Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՏԻԺ՝ ԸՆՏՐԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ապրիլ 23,2008 00:00

\"\"

Նախաքննության մարմինն անտեսել է այն տեսագրությունը, որն ապացույց է, որ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ոչ թե բռնություն գործադրելու սպառնալիքներ է տվել, այլ ընդամենը հիշեցրել, թե լցոնմանն աջակցելու համար կարող են կրել պատասխանատվություն:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննում է թիվ 34/06 տեղամասային ընտրական հանձնաժողովի «աշխատանքներին խոչընդոտելու դեպքի» առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ հիմնավորված է համարվում, թե փետրվարի 19-ի քվեարկության ընթացքում՝ ժամը 14:30-ի սահմաններում, այդ տեղամաս են մտել նախ Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Գյումրու նախընտրական շտաբի աշխատանքները համակարգող Մուրադ Գրիգորյանը, նրանցից հետո՝ վստահված անձ Շոթա Սաղաթելյանը, նրանից հետո էլ՝ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նրանք այստեղ էին եկել «տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին եւ քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ», վիճաբանել են հանձնաժողովի անդամների հետ, բռնություն գործադրելու սպառնալիքներ տվել ու խոչընդոտել ընտրական հանձնաժողովի աշխատանքին:

Պետրոս Մակեյանի եղբայրը՝ Վարդան Մակեյանը, Գյումրիի մեր թղթակցին հայտնել էր, թե կա իրականությունը պատկերող տեսաերիզ: Եվ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները վստահեցրել են, թե իրենք Գյումրիի 41-րդ դպրոցում տեղակայված այդ ընտրատեղամաս հասել էին այն պահին, երբ ահազանգ էին ստացել, որ շուրջ 350 քվեաթերթիկ է լցոնվել Սերժ Սարգսյանի օգտին:

Պետրոս Մակեյանի շահերի պաշտպան Տիգրան Տեր-Եսայանն «Առավոտին» փոխանցեց այդ տեսաերիզը: Ըստ այդմ՝ կարող ենք դատել, թե որքանով է իրականությանը համապատասխանում մասնավորապես Մակեյանի մասով նախաքննության հաստատումները, թե նա «սպառնացել եւ խոչընդոտել է հանձնաժողովի աշխատանքներին»: Եվ ավելի վաղ այս տեղամաս այցելած իր գործընկերների հետ նրանք «շուրջ 30 րոպե կազմալուծել են 34/06 ընտրատեղամասի աշխատանքները, ընտրական գործընթացը՝ սերմանելով վախ եւ անվստահություն»:

Այս տեսագրության մեջ Պետրոս Մակեյանը հանձնաժողովի նախագահ Սիլվա Հովհաննիսյանից փորձում է պարզել, թե ինչու չեն գրանցել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձի գրանցած խախտումը: Կողքից նրանց զրույցին հետեւում եւ ժամանակ առ ժամանակ միջամտում է սեւ գլխարկով, սեւ կաշվե երկար անձրեւանոցով մի տղամարդ (լուսանկարը կադր է այդ տեսագրությունից): Մակեյանը նրան հարցնում է. «Դո՞ւք որպես ինչ եք խոսում»: Հանձնաժողովի նախագահը պատասխանում է, թե նա վստահված անձ է: Մակեյանը հարցնում է. «Մի րոպե, ես ձեզ հետ խոսում եմ որպես հանձնաժողովի նախագահ, դուք ինչի՞ համար եք վստահված անձանց բերում ստեղ խոսակցության»: Սիլվա Հովհաննիսյանը «Ժողովրդավարական Հայրենիքի» նախագահին ասում է. «Դուք վստահված անձ չեք»: Մակեյանը դիմելով Տեր-Պետրոսյանի վստահված անձին՝ հարցնում է. «Արձանագրությունը գրե՞լ ես, բերե՞լ ես… Դե, գրանցե՛ք»: Իսկ Սիլվա Հովհաննիսյանին էլ (որն ակնհայտորեն ավելի շատ լսում է վերոհիշյալ «վստահված անձին») ասում է. «Ուրեմն իմացի, ով որ աջակցել է լցոնման՝ առաջին պատասխանատուն կլինեք հանձնաժողովի նախագահն ու անդամները»: Այս պահին միջամտում է այդ տղամարդը՝ գոռալով. «Պրն Մակեյան, մատդ վրեն մի՛ թափ տուր»: «Ժողովրդավարական Հայրենիքի» նախագահը նրան հակադարձում է. «Ես ձեզ հետ չեմ խոսում»: Իսկ տղամարդը՝ արդեն կռիվ հրահրելով, գոռում է. «Ձենդ կտրի՛ր: Մատդ վրեն թափ մի՛ տուր»: Մակեյանը գոռում է ի պատասխան. «Դո՛ւ ձենդ չբարձրացնես, հասկացա՞ր»: Հետեւում է լեզվակռիվ՝ «Մատ մի թափ տուր», «Ձենդ չբարձրացնես», որը տեւում է շատ կարճ՝ 1 րոպեից էլ պակաս: Սակայն հենց այդ պահին տեսախցիկը տեղափոխվում է, եւ երեւում է, որ հանձնաժողովի անդամները շարունակում են աշխատել, քվեաթերթիկ են տալիս մի կնոջ: Կարճ լեզվակռվից հետո Պետրոս Մակեյանն ասում է. «Բոլորդ պատասխան եք տալու լցոնման դեպքում», ու դուրս գալիս: Մեկ այլ տղամարդ, ըստ ամենայնի՝ հանձնաժողովի անդամներից, նրա դուրս գալու ընթացքում ասում է. «Ընտրություններին մի՛ խանգարեք, դուրս գնացեք: Օրենք կա, դրա համար կարգ կա»:

Ահա այս ամենի համար է Պետրոս Մակեյանն այժմ մեղադրվում «Քրեական օրենսգրքի» 149 հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով՝ «ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովի աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը», որը զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով եւ կատարվել է մի խումբ անձանց կողմից: Նրան սպառնում է 2-5 տարի ազատազրկում:

Փաստորեն, Հայաստանում բռնություն գործադրելու սպառնալիք է համարվում հիշեցումը, թե լցոնմանն աջակցելու համար կարող են կրել պատասխանատվություն, իսկ ընտրախախտումները կանխելու փորձն էլ «քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու» դիտավորություն է:

Տիգրան Տեր-Եսայանը մեզ ասաց. «Այս տեսահոլովակը գործի մեջ կա, բայց նախաքննության մարմինն այն որպես հիմք չի ընդունել ու չի դիտարկել որպես ապացույց: Տեսաերիզն անտեսվել է»: Պաշտպանը պնդեց, թե այս տեսաերիզն ապացույց է, որ Պետրոս Մակեյանի քայլերի եւ գործողությունների մեջ չկան հիմքեր նրան առաջադրելու այս մեղադրանքը. «Այսինքն՝ հանձնաժողովն իր գործառույթը շարունակել է կատարել այն պահին էլ, երբ նա զրուցում էր հանձնաժողովի նախագահի հետ՝ փորձելով ճշտել, թե ինչու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձի կազմած արձանագրությունը՝ նկատված կեղծարարության մասին, չի գրանցվել մատյանում՝ սա «Ընտրական օրենսգրքի» պահանջն է: Տեսագրությունից ակնհայտ է, որ ընտրությունները չեն դադարեցվել այդ զրույցի ժամանակ: Եվ այստեղ, ըստ էության, վիճաբանություն՝ վիրավորանք կամ հայհոյանք չկա: Բան չունեմ ասելու՝ գուցե Մակեյանի ձայնի տոնայնությունը մի քիչ բարձր է եղել: Բայց եթե «օրենքի առջեւ պատասխան եք տալու» միտքը համարվում է սպառնալիք… թող համարեն: Բացի այդ՝ հիմնավորված չէ Մակեյանին մեղադրելը ՔՕ այդ հոդվածի՝ «մի խումբ անձանց կողմից» կետով: Տեսագրությունից ակնհայտ է, որ խոսում են Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը, հանձնաժողովի նախագահը, Մակեյանը եւ ոմն քաղաքացի, որը չգիտես ինչու է այդ տեղամասում: Ոչ մի այլ մարդ չկա»:

Ապրիլի 25-ին վերսկսվելու է այս գործով դատաքննությունը: Հետաքրքիր է՝ դատարանն է՞լ է նախաքննության պես անտեսելու այս տեսագրությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել