Համոզված են կազմակերպությանն անդամակցող՝ եղեռն տեսած ազգերի ներկայացուցիչները
«Հայացք» ակումբի երեկվա հյուրերն էին Նահատակ ազգերի միջազգային դաշինքի հիմնադիր, համանախագահ, «Հայոց հաղթական ուղի» հ/կ-ի ղեկավար Ավետիս Քալաջյանը, Երեւանի «Բոնցո» հունական կազմակերպության նախագահ Ֆրունտիկ Նիկոլայիթին եւ Ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Կասպարյանը: Թեման՝ Նահատակ ազգերի վերջերս ստեղծված դաշինքն էր:
Ա. Քալաջյանի փոխանցմամբ, 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբներին եղեռն տեսած ժողովուրդները՝ հայերը, ասորիները, հույները, եզդիները, քրդերը եւ այլք, պետք է միավորվեն ու հասնեն ցեղասպանության ճանաչմանը: Նա նաեւ նշեց, որ դաշինքի ստեղծման նպատակը նահատակ ազգերի միջեւ բարեկամական կապերի ամրապնդումն է: «Դաշինքի նպատակը նաեւ ժողովրդական դիվանագիտության շնորհիվ պայքարը շարունակելն է, որպեսզի մեր ցեղասպանությունը ոչ միայն ճանաչվի ու ընդունվի, այլեւ հատուցվի թրքական պետության կողմից»,- ասաց Քալաջյանը: Նա հույս ունի, որ իրենց կմիանան այլ ազգերի ներկայացուցիչներ: Բանախոսը հայտնեց, որ ծրագրել են մի շարք ակցիաներ, որոնք կմեկնարկեն մայիսին: Դաշինքի հիմնադիրը տեղեկացրեց, որ իրենց ծրագրերի մեջ մտնում է նաեւ թուրքական ապրանքատեսակների ու Թուրքիայի զբոսաշրջային վայրերի, նույնիսկ՝ Արեւմտյան Հայաստանի, բոյկոտը. «Արեւմտյան Հայաստան այցելելով՝ մենք կտխրենք: Կարծում եմ, Արեւմտյան Հայաստանն ավելի ուրախ կլինի, եթե այցելենք այնտեղ ոչ թե իբրեւ տուրիստներ, այլ՝ ազատագրիչներ: Թե չէ՝ գնում ենք իբրեւ տուրիստ ու տեսնում մեր քանդված եկեղեցիները, որոնց վրա անգամ խաչեր չկան, մի մասն էլ վերածվել է մզկիթների: Նահատակ ազգերն են կառուցել Թուրքիան ու այժմ էլ գնելով նրանց ապրանքները, քաջալերում ու ամրապնդում ենք այդ երկիրը: Նրանք մեզանից խելացի են, որովհետեւ դեռ 1913 թվին իրենց ժողովրդին կոչ էին անում չհամագործակցել հայ եւ հույն առեւտրականների հետ, անվանելով թշնամիներ: Մենք, ցավոք, շարունակում ենք գնել թուրքական ապրանքներ, գնում Անթալիա հանգստանալու… Երիտասարդներին կոչ եմ անում գնալ ոչ թե Թուրքիա, այլ Կիպրոս, Աթենք, Մոսկվա, Քոբուլետի…»: Ա. Քալաջյանը փաստեց, որ Թուրքիայի հետ երկխոսությունները դեռեւս ոչ մի արդյունք չեն տվել. «1990 թվից Թուրքիայի հանդեպ զիջողական քաղաքականություն ենք վարում, այն հույսով, որ սահմաններ կբացվեն, բարիդրացիական հարաբերություններ կստեղծվեն: Արդեն 18 տարի է անցել, եւ մենք համոզվել ենք, որ թուրքերը մեզ Ձմեռ պապի չեն ուղարկելու, որ սահմանները բացեն… Այժմ Անկարայի ռազմատեխնիկական գործարանները օրական 24 ժամ աշխատում են: Փաստեր կան, որ Թուրքիան պատրաստվում է ռազմարշավի…»:
Ֆրունտիկ Նիկոլայիթիի խոսքերով էլ՝ աշխարհում քչերը գիտեն, որ թուրքերը կոտորել են հույներին. «Երբ պատմություն ես կարդում, շատ ցավալի փաստերի ես հանդիպում՝ հույների հետ կապված: Ինչքան հնարավոր է՝ պետք է բոլորին տեղեկացնենք կատարվածի մասին: Կարծում եմ՝ Նահատակ ազգերի միջազգային դաշինքի ստեղծումն այնքան էլ ուշացած չէ, որ հասնենք մեր ուզածին»: