Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բանաձեւը չի լեգիտիմացնում ընտրությունները»

Ապրիլ 24,2008 00:00

«Բավականին խիստ»,- այսպես է գնահատում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ԵԽԽՎ 109-րդ բանաձեւը եւ համարում է, որ Հայաստանում փետրվարի 19-ին կայացած ընտրություններին միջազգային հանրությունը սկզբունքային մոտեցում ցուցաբերեց:

Մեր զրուցակցի կարծիքով, եթե վերջին մեկ ամսվա ընթացքում տարբեր միջազգային ատյաններ պահանջում էին Հայաստանի իշխանություններից վերացնել երթերը, հանրահավաքներն արգելող հապշտապ կատարված օրենսդրական արգելքները, հիմա «պահանջում են այդ փոփոխությունները չեղյալ համարել: Հստակ պահանջ են դնում՝ իշխանություններին մանեւրելու հնարավորություններ չտալով: Խիստ դրված է նաեւ քաղբանտարկյալների խնդիրը: Ի դեպ, միջազգային պրակտիկայում ընդունված չէ ի սկզբանե գրել «քաղբանտարկյալ» տերմինը, մինչդեռ այս պարագայում գրվեց՝ «քաղաքական դրդապատճառներով ձերբակալված»: Կարող է մեր սպասումները մի փոքր ավելին էին, բայց այս փաստաթուղթը բավականին սկզբունքային է»: Դիտարկմանը, որ միեւնույն է՝ արդյունքում, ինչպես միշտ, արձանագրվեց, թե ընտրությունները հիմնականում համապատասխանել են միջազգային չափանիշներին՝ Ստեփան Գրիգորյանն ասում է, որ այդ ձեւակերպումը նույնպես էականորեն փոխված է. «Հստակ գրված է, որ ադմինիստրատիվ իմաստով՝ ընտրությունների նախապատրաստությունը համապատասխանում էր եվրոպական չափանիշներին: Այո, ես համաձայն եմ՝ ադմինիստրատիվ իմաստով համապատասխանում էր, բայց փաստաթղթում ամրագրված այդ կետը չի լեգիտիմացնում այս ընտրությունները: Կան շատ ու շատ կետեր, որոնք արտացոլում են այսօրվա Հայաստանի իրական վիճակը՝ սկսած մամուլի սահմանափակումներից, վերջացրած մնացյալ բաներով»:

Եթե Հայաստանի իշխանությունը չգնա այս փաստաթղթին ընդառաջ, մեր զրուցակիցը կասկած չունի, որ սանկցիաներ կկիրառվեն մեր երկրի նկատմամբ, եւ ինչպես նույն՝ 109-րդ բանաձեւում է նշված՝ իբրեւ առաջին քայլ Հայաստանի պատվիրակությունը կզրկվի ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից. «Շատ արագ՝ մի քանի շաբաթվա ընթացքում սանկցիաներ կլինեն նաեւ ՆԱՏՕ-ի եւ Արեւմուտքի կողմից, բայց՝ իմ կարծիքով, սանկցիաներ կիրառողը պիտի մտածի, որ դրանք չվնասեն հայ ժողովրդին, հասարակությանը: Օրինակ՝ Բելառուսի դեպքում կիրառվող սանկցիաները, երբ, ասենք, պետության առաջին դեմքերին եւ նրանց ընտանիքի անդամներին զրկեցին եվրոպական երկրներ կամ ԱՄՆ՝ ելքի վիզա ստանալուց: Այսինքն՝ պատժվում են խախտում կատարող անձինք, ոչ թե նրանց պատճառով սովորական մարդիկ շարունակում են տուժել: Բելառուսի դեպքում՝ այդ «սեւ ցուցակում» նաեւ ուժային կառույցների ղեկավարներն են: Մեր պարագայում կարող են լինել այն պատգամավորներն ու նրանց ընտանիքի անդամներն էլ, ովքեր «կողմ» են քվեարկել հանրահավաքները արգելող օրենքի փոփոխությանը»:

Իսկ ընդհանրապես, անդրադառնալով վերջին 6-8 ամիսների հայաստանյան զարգացումներին, մեր զրուցակիցը եկել է այն համոզման, որ «մեր ժողովուրդը շատ ակտիվ եւ լուրջ ժողովուրդ է: Մեզ մոտ ձեւավորվեց քաղաքացիական հասարակություն, եւ այսօր բավական բարձր է քաղաքացիական մտածելակերպը: Վառ օրինակը՝ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության շուրջ ստեղծված զարգացումները, երբ մարդիկ 5-10 դոլարով գումար հավաքեցին՝ ի պաշտպանություն ազատ խոսքի: Մարդիկ տեսան, որ կա լուրջ առաջատար՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով այս ընթացքում ապացուցեց, որ ինքը ոչ միայն խոշոր պետական, այլ նաեւ քաղաքական գործիչ է, որն իր շուրջ համախմբեց ռեալ ընդդիմությունը, ներկայացրեց լուրջ ծրագիր: Մենք այսօր լուրջ հասարակության հետ գործ ունենք, այդ հասարակությունը չի հանգստանա: Ընտրություններում կեղծարարության մասշտաբն այնքան մեծ է, որ մանր-մունր հարցեր լուծելով, մանր-մունր ռեֆորմ-ողորմություններով չես մեղմի: Այս կառավարությունից ժողովուրդը սպասելիքներ չունի: Կլինեին միայն մի դեպքում, այսօր ռեալ ընդդիմությունն առաջին նախագահի կողքին է՝ 70 տոկոս ձայներով: Ինչպե՞ս կարող է լուրջ կառավարությունն անտեսել 70 տոկոսի կարծիքը»: Այս համատեքստում պարոն Գրիգորյանը կասկած չունի, որ բողոքի ակցիաները կշարունակվեն՝ մեծ ու լուրջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել