Լրահոս
Օրվա լրահոսը

Ծծկեր Վեհանուշը հացադուլավոր է

Ապրիլ 23,2008 00:00

\"\"Նորետա Էլոյանի բազմանդամ ընտանիքը ոչ տուն, ոչ հողամաս, ոչ էլ աշխատանք ունի \"\"

Երեկ կառավարության շենքի առաջ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ Նորետա Էլոյանն իր 8 անչափահաս երեխաների հետ հացադուլի էր նստել: «Ոչ տուն ունենք, ոչ աշխատանք, ոչ էլ մի պուճոր հողամաս, որ գոնե մի բան մշակենք: Թող մեզ էդ ամենով ապահովեն, մենք էլ թողնենք էստեղից գնանք»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց Ն. Էլոյանը: Նրա խոսքերով՝ ընտանիքը գոյատեւում է անչափահաս երեխաների նպաստներով, ինչն էլ, Ն. Էլոյանի խոսքերով, հազիվ ցամաք հացի է բավականացնում: Հոր՝ Սեւադա Հայրապետյանի պատմելով, դպրոցական երեխաների գրքերն անգամ անվճար չեն տրամադրում. «Կառավարության շենքի պատերի տակ հազար անգամ ավելի լավ պայմաններ են, քան մեր տանը: Ոչ բաղնիք ունենք, ոչ զուգարան: Գյուղի սաղ խանութներին պարտք ենք, բա էրեխա են, ուտել են ուզում: Նիուժելի՞ իրանց էրեխեքն էս ձեւ կապրեն, խիղճն էլ ա, չէ՞, լավ բան: Ասում են՝ բարգավաճ Հայաստան, առաջ, Հայաստան, սե՞նց են առաջ գնում: Բա կըսեն՝ հայեր, բազմացեք, բերեք շատացրեք ազգը, բերել եմ, դե իջի արի տես ի՞նչ եմ ուզում, փափուկ տեղները նստած՝ մեզ էլ բանի տեղ չեն դնում: Ասել եմ՝ էրեխեքիս կվառեմ, իրար հետ մեռնենք-պրծնենք»: Ինչ է թե՝ Ս. Հայրապետյանը դատված է, մերժել են գրանցումից հանել, երբ ընտանիքը ծրագրել է մեկնել Արցախում բնակվելու: «Այնտեղ անվճար տուն, հողամաս ու անասուն են տալիս: Ես քանի տարի Ղարաբաղ կռվել եմ, իմ տղեն հիմա բանակում է, բա էս պետությունը չի՞ ուզում մեզ ինչ-որ բանով օգնել»,- նեղսրտեց Ս. Հայրապետյանը: Երեկ արձագանքելով հացադուլավորների պահանջին, կառավարությունից հորդորել են դիմել Գեղարքունիքի մարզպետարան: «Մեզ ասացին՝ թողեք-գնացեք ձեր գյուղը, 2 տարի առաջ էլ էի եկել ու էլի ըտենց հետ ուղարկեցին: Մինչեւ հիմա ոչ մի բանով չեն օգնել: Ասենք՝ մի կտոր հող տան մեզ, բա էդ ինչո՞վ մշակենք, բա կարտոլ պիտի ցանեմ, բա ես փող ունե՞մ, որ սերմ առնեմ»,- ասաց Ս. Հայրապետյանը:

Մեր այցելության պահին անցորդներից մեկը հացադուլավորների համար կարկանդակ էր բերել, սակայն նրանք հրաժարվեցին ընդունել: Ծնողներն անգամ չէին կերակրում իրենց 1 տարեկան Սահականուշին ու ծծկեր Վեհանուշին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել