Ռեպորտաժ տարեկան ընդհանուր ժողովից
Հայաստանի ամերիկյան համալսարանի նիստերի դահլիճում ապրիլի 19-ին տեղի ունեցած ՀՀ փաստաբանների պալատի տարեկան ընդհանուր ժողովին մասնակցեց 374 փաստաբան: Լսվեց ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի հաշվետվությունը անցած մեկ տարվա համար: Այն ներկայացրեց պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը: Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Միշա Փիլիպոսյանն էլ ներկայացրեց իրենց գրասենյակի մեկամյա գործունեությունը: Ընտրվեց պալատի որակավորման հանձնաժողով, ընդունվեց Եվրոպայի փաստաբանների միությունների եւ իրավական համայնքների խորհրդին՝ CCBE-ին անդամակցելու առաջարկը եւ վերջինիս էթիկայի կանոնադրությունը:
Նշենք, որ փաստաբանների ընդհանուր ժողովին հրավիրվել էին դատական, դատախազական, արդարադատության համակարգի ներկայացուցիչները, սակայն նրանցից որեւէ մեկը չէր ներկայացել: Պատճառը, հավանաբար, նույն օրը, նույն ժամին մեկ այլ վայրում տեղի ունեցող դատավորների ընդհանուր ժողովն էր, որի մասին տեղյակ չէին փաստաբանները:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն էլ խոստացավ բացակաների «հետեւից չխոսել», չնայած իր հաշվետվության ընթացքում հիշատակեց իրավագիտության դոկտոր, վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանին, հայտարարելով, թե «նա իր օրենքն է գրում, դատավճիռն ուզում է օրենք դարձնել»:
Ըստ փաստաբանների պալատի նախագահի, աճել է պալատի աշխատակազմը. ներկայումս այնտեղ աշխատում է 15 փաստաբան: Պալատն ունի 13 համակարգիչ, վերանորոգվել է պալատի դահլիճը: Մայիսի 10-ին Լոնդոնի փաստաբանների հետ անցկացվելու է առաջին միացյալ հեռուստակամուրջը: Միայն անցյալ տարի, ըստ Ռ. Սահակյանի, անցկացվել է 150 սեմինար:
Ռ. Սահակյանը չանդրադարձավ փաստաբանների արտոնագրերի կասեցման խնդրին: Պատճառը, ըստ երեւույթին, տոնական տրամադրությունն էր. պատվոգրեր եւ ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամի կրծքանշաններ հանձնվեցին 15 եւ ավելի տարվա ստաժ ունեցողներին: Աննա Մկրտչյանը, օրինակ, ուներ 55 տարվա փաստաբանական գործունեության ստաժ, դատական համակարգի «հոգեառը»՝ Ռուբեն Ռշտունին, 30 եւ ավելի տարիների, Վանյա Սուքիասյանը՝ 40 տարվա, Ջուլիետա Հարությունյանը՝ մոտ 30:
2005-2007թթ. կասեցվել է 42 փաստաբանի գործունեություն: Վերականգնվել է 6-ը: Հեռացվել են Լ. Չարխիֆալակյանը, Արմեն Ճուղուրյանը: 10 անգամ դիմում-բողոքների հիման վրա հարուցվել է կարգապահական վարույթ Վարդան Զուռնաչյանի, Սուսաննա Մարգարյանի, Կրոմվել Գրիգորյանի, Սերգեյ Հովհաննիսյանի, Արտակ Բաբախանյանի, Հենրիկ Մաղաքյանի, Սոս Գրիգորյանի եւ Հրաչիկ Իսաջանյանի («Պապի» մականունով) նկատմամբ: Խիստ նկատողություն է ստացել Աշոտ Աթոյանը (ներկայումս հետախուզվում է, փախուստի մեջ է), 100 000 դրամի տույժի է ենթարկվել Հրաչիկ Իսաջանյանը: Ի դեպ, մարտի 26-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում լսվեց Հ. Իսաջանյանի բողոքը՝ ընդդեմ պալատի: Նա խնդրում էր իր դեմ կիրառված կարգապահական տույժը՝ 100 000 դրամը, փոխարինել խիստ նկատողությամբ: Դատարանը մերժեց փաստաբանին:
5 անգամ վարույթի հարուցումը մերժվել է Կրոմվել Գրիգորյանի, Զարուհի Փոստանջյանի, Հովիկ Արսենյանի, Գեւորգ Մելքոնյանի եւ Վարդան Սաֆարյանի նկատմամբ:
ՀՀ փաստաբանների պալատում հավատարմագրված է 4 օտարերկրացի, պալատի գործընկերներն են՝ USAID-ն, ABA-ն, Բաց հասարակական ինստիտուտը, ԵԱՀԿ-ն, Եվրախորհուրդը, Եվրամիությունը, JTZ-ի հայաստանյան գրասենյակը, Անգլիայի դեսպանատունը, ՄԱԿ-ի հայաստանյան կառույցը, CCBE-ն: Պալատն ունի պաշտոնական ինտերնետային կայքէջ՝ www.pastaban.am: Պալատի ռազմավարական խնդիրների մեջ է մտնում «Փաստաբան» ամսագրի՝ սեփական ուժերով հրատարակելը:
Ամենամյա ժողովին մասնակցում էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որի դիտարկմամբ՝ փաստաբանների ներկայիս գործունեությունը որակյալ է: Ըստ ՍԴ նախագահի, կան մի շարք լուրջ խնդիրներ, մասնավորապես՝ օրենսդրական դաշտի հետ կապված: «Շաբաթը մեկ, առանց որեւէ կոնցեպցիայի, օրենք է փոխվում: Ստիպված էինք ԱԺ-ի առաջ հարց բարձրացնել»,- ասաց ՍԴ նախագահը, որը փաստաբանների սիրտը շահեց նրանով, որ դատավորների ժողովի փոխարեն նախընտրել էր իրենցը: Ի դեպ, ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամի կրծքանշանն առաջինը ստացավ ՍԴ նախագահը:
Մինչ ընթանում էր ժողովը, «Առավոտին» դահլիճից տրամադրվեց շրջանառության մեջ դրված ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի ընտրվելիք անդամների (6-ի) ցուցակը: Նախապես կազմված ցուցակի անուններից որեւէ շեղում չեղավ: Առաջադրվածներն անցան: Փաստաբանները «ժողովրդավարության» ուրույն օրինակ ծառայեցին: