ խնդրում էինք զուտ օրենքի սահմաններում գործել: Թե ԱԳՆ իրավաբաններն ինչպե՞ս պետք է դրան կպցնեն քաղաքական երանգ, դեռ ժամանակ ունենք տեսնելու»:
«Առավոտի» հարցին, թե աշխատանքը կորցնելու արդյունքում ափսոսանք չկա՞ կատարած հայտարարության համար, Վ. Կարապետյանն ասաց. «Ոչ միայն չեմ ափսոսում, այլեւ հենց այսօր էլ նույնը կանեի: Մենք, որպես դիվանագետներ, շատ լավ տեսնում ենք այն բացասական հետեւանքները, որ Հայաստանի համար կարող էին լինել: Ցավո՛ք, մեր հոռետես մոտեցումը իրականություն դարձավ եւ այժմ Հայաստանը գտնվում է ոչ բարվոք վիճակում՝ միջազգային ասպարեզում: ԵԽԽՎ-ում եւ ԱՄՆ-ում Հայաստանի նկատմամբ առկա վերաբերմունքը մարտի 1-ի իրադարձությունների արդյունքն է, քանի որ չկարողացանք ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, որպեսզի համոզենք օտարերկրյա գործընկերներին, որ ճիշտ ուղու վրա ենք, չենք ուզում շեղվել ժողովրդավարական ճանապարհից»:
Ի պատասխան մեր հարցի, թե այս ընթացքում ԱԳՆ-ում աշխատող գործընկերները որեւէ ձեւով սատարե՞լ են ձեզ, Վ. Կարապետյանը տեղեկացրեց. «Տարբեր մոտեցումներ են եղել, եւ յուրաքանչյուրն իր խղճի առաջ պետք է պատասխան տա: Չեմ ուզում որեւէ մեկին դատել»:
Զրուցեցինք նաեւ Ամերիկայի եւ Կանադայի վարչության նախկին պետ Կարինե Աֆրիկյանի հետ, որի դիտարկմամբ՝ Հայաստանում տեղի ունեցած իրողությունների գնահատականը լավագույնս տալիս են ԵՄ-ն եւ ԵԽԽՎ-ը.«Եթե պետությունը չդիմեր բռնությունների, չէր լինի այսքան խիստ բանաձեւ: Հայաստանի նկատմամբ երբեք այսքան խիստ բանաձեւ չի եղել, ես ուսումնասիրել եմ ԵԽԽՎ բոլոր բանաձեւերը»: Իսկ թե այդ խիստ բանաձեւը ինչի՞ կհանգեցնի, Կ. Աֆրիկյանը դժվարացավ ասել: Ըստ նրա, ժողովրդավարության անունից խոսող եվրոպացիները շատ հարցերում հետեւողական չեն եղել, որի արդյունքն այսօրվա Հայաստանն է: