Փաստում են մասնագետները
«2008-ի հունվարի 1-ի տվյալներով՝ ՀՀ բնակչության թիվը 3 միլիոն 229 հազար 900 է: 2001-ից հետո հաջորդ մարդահամարը կլինի 2011-ին»,- երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց ՀՀ վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: «Ըստ 2007-ի տվյալների՝ ծնունդների թիվը 40.000-ից ավելի է, 2006-ի 37.000-ի փոխարեն: Այնինչ, 1990-ին ծնունդների տարեկան ցուցանիշը կազմել է 80.000, որը 2004-ին դարձել է 32.000»,- հայտնեց տիկ. Կույումջյանը: Հետո էլ անդրադարձավ մահացության ցուցանիշներին. «Դրանք ավելացման միտում ունեն: Գերակշռում են 62-ից բարձր տարիքի մահերը: Այսինքն՝ մեծահասակ բնակչության մահացությունն աճում է, երիտասարդ տարիքինը նվազման միտումներ ունի»: Լրագրողներին հետաքրքրեց, թե սա նշանակո՞ւմ է, որ մենք ծերացող ազգ ենք: Կ. Կույումջյանը պատասխանեց. «Սա կարելի է բնորոշել որպես ժողովրդագրական ծերացում, որը նշանակում է, որ բնակչության կառուցվածքում ավելանում է մեծահասակ բնակչության տեսակարար կշիռը, նվազում՝ երիտասարդներինը: Սա պայմանավորված է նրանով, որ ծնելիության ցուցանիշի խիստ անկում է արձանագրվում՝ շուրջ 2.5 անգամ: Մի գործոն էլ կա՝ կյանքի սպասվող միջին տեւողությունը: Չնայած այս ցուցանիշը տարիների ընթացքում որոշակի նվազում ունեցել է, բայց այս տարիների համար բավականին բարձր է համարվում: Այսինքն՝ կյանքի միջին տեւողությունը տղամարդկանց համար 70-ն է, կանանց համար՝ 76.8-ը: Զարգացած երկրների համեմատ տեղ ունի աճելու, իսկ նախկին խորհրդային երկրների հետ համեմատած՝ բարձր է»: Լրագրողներին հետաքրքրեց, թե ծնելիության 40.000 ցուցանիշը ՀՀ-ի համար կարելի՞ է բավարար համարել: Նա պատասխանեց. «Ոչ, գոյություն ունի մասնավոր պտղաբերության գործակից, այսինքն՝ պտղաբեր հասակում՝ 15-49-ում, կնոջ ունեցած երեխաների թիվը: Դա գոնե պիտի լինի 2-ից ավելի, որ ապահովի բնակչության պարզ վերարտադրությունը, իսկ ընդլայնված վերարտադրության համար դա պիտի լինի 2.5-2.6-ից ավելի: 1990-ին այդ ցուցանիշը եղել է 2.6, այսինքն՝ մեկ կին 2-ից ավելի երեխա է ծնել: Այսօրվա ցուցանիշը 1-ից ավելի է, ու անգամ պարզ վերարտադրության համար բավարար չէ»:
Ազգագրագետ, էթնոսագետ Համլետ Սարգսյանն էլ այդ 1-ից ավելի ցուցանիշը խայտառակություն համարեց եւ ասաց. «Ծնելիության անկումը կապված է քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական եւ այլ գործոնների հետ: Ծնելիության անկման գագաթնակետը եղավ 1988-ի աղետալի երկրաշարժից եւ ղարաբաղյան հակամարտությունից հետո»: Այս կապակցությամբ պրն Սարգսյանն ասաց. «Դրական տեղաշարժի համար պետական միջամտություն է պետք: Այսօր երիտասարդ ընտանիքը կամ տուն չունի, կամ աշխատավարձ, որ երեխա պահի: Հասարակությունն էլ այսօր կայուն չէ: Երբ մարդ մտածում է, որ պիտի գնա Հայաստանից, ի՞նչ երեխայի մասին է խոսքը»: Կ. Կույումջյանը տեղեկացրեց, որ 1990-ին ընտանիքում 3 եւ ավելի ծնունդների մասնաբաժինը 30 տոկոս էր, 2006-ին՝ 16: Կ. Կույումջյանի ասվածից պարզ դարձավ, որ ՀՀ-ում նոր-նոր են մշակում ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգ: Ամուսնությունների եւ ամուսնալուծությունների քանակի մասին էլ ասաց. «Ամուսնությունների թիվը 2007-ին 18145 էր, 2006-ին՝ 16887: Ամուսնալուծությունների թիվը 2007-ին՝ 2931, 2006-ին՝ 2797»: