Ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը
– Մեկուսարանից ազատ արձակվելուց հետո Ձեր առաջին հարցազրույցում կարծիք էիք հայտնել, թե ընդդիմությունը «որոշ դեպքերում գործել է ոչ համարժեք», «որոշ դեպքերում ապավինել է ռեսուրսների, որոնք, ըստ էության, կարող է գոյություն չունենային»: Խնդրեմ՝ բացեք չակերտները:
– Ես պատրաստվում եմ այդ մասին զրույց ունենալ ընդդիմության ղեկավարների հետ: Ընդդիմությունն, ընդհանուր առմամբ, հասարակության հետ եղել է անկեղծ եւ ցանկացել է փոփոխություններ: Իսկ ասվածը հիմնականում վերաբերում է երկու խնդրի. ես կարծում էի, որ հարթակը պետք է շատ ավելի միաբան ու միակուռ լիներ՝ գաղափարաքաղաքական իմաստով: Այսինքն, դարձյալ այն համոզմանն եմ, որ քաղաքական տարբեր ուժերի ներգրավվածությունը՝ անտեսելով գաղափարական, քաղաքական տարաձայնությունների խնդիրը, արդյունավետ չէ: Դարձյալ մնում եմ այդ համոզմանը, որովհետեւ հասարակությունն այս իշխանությունը հեռացնելուց բացի՝ պետք է նաեւ տեսներ ապագա Հայաստանի տեսլականը, որը հարթակի բազմազանության դեպքում մի քիչ լղոզվում է: Եվ երկրորդը՝ կարծում եմ, որ, այնուամենայնիվ՝ մասամբ արդարացված չէին մեր համառ ջանքերը ԵԿՄ ղեկավարությանը շարժման մասնակից դարձնելու ուղղությամբ:
– Ավելի որոշակի՝ Մանվել Գրիգորյանի մասի՞ն է խոսքը:
– Մասնավորապես: Ես մի քիչ այլ դիտանկյուն ունեմ ԵԿՄ-ի ղեկավարության գործոնի առնչությամբ: Ես կարծում եմ՝ ամենալավ լուծումն այդ մարդկանց քաղաքականությունից ընդհանրապես դուրս դնելն է: Սա ես ասում եմ ոչ թե նրանց մարդկային գործոնը նկատի ունենալով, այլ հաշվի առնելով քաղաքական գործընթացների տրամաբանությունը: Քանի որ երեւի նկատել եք՝ սա հետո տեղիք տվեց բազմաթիվ անհարկի շահարկումների:
– Որո՞նք եք համարում այժմ ընդդիմության հետագա քայլերը: ԵԽԽՎ բանաձեւով որոշակի օրակարգ է առաջարկվել, որով ընդդիմությանն առաջարկվում է ճանաչել ՍԴ որոշումն ընտրության արդյունքներն ամփոփոխ թողնելու վերաբերյալ, իսկ հետո այն թեկուզ վիճարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
– ԵԽԽՎ-ն, այնուամենայնիվ, չի առաջարկել համաձայնել ՍԴ որոշմանը, եւ ընդդիմությունը նման խնդիր չունի: Այդ որոշումն ընդամենը պետք է ընդունվի ի գիտություն՝ Ստրասբուրգում այն վիճարկելու նպատակով:
Կարծում եմ, որ ԵԽԽՎ բանաձեւը բոլոր առումներով շատ հավասարակշիռ է ու ճշգրիտ: Իմիջիայլոց, ասեմ, որ այդ բանաձեւից շատ ավելի առաջ՝ երբ հացադուլ էի անում՝ իրական քաղաքական երկխոսությունն էր իմ պահանջներից մեկը:
Իշխանություններն, առաջին հերթին, իհարկե, պիտի մարտի 1-ի հետեւանքները ամբողջովին վերացնեն, այսինքն՝ ազատ արձակեն բոլոր քաղկալանավորներին, վերացնեն այն բոլոր սահմանափակումները, որ արեցին՝ փոփոխելով հավաքների մասին օրենքը: Իսկ ընդդիմությունն իր հերթին պիտի օգտագործի իրավաքաղաքական այլ ռեսուրսներ, մասնավորապես՝ ինչպես նշված է, օգտագործելով եվրոպական համապատասխան մարմիններում ընտրությունների արդյունքները վիճարկելու հնարավորությունը, հանրահավաքային հարթակից բացի՝ ստեղծի այլ հարթակներ: Սա շատ կարեւոր է՝ ես կարծում եմ, որ հանրահավաքը չպետք է նպատակ դարձնել եւ պետք է մտածել ընդդիմադիր շարժումն ինստիտուցիոնալ հիմքի վրա դնելու մասին: Այսինքն, հիմա որոշակիորեն դուրս ենք նախընտրական կամ հետընտրական տրամաբանությունից, բայց կա շատ կայացած ընդդիմություն ու բավականին խոցելի իշխանություն: Կոնկրետ ընդդիմության մասով, կարծում եմ, որ ինստիտուցիոնալ հիմքի վրա պետք է փոխանցվի շարժումը, պետք է ստեղծվեն քաղաքական գործիքներ, որ կարողանանք ձեւավորել քաղաքական նոր օրակարգ:
Ի վերջո, պետք է հասկանալ, որ քաղաքական հարաբերություններում պրագմատիզմն ամենակարեւոր գործոնն է: Եվ պետք է հասկանալ, որ մեր տիպի երկրներում նման ռեժիմները մեկ հարվածով չեն ընկրկում կամ չեն տապալվում: Եվ հարկ է մտածել, որ պայքարը գուցե ամիսներ կամ նույնիսկ ավելի երկար ժամանակ տեւի: Ընդդիմության ամենակարեւոր հաջողությունը քաղաքացիական հասարակության սպեկտորի մեծացումն է: Իսկ քաղաքացիական հասարակությանը պետք չէ կերակրել մեկ հարվածով ամեն ինչ փոխելու գաղափարներով: Քաղաքացիական հասարակությունը պիտի պատրաստ լինի մի քիչ ավելի տեւական պայքարի:
– Այս անգամ այդ առումով իրոք փոփոխություններ արձանագրվեցին, քանի որ ո՛չ 1996-ի, ո՛չ 2004-ի ապրիլյան բռնություններից հետո մարդիկ փողոց դուրս չեկան՝ ի տարբերություն ներկա շրջանի:
– Միանգամայն համաձայն եմ: Սա ընդամենը մի բանի մասին է վկայում, որ մեր հասարակական հարաբերությունները մեկ քայլ առաջ են անցել քաղաքական վերնախավից: Այսինքն, հասարակությունն ինքն այս անգամ գործել է ռացիոնալ դաշտում՝ գերակայություն տալով ազատության գաղափարին: Իսկ հասարակությունը հասկանում է, որ ազատության գաղափարի համար մի քիչ ավելի երկարատեւ պայքարի խնդիր ունի:
– Մարտի դեպքերից հետո կարծես այս կամ այն թեկնածուին նախապատվություն տալու խնդիրն իրոք փոխակերպվեց ազատությունների եւ իրավունքների համար պայքարի:
– Հաստա՛տ այդպես է: Եվ հենց այստեղ է Լեւոն Տեր-Պետրոսյանի դրական առավելությունը մյուս բոլոր թեկնածուների հանդեպ, քանի որ նա, այնուամենայնիվ, կարողացավ իր շարժմանը հաղորդել ռացիոնալ բնույթ: Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հրապարակը շատ երկար ու տեւական ժամանակ վանկարկեց «Ազատություն», «Ազատ, անկախ Հայաստան», այսինքն՝ ռացիոնալ կարգախոսներ:
Իսկապես, խնդիրը պարզունակ հարթությունից պետք է դուրս բերել. խնդիրը ո՛չ Սերժ Սարգսյանի հեռացումն է, ո՛չ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահ լինելը: Այլ խնդիր է, որ իշխանությունը հայտնվել է շատ ծանր վիճակում, երբ Սերժ Սարգսյանն իսկապես առայժմ չի կարողացել ապացուցել, թե ինքնը Ռոբերտ Քոչարյանի ծանր ժառանգության կրողը չէ: Եվ, ըստ էության, ինքը վերարտադրել է մի համակարգ, որը ոչ մի աղերս չունի ազատության հետ: