Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԱՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 23,2008 00:00

Համենայնդեպս, հանրապետական Սամվել Նիկոյանը այս կարծիքին է

Արդեն ձեւավորված է կոալիցիոն նոր կառավարությունը, եւ այս կառավարության առաջին քայլը, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, պետք է լինի սովորելը: Սովորելը՝ սովորել, բայց նաեւ գործել է հարկավոր, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում բավականին կոնկրետ խոստումներ կան, որոնք եթե զուտ ձեւական եւ պոպուլիստական խոստումներ չէին, ապա պետք է իրականացնել: Իսկ եթե սրան գումարենք նաեւ կոալիցիայի անդամ կուսակցությունների նախագահների թեկնածուների խոստումների այն հատվածները, որոնք, ըստ իրենց իսկ հայտարարությունների, պետք է որ ամրագրվեն կառավարության ծրագրում, նշանակում է, այս կառավարությունը ստիպված է լինելու ցերեկը գործել՝ իրականացնելու համար Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումները, իսկ գիշերները սովորել, սովորել եւ կրկին սովորել՝ իրականություն դարձնելու համար վարչապետ Տիգրան Սարգսյանի «լենինյան» պատգամը: Այդուհանդերձ, ձեւավորված կառավարությունը բավականին հարցականներ է առաջացնում, մասնավորապես՝ այդ ինչպե՞ս եղավ, որ թեպետ կառավարությունը կոալիցիոն է, սակայն նրա ձեւավորումից հավասարաչափ դժգոհ են բոլոր կողմերը: ԲՀԿ-ն իր մասով կարծես արդեն փորձ արեց հերքել իր նեղացածության մասին կասկածները, սակայն հանրապետականները դեռ սրտանց չեն հայտարարել, որ «նեղացած չեն» այն բանի համար, որ նախընտրական շրջանում ընդդիմադիր ելույթներ ունեցող ՕԵԿ-ը եւ ՀՅԴ-ն այսօր իրենց հետ հավասար կիսում են տեղերը գործադիր իշխանությունում: Սամվել Նիկոյանը պատասխանելով հարցին՝ նեղացա՞ծ է, արդյոք, հանրապետականը՝ ասաց. «Հայտնի է, որ նեղացածությունը քաղաքական կատեգորիա չէ: Մենք պետք է հարցին նայենք այլ տեսանկյունից՝ կկարողանա՞ կառավարությունն աշխատել այնպես, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կուզեր, որ աշխատի իր երկրի կառավարությունը: Եթե կառավարությունը լավ աշխատի, ապա ոչ մի նեղացած մարդ չի լինի: Իհարկե, եթե կառավարությանը նայենք զուտ քաղաքագիտական առումով, ապա այն պետք է ձեւավորված լիներ խորհրդարանի մեծամասնության կողմից, եւ գուցե կուսակցական առումով այդտեղ խնդիրներ կան, բայց եթե ընդունենք, որ դա եղել է քաղաքական մեծամասնության համաձայնությամբ, այսինքն՝ մեծամասնությունը պարտավորվել է հենարան հանդիսանալ այս կառավարությանը, այս առումով խնդիր չկա»:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը մեզ հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք սա հենց ա՞յն կառավարությունն է, որը ի զորու է իրականացնել Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումները, ասաց. «Առայժմ ձեռնպահ մնանք գնահատականներից, թե ինչպիսին կլինի այս կառավարությունը, եւ եկեք առաջնորդվենք միայն հույսերով եւ բարի ցանկություններով: Իսկ թե ինչպիսին կլինի կառավարությունը, ցույց կտա ժամանակը, կլինեն առաջին գործերը, եւ մենք կկարողանանք դատել հետագայի մասին եւ ասել՝ սա հենց ա՞յն կառավարությունն է, ինչ մենք ուզում էինք: Կարծում եմ, եւ սա ամենայն անկեղծությամբ եմ ասում, որ այս կառավարության հետ նախագահը եւ վարչապետը կկարողանան համատեղ աշխատել, նաեւ՝ ԱԺ-ի քաղաքական մեծամասնության հետ, եւ լուծել այն խնդիրները, որոնք դրված են մեր պետության առաջ՝ եւ արտաքին, եւ ներքին մարտահրավերների առումով: Ուղղակիորեն պետք է հավատալ եւ տալ հնարավորություն, որպեսզի կառավարությունը աշխատի, եւ սպասել արդյունքներին: Դեռեւս նոր-նոր ձեւավորված կառավարության աշխատանքը կասկածի տակ դնել եւ թերահավատությամբ լցվել, ինչը մենք արդեն տեսնում ենք որոշ լրատվամիջոցներում՝ ճիշտ չէ»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի կոչը՝ ուղղված նախարարներին, «Չիմանալն ամոթ չէ, չսովորելն է ամոթ», հասարակության մեջ միանշանակ չի ընդունվել, ոմանք այս կարծիքին են. «Շատ լավ արեց, դրանց պետք էր հասկացնել, որ ոչինչ չգիտեն»: Ուրիշները ուղղակի դժգոհ էին. «Ի՞նչ է, երեխաների հե՞տ գործ ուներ, ի՞նչ դասատուական ոճ էր»: Պարոն Նիկոյանի հետ զրույցում ներկայացնելով հասարակության մեջ առկա այս կարգի արձագանքները, հարցրինք՝ չի՞ կիսում կարծիքը, որ մի տեսակ ուսուցչի դիրքերից ասված կոչ էր եւ կարող էր վիրավորել շատերին: ՀՀԿ խմբակցության քարտուղարն ասաց, որ «Սովորել, սովորել, սովորել» կոչն ամենեւին էլ նորություն չէ. «Մենք դեռ վաղուց գիտենք, որ նման կոչեր եղել են, սակայն ես այն կարծիքին եմ, որ Տիգրան Սարգսյանն իրոք բարեփոխիչ է, եւ, կարծում եմ, «սովորել» ասելով ինքը նկատի ուներ նոր աշխատաոճին սովորել, որովհետեւ եւ ինքը, եւ մենք, բոլորս գիտենք, որ ունենք լավ, գրագետ եւ կիրթ նախարարներ: Խոսքն այստեղ նոր ոճին է վերաբերում: Մեր պետության առաջ այսօր նոր մարտահրավերներ են կանգնած եւ մեզ հարկավոր է սովորել՝ այս նոր իրավիճակում նոր ոճով աշխատելու համար: Եթե կառավարությունն իր առջեւ խնդիր է դրել իրականացնել երկրորդ սերնդի բարեփոխումներ, ապա նրա յուրաքանչյուր անդամը պատրաստ պետք է լինի աշխատել այս ուղղությամբ, եւ Տիգրան Սարգսյանի կոչը՝ սովորելու մասին, ես դիտում եմ հենց այս ենթատեքստում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել