Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՔԻՉ ՉԵՆ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ»

Ապրիլ 24,2008 00:00

\"\"Այդպիսին է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքը ԵԽԽՎ բանաձեւի մասին

– Երբ ԱԺ-ում քննարկվում էր «Ժողովներ, երթեր, ցույցեր եւ հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, ելույթներ հնչեցին, որոնք ահազանգում էին, որ այդ փոփոխությունները հակասում են եվրոպական չափանիշներին, Հայաստանի պարտավորություններին եւ այլն, սակայն ԱԺ մեծամասնությունն անդրդվելի էր, իսկ հիմա այդ փոփոխությունները դարձյալ փոփոխվում են: Ինչի՞ համար էր այս կրկնակի աշխատանքը:

– Երկրում տեղի էր ունեցել արտակարգ միջադեպ, եւ, բնականաբար, արձագանքներ պիտի լինեին: Այդ ժամանակ մանրակրկիտ քննարկումների շրջան չէր: Համոզված եմ, որեւէ կորուստ չի եղել այդ փոփոխությունները ընդունելուց հետո: Այդ փոփոխությունները ուղարկվել են Վենետիկի հանձնաժողով, քննարկումների արդյունքում ձեւավորվել է հուշագիր, որի հիման վրա մշակվել է օրենքի փոփոխությունների նախագիծ:

– ԵԽԽՎ բանաձեւում՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին, բավականին կոնկրետ առաջարկներ կային, մասնավորապես՝ մարտի 1-2-ի դեպքերի անկախ փորձաքննություն անցկացնել: Ասվում է, որ այդ փորձագիտական մարմինը կարող է ստեղծվել կամ ԱԺ-ում, կամ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում:

– Կարծում եմ, սա որեւէ առնչություն չունի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը եւ պաշտպանն ինքը բոլորովին այլ ֆունկցիաներ ունեն, եւ չի կարելի տարբեր խնդիրները իրար խառնել:

– Կարծիք կա, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովները «զավզակության տեղ են» եւ ոչինչ ավելին:

– Ուզում եմ հիշեցնել, որ ԱԺ-ն ունեցել է ժամանակավոր հանձնաժողով, որը շատ արդյունավետ աշխատել է՝ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովը (նախագահը Տիգրան Թորոսյանն էր- Մ. Ե.), կոնկրետ արդյունքներ են եղել, որոնք այսօր ՀՀ օրենսդրության բաղկացուցիչ մասերից են եւ կարեւոր մասերից: Եղել են նաեւ ավելի քիչ հաջողված ժամանակավոր հանձնաժողովներ, բայց սա որեւէ նշանակություն չունի: Հանձնաժողովի աշխատանքը կախված է անդամների եւ հանձնաժողովի նախագահի աշխատանքի որակից:

– Այսինքն՝ դուք կողմ եք, որ փորձագիտական այդ մարմինը ստեղծվի ԱԺ-ո՞ւմ:

– Ես կողմ եմ, որ ցանկացած հարցի վերաբերյալ լուրջ եւ խորը քննարկումներ արվեն, քաղաքական ուժերի հետ հստակ ձեւակերպվեն խնդիրները եւ նպատակները, եւ ըստ այդմ որոշվի, թե որ ձեւաչափն է ավելի հարմար:

– Արդյոք ՀՀ իշխանությունները բավարար քաղաքական կամք կունենա՞ն իրականացնելու ԵԽԽՎ բանաձեւի անհապաղ պահանջները:

– Անկեղծ ասած, չեմ կարծում, որ սա ԵԽԽՎ-ի ամենահաջողված բանաձեւերից է: Մի շարք վերապահումներ ունեմ: Օրինակ. Հանրային ռադիոհեռուստաընկերության խորհրդի հետ կապված՝ խորհուրդը ոչ թե կարգավորման մարմին է, այլ կառավարման, այնպես որ, սրա հետ կապված ձեւակերպումները եւս ճիշտ չեն: Կարող եմ բազմաթիվ այլ թերություններ եւս նշել այս բանաձեւում:

– Ուզում եք ասել, որ հայաստանյան պատվիրակությունը վա՞տ է աշխատել:

-Չէ, այն, ինչ ես ուզում եմ ասել՝ միշտ պարզ եւ հստակ ասում եմ: Այստեղ ամեն ինչ խառնվել է իրար՝ պատճառը, հետեւանքը, ընտրությունները, իրադարձությունները, ամեն-ամեն ինչ, եւ, ցավոք սրտի, քիչ չեն մակերեսային ձեւակերպումները: Նախապես տրվում են գնահատականներ: Բանաձեւը չպիտի ենթադրություններ անի, բանաձեւը փաստերի հիման վրա պիտի արձանագրի իրականությունը, եւ եթե այդ իրականությունը չի համապատասխանում ԵԽ չափանիշներին, նշի այն կոնկրետ խնդիրները, որոնց պիտի լուծումներ տրվեն: Բանաձեւը ունի լուրջ թերություններ, սակայն այն պիտի ուշադիր ուսումնասիրվի, եւ, ես համոզված եմ, կարվի այն ամենը, ինչն անհրաժեշտ է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման եւ խորացման համար:

– Քանի դեռ այս նախադասությունը չէիք ասել, կարծում էի, պիտի հայտարարեք, որ այդքան թերություններով բանաձեւը իշխանությունները լիարժեք իրավունք ունեն բանի տեղ չդնել եւ այսուհետ եւս ապրել ու աշխատել այնպես, ինչպես ապրել եւ աշխատել եք մինչ այժմ:

– Ուզում եմ հիշեցնել, որ չի եղել որեւէ դեպք, որ Հայաստանի իշխանությունները ԵԽԽՎ բանաձեւերը բանի տեղ չդնեն: Հիշեցնեմ նաեւ, որ 2004 թվականին ԵԽԽՎ-ի ընդունած բանաձեւի շատ կոնկրետ առաջարկությունները մեր երկիրը մինչեւ հունիս կատարեց, եւ դա էր պատճառը, որ հունիսին այդ խնդրի հետ կապված նստաշրջանի օրակարգ այլեւս որեւէ հարց չմտավ: Այնպես որ, Հայաստանի իշխանությունները երբեք չեն արհամարհել ԵԽԽՎ-ի բանաձեւերը: Յուրաքանչյուր բանաձեւ շատ կարեւոր է, որ ունենա կոնկրետ առաջարկություններ:

– Ունի կոնկրետ առաջարկություն, օրինակ՝ անհապաղ ազատ արձակել այն քաղաքացիներին, ովքեր ձերբակալվել են իրենց քաղաքական հայացքների եւ քաղաքական դիրքորոշման համար: Սրանից ավելի կոնկրետ ի՞նչ գրեին:

– Որեւէ մեկը իրավունք չունի որեւէ մեկին ձերբակալել իր քաղաքական հայացքների համար: Նման բան ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս: Երբ որեւէ մեկը ապացուցի, որ ինչ-որ մեկը ձերբակալվել է իր քաղաքական հայացքների համար, ապա ձերբակալողները պետք է պատժվեն:

– Ապացուցողը ո՞վ է լինելու:

– Ապացուցողը լինելու են այն մարդիկ, ովքեր հայտարարում են, որ ինչ-որ մեկին ձերբակալել են իր քաղաքական հայացքների համար: Նա, ով այդ միտքը հաստատում է, նա էլ պարտավոր է դա ապացուցել: Եվ դա կարելի է ապացուցել տարբեր ատյաններում՝ թե Հայաստանում եւ թե Հայաստանից դուրս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել