Ներկայացնելով Երեւանում մարտի 1-ին ծայր առած ողբերգական իրադարձությունների ամփոփ գնահատականը, Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը կրկին իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին եւ աշխարհասփյուռ հայ ժողովրդին:
Զոհվածների եւ տուժածների թվաքանակը չէ, որ պետք է պարզ դարձնի այս մեծ ողբերգության հոգեցունց հետեւանքները: Իրենց «ազգային», «ցեղակրոն», «բարեգործ», «օրինաց» հորջորջող իշխանություններն անցան մի սահման, որը ոչ թե ինչ-որ մահկանացուների ձեռքով, այլ ի վերուստ տրված Պատվիրանի սրբազնագործությամբ է ամրագրված պետականորեն առաջինը քրիստոնեությունն ընդունած ժողովրդի հավաքական գիտակցության առանցքում: Եթե ժամանակակից պետությունները հրաժարվել են մահապատժից՝ տուրք տալով արեւմտաեվրոպական արժեհամակարգին, ապա հայերիս համար պետության անունից սեփական երկրի քաղաքացիներին մահվան ենթարկելու անթույլատրելիությունը բխում է բազում պատմական արհավիրքներ եւ Մեծ եղեռն վերապրած ազգին բնորոշ եզակի ընկալումներից. մարդկային կյանքի՝ որպես ի վերուստ տրված բացառիկ արժեքի, ազգային պետության՝ որպես հայ մարդու կյանքի անձեռնմխելիության երաշխավորի, թշնամու՝ որպես հային ֆիզիկապես ճնշող կամ ոչնչացնող «թուրքի» (ոչ թե էթնիկական պատկանելության, այլ հայատյաց գործելակերպի իմաստով:
Մեր ժողովուրդը երազել է ազգային պետության մասին ոչ թե իշխանավորների փառամոլությանն ու իշխանատենչությանը հագուրդ տալու համար՝ ամեն գնով թագավոր, նախագահ կամ առաջին տիկին կարգելու սնափառական ցանկություններով դրդված: Հայերը լիահույս էին, որ ազգային պետությունը կերաշխավորի իրենց անվտանգ եւ ապահով գոյությունը հայրենի հողում՝ տեղաշարժվելու, հավաքվելու, միասին իրենց հուզող հարցերն ազատ քննարկելու բնական իրավունքը:
Վերջին ամիսներին մենք ականատես էինք, թե ինչպես ի դերեւ եղան դարերի ընթացքում փայփայած այդ հույսերը, ինչպես մաֆիոզ, խնամիական-բարեկամական կապերով սերտաճած օլիգարխների, կոռուպցիայի մեջ թաղված բարձրաստիճան չինովնիկների եւ նրանց սպասարկող քաղաքական հաճախորդների «կոալիցիոն» ոհմակը ուզուրպացրեց պետական իշխանությունը, ինչպես է այժմ այդ ոհմակը ձգտում ամեն գնով խույս տալ մարտի 1- ի եղեռնագործության համար միջազգային օրենքներով նախատեսված պատասխանատվությունից: Կարծես անտեսելով այն, որ սեփական մեղքի ուրացումը հայերի ազգային աշխարհայացքում դիտվում է որպես «թուրքին» բնորոշ վարքագիծ, իշխող վարչակազմը շարունակում է պնդել, որ Երեւանի փողոցներում ինքնաձիգներից քաղաքացիների վրա կրակող ուժայինների գործողությունները միանգամայն արդարացված էին եւ համարժեք ուժի գործադրման թույլատրելի չափին: Որքան ծանոթ ձեռագիր է. 1915-ին երիտթուրքերը հայերի ջարդերն արդարացնում էին նրանց խուզարկելու եւ զինաթափելու «անհրաժեշտությամբ»: Ճիշտ այնպես, ինչպես դա եղավ սույն թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան՝ Ազատության հրապարակում:
Կա եւս մի դաժան զուգադիպություն: Ղարաբաղյան շարժման եւ սումգայիթյան եղեռնագործության 20-ամյակի օրերին հայ մարդկանց Երեւանի փողոցներում սպանում էին նույն պատճառաբանությամբ, որով հայերին սպանել են 20 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում: Այն ժամանակ Բաղիրովին եւ նրա ձեռնասուն «իրավապահներին» նույնպես դուր չէր եկել «մի խումբ հայ արկածախնդիրների» ջանքերով Ստեփանակերտում հանրահավաքների կազմակերպումը. հենց այդ պատճառաբանությամբ Ադրբեջանի ղեկավարներն արդարացնում էին հայերի ջարդը Սումգայիթում: Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի «ազգային» իշխանություններն այսօր փորձում են իրենց վայրագ գործողությունները մարտի 1-ին Ազատության հրապարակում կամ 1-2-ի գիշերը քաղաքացիների գնդակահարությունները Մաշտոցի եւ Սբ. Գրիգոր Լուսավորչի փողոցներում՝ հիմնավորել Ազատության հրապարակում եւ Մյասնիկյանի արձանի մոտ ընդդիմադիրների ցույցերին վերջ դնելու անհրաժեշտությամբ:
Ճակատագրի հեգնանքով երեւանյան հանրահավաքներն ու ցույցերը դաժանորեն ճնշվեցին հենց այն մարդու կողմից, ով չարտոնված հանրահավաքներ կազմակերպելու միջոցով էր 20 տարի առաջ Ստեփանակերտում սկսել իր հրապարակային քաղաքական գործունեությունը՝ հանդիպելով այն ժամանակ խորհրդային Ադրբեջանի իշխանությունների նույնքան անողոք հակազդեցությանը: Արդյունքում՝ Արցախի ամենակարկառուն առաջնորդը հաշված օրերի ընթացքում հայտնվեց ղարաբաղյան շարժման գաղափարախոսության, իդեալների եւ նվաճումների գերեզմանափորի անփառունակ դերում: Իր հայաստանյան գործունեության ընթացքում Ռոբերտ Քոչարյանն այնպիսի վիհ առաջացրեց միեւնույն ժողովրդի երկու հատվածների միջեւ, որ վերջում խելագարի «տրամաբանությամբ» ստիպված էր մտածել այդ վիհը նորանոր ռեպրեսիվ մեթոդներով՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններով վերացնելու մասին:
Դժբախտ է այն ընտանիքը, որի անդամները վիճահարույց հարցերը ստիպված են լուծել ոչ թե խղճի թելադրանքով, այլ Քրեական օրենսգրքի միջոցով: Նախագահության տասը տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը մեր ազգային օջախում այնպիսի կռիվ գցեց, որ վերջում՝ կարծես ինքն իր արածից սարսափած, խորհուրդ է տալիս Քրեական օրենսգրքում ամրագրել հատուկ հոդված՝ «ղարաբաղցի» հայերին՝ «հայաստանցի» հայերից պաշտպանելու համար: Այդ «պայծառ» միտքը նրա ուղեղում առաջացել է այն ժամանակ, երբ մարդկանց հիշողության մեջ դեռ թարմ են Եռաբլուրում ամփոփված մեր լուսահոգի տղաների կերպարները, նրանց ինքնամոռաց նվիրվածությունն արցախահայության պաշտպանության գործին:
Տասը երկար ու ձիգ տարիներ Հայաստանը ղեկավարելուց հետո Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը այդպես էլ չհասկացան մի պարզ ճշմարտություն. եթե մեր սերնդի նվիրվածությունը Եռաբլուրում ամփոփված սուրբ շիրիմներին ի զորու չլինի հալեցնել իրենց գավառաբարո քաղաքականության պատճառով հայաստանցիների եւ ղարաբաղցիների միջեւ առաջացած սառույցը, ապա դա չի հաջողվի անել ոչ Քրեական օրենսգրքի, ոչ էլեկտրաշոկի ու բանտերը լցնելու, ոչ էլ նույնիսկ հերթական ցուցադրական սպանդի կազմակերպման միջոցով: Այդ ամենը կարող է միայն էլ ավելի բորբոքել համաժողովրդական դիմադրության կրակը՝ դրա թեժությունը հասցնելով ազգային-ազատագրական պայքարի ջերմաստիճանի:
Ռ. Քոչարյանի պաշտոնավարությունից հետո Ս. Սարգսյանը պետք է փորձի սահմանազատվել նախկին նախագահի տասնամյա կառավարման մեթոդներից: Դրա համար անհրաժեշտ է անհապաղ ազատել բոլոր քաղբանտարկյալներին, իրականացնել մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների անկախ միջազգային հետաքննություն, ապահովել էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից բոլոր՝ նաեւ ընդդիմադիր տեսակետների եւ դիրքորոշումների լուսաբանում, ինչպես նաեւ շուտափույթ վերականգնել երկրում հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու սահմանադրական իրավունքից ազատ օգտվելու կարգը: Իրական ընդդիմության հետ արդյունավետ եւ ազգօգուտ երկխոսությունը հնարավոր է միայն երկրում մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորող՝ ժողովրդավարական մթնոլորտի ձեւավորման դեպքում:
Բռնաբարվածի եւ բռնաբարողի երկխոսությունը միայն էլ ավելի կխորացնի հասարակության դժգոհությունը, կբերի նոր տարերային՝ նաեւ ընդդիմության կողմից անկառավարելի ալեկոծումների։ Այդպես եղավ մարտի 1-ի ողբերգական դեպքերի նախօրեին, երբ Արթուր Բաղդասարյանի հայտնվելը Սերժ Սարգսյանի կրնկի տակ՝ ոչ միայն չնպաստեց քաղաքական ջերմաստիճանի նվազեցմանը, այլեւ՝ ընդհակառակը, ընդդիմադիր ընտրազանգվածին հաղորդեց լրացուցիչ գրգիռներ: Այս դեպքը կարող է դիտվել որպես սեփական ընտրողների հաշվին եւ նրանց թիկունքում իրականացված գործարքի դասական օրինակ։ Այդ կարգի գործարքները հեռու են քաղաքական երկխոսության բուն նպատակից եւ, ի վերջո, կողմերին հանգեցնում են բացասական արդյունքի:
Մենք առաջարկում ենք արդյունավետ եւ ազգօգուտ քաղաքական երկխոսություն, որի հիմքում կողմերը պետք է դնեն ոչ միայն սեփական դեմքի պահպանման միանգամայն արդարացի շահագրգռությունները, այլ առաջին հերթին ժողովրդին հարգելու, մարդկանց սպասումներն ու հույսերն արդարացնելու պատրաստակամությունը: Ցանկացած «զուռնա-դհոլային» գործարք, մարդկանց «ֆռռացնելու» ցանկացած փորձ նորից կբերի աղետալի զարգացումների, կխորացնի ժողովրդի անվստահությունն ու ատելությունը «խարդախ» իշխանությունների եւ «ծախու» քաղաքական վերնախավի նկատմամբ: Նման համատարած անվստահության մթնոլորտում, որն այսօր ձեւավորվել է Հայաստանում, իշխանությունները պետք է ոչ պակաս շահագրգռված լինեն կազմակերպված, ազդեցիկ, բողոքավոր ընտրազանգվածի իղձերին հավատարիմ՝ հայաստանակենտրոն ընդդիմության առկայությամբ, քան ինքը՝ ընդդիմությունը: Միայն այդպիսի՝ իրական, հետեւողական եւ սկզբունքային ընդդիմության հետ երկխոսությունն է ի զորու բավարարել հասարակության սպասումները՝ հանգուցալուծելով պայթյունավտանգ քաղաքական ճգնաժամը:
Մենք պատրաստակամ ենք մեր մասնագիտական կարողություններով նպաստել այդպիսի երկխոսության ծավալմանը եւ հորդորում ենք իշխանություններին՝ շուտափույթ ձեւավորել դրա համար անհրաժեշտ նախապայմաններ: