Լրահոս
Օրվա լրահոսը

«Կատարում են» ԵԽ պահանջները

Ապրիլ 23,2008 00:00

Քաղաքական գործիչների կալանքը երկարացնելով 2 ամսով

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձեւում բավականին հստակ նշված է, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են անհապաղ միջոցառումներ իրականացնել քաղաքական հայացքների համար ձերբակալվածներին ազատ արձակելու ուղղությամբ: Մինչդեռ, բանաձեի ընդունումից անմիջապես հետո, մեր իշխանությունները ճիշտ հակառակ հետեւություններ արեցին եւ փոխանակ մարդկանց անհապաղ ազատ արձակեն, ձերբակալվածներից շատերի կալանքի ժամկետները երկարաձգեցին մեկ կամ երկու ամսով: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին «Առավոտը» հարցրեց՝ արդյոք այդ փաստը նշանակո՞ւմ է, որ իշխանությունները՝ անկախ եվրոպական կառույցների հորդորներից եւ գնահատականներից, շարունակելու են իրենց սրտի ուզածն անել եւ մարդկանց պահել փակի տակ: Դավիթ Հարությունյանը ի պատասխան ասաց, որ, իր կարծիքով, Հայաստանի իշխանությունները պետք է շահագրգռված լինեն կատարել բանաձեւի բոլոր պահանջները. «Կոնկրետ դեպքերի վերաբերյալ հիմա ինձ շատ դժվար է խոսել, բայց մեկ բան ակնհայտ է՝ այս բանաձեւի իրականացման համար անհրաժեշտ է ստեղծել գործուն մեխանիզմներ: Կարծում եմ, շատ շուտով, այս շաբաթվա ընթացքում կոալիցիոն գործընկերները կքննարկեն, թե ինչպես են պատրաստվում գործադրել այս բանաձեւը, ինչպիսի մեխանիզմներ պետք է ստեղծեն, որպեսզի այս բանաձեւը արդյունավետ գործի»: Հարցին՝ բանաձեւում նշված է, որ պետք է ազատ արձակվեն նրանք, ովքեր անձնապես չեն կատարել որեւէ բռնի գործողություն կամ դրա հետ կապված լուրջ հանցանքներ, ուրեմն, ո՞վ է այն մարդը կամ մարմինը, որը պետք է որոշի լրջությունը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ինչքան էլ մենք ասենք, որ մեր երկրում ապահովված է դատական մարմինների անկախությունը, չեմ կարծում, որ այդ անկախությունը հասել է այն մակարդակին, երբ քաղաքական զարգացումները, քաղաքական դիրքորոշումները անարձագանք են մնում այդ մարմինների կողմից, այնպես որ, քաղաքական դիրքորոշումը հույժ կարեւոր է, եւ ես արդեն ասացի, որ, իմ կարծիքով, կոալիցիան անհապաղ ձեռնամուխ է լինելու բանաձեւի յուրաքանչյուր կետի քննարկմանը եւ յուրաքանչյուր կետից բխող քայլերի իրականացմանը»: Ասաց նաեւ, որ բանաձեւի կատարումը ցույց կտա, թե մեր երկրի քաղաքական վեկտորը որ ուղղությամբ է ուզում զարգանալ:

Արդեն իսկ հարցեր են հնչում, թե մարտի 1-2-ի դեպքերի անկախ փորձաքննության նպատակով նույն ԵԽ-ի կողմից առաջարկված հատուկ, անկախ մարմինը որտեղ պետք է ստեղծվի: Ոմանք ասում են՝ Ազգային ժողովում, ուրիշները՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում: Սրանցից ո՞րը կարող է լինել առավել վստահելի եւ ո՞րը՝ առավել արդյունավետ: «Արդունավետության տեսանկյունից ես հակված եմ Մարդու իրավունքների պաշտպանին, առավել վստահության տեսանկյունից՝ դարձյալ Մարդու իրավունքների պաշտպանին»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել