«Սկսել ա»-ն անակնկալ կմատուցի պատգամավորներին
Առաջիկա օրերին, սկսած այսօր առավոտից, երիտասարդական «Սկսել ա» շարժման եւ «Հիմա» ֆորումի մի խումբ ակտիվիստներ կազմակերպելու են ակցիաներ՝ ԱԺ պատգամավորների բնակարանների առջեւ: Ակցիայի էությունն այն է, որ 3-4 ակտիվիստ սկսելու են ակապելլա երգել՝ «Միտինգ, ակցիա, պիկետ, երթ», փորձելով պատգամավորներին հիշեցնել, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, չկա խոսքի ազատություն եւ ազատորեն երթեր ու ցույցեր կազմակերպելը սահմանափակվել է:
Երիտասարդները մտադիր են առաջին ակցիան անցկացնել ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի տան դիմաց:
«Առավոտի» խնդրանքին՝ հիմնավորել, թե ինչո՞վ է պայմանավորված հատկապես վերջին շրջանում «Սկսել ա» շարժման ակտիվացումը, շարժման անդամ Արսեն Խառատյանը չհամաձայնեց այն տեսակետին, որ իրենք նոր են ակտիվացել. «Սկսել ա»-ն նոր չի ծնվել, արդեն երկու տարի գործում է: Մինչ այս՝ բավականին ակցիաներ ենք արել, որոնք արտացոլանքն են մեր երկրում առկա քաղաքական ու հասարակական խնդիրների: Այսքան ժամանակ միայն մեկ ձախողում ենք ունեցել, երբ անցած տարի քաղաքապետարանը թույլ չտվեց կազմակերպել բացօթյա ռոք- համերգ»: Մեր զրուցակցի տեղեկացմամբ, իրենց շարժումը, որն ընդգրկում է 50-ից ավելի երիտասարդի, նպատակ չի հետապնդում դառնալ հասարակական կազմակերպություն կամ երիտասարդական կուսակցություն, քանի որ նման խնդիր իր առաջ չունի: Իսկ թե իրենց ակտիվացմամբ երիտասարդական շարժումն ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել, ապա, ըստ Ա. Խառատյանի, իրենց շարժման առաքելությունն ինչ-որ մեկին պաշտպանելը չէ, առավել եւս, երբ նախագահական ընտրությունների ժամանակ իրենց ակտիվիստների մի մասը սատարել է Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ մյուս մասը՝ Սերժ Սարգսյանին. «Մենք մոնոլիտ խումբ չենք եւ ինչ-որ մեկին չենք աջակցում»: Անձամբ իր ձայնը Լ. Տեր-Պետրոսյանին տված Ա. Խառատյանի դիտարկմամբ՝ այժմ իրենք չեն կարող լռել, որովհետեւ. «Ունենք մի երկիր, ուր քաղբանտարկյալներ կան, իմ կարծիքով, օրենքները սկսում են ֆաշիստական օրենքների նմանվել, թույլ չեն տալիս երթեր ու ցույցեր անել: Ունենք մի երկիր, որն իսկապես զենք է կիրառել իր ժողովրդի նկատմամբ: Իհարկե, մեր շարժումը, որպես օրգանիզմ, չէր կարող չխոսել դրանց մասին եւ շարունակելու է բարձրաձայնել այս խնդիրները տարբեր ակցիաներով: Այսպես մենք ոչ թե ինքնադրսեւորման խնդիր ենք լուծում, այլ՝ եղած դեպքերի հիշեցման խնդիր: Այդուհանդերձ, «Սկսել ա»-ն ընդդիմադիր է»: «Առավոտի» դիտարկմանը, թե շարժման ոչ ֆորմալ կառույց լինելը խնդիրներ չի՞ առաջացնում իշխանությունների հետ, հատկապես, երբ իշխանություններին ոչ հաճո գլոբալ խնդիրներ են արծարծում, ի պատասխան՝ երիտասարդ ակտիվիստն ասաց. «Չեմ կարծում, որ խնդիրներ կունենանք, քանի որ մինչ այժմ չենք ունեցել: Երբ այս շարժումը սկսի ֆորմալանալ, ինքը, որպես այդպիսին, սահմանափակելու է իր հնարավորությունները, վերածվելու է մի արհեստական հ/կ-ի, որոնցից մենք շատ ունենք: Մենք կարեւորում ենք կազմակերպված քաոս լինելը, այսինքն՝ խոսել այն գաղափարների դաշտից, որին հավատում ենք»:
«Առավոտը» հետաքրքրվեց, թե «Սկսել ա»-ն ի՞նչ առնչություն ունի «Հիմա» ֆորումի հետ, որը ձեւավորվեց հետընտրական համաժողովրդական միջոցառումների ժամանակ տեղ գտած «Հիմա» կարգախոսի հիման վրա: Ա. Խառատյանը պատասխանեց. «Հիմա»-ն երիտասարդական մեկ այլ նորություն է, որը եւս մենք ենք իրագործում: Երիտասարդներս փնտրում ենք խնդիրների լուծումներ: Մենք իշխանություններին ասում ենք՝ հիմա՛ արեք այս կամ այն բանը, քանի որ կարող եք: Մենք այս շրջանում շատ ենք կարեւորում «Հիմա» ֆորումը: Ֆորումի գործունեության շրջանակներում աշխատում ենք երեք ուղղությամբ՝ ազատել քաղբանտարկյալներին, թույլատրել խոսքի ազատությունը, բացել «Ա1+»-ը եւ թույլ տալ ազատ կազմակերպել երթեր ու ցույցեր՝ վերացնելով օրենքում դրանց վերաբերող սահմանափակումները»: Մեր հետաքրքրությանը, թե արդյո՞ք չի ոտնահարվում գրական հայերենի անաղարտությունը, քանի որ «Սկսել ա»-ի մեջ բարբառայնության տարր կա, մեր զրուցակիցը հակադարձեց. «Այստեղ գաղափար կա: Այն ջերմ է եւ ժողովրդախոսակցական: Ընդ որում, երիտասարդության համատեքստում լավ է տեղավորվում»: